Մատչելիության հղումներ

Այլ ուժերի հետ համագործակցության մասին՝ միայն արդյունքների ամփոփումից հետո


Երևանի ավագանու ընտրությունները, 17-ը սեպտեմբերի, 2023թ.
Երևանի ավագանու ընտրությունները, 17-ը սեպտեմբերի, 2023թ.

Այլ ուժերի հետ համագործակցությունից կարելի է խոսել միայն արդյունքների ամփոփումից հետո, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի առաջին համարները հիմնականում այսպես էին պատասխանում հնարավոր կոալիցիաների մասին հարցերին։

Տիգրան Ավինյանն ընտրատեղամասում, 17-ը սեպտեմբերի, 2023թ.
Տիգրան Ավինյանն ընտրատեղամասում, 17-ը սեպտեմբերի, 2023թ.

Առաջին հերթին պետք է լսել երևանցիների՛ ձայնը, քվեարկությունից հետո հայտարարեց իշխանական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը:

«Նախ և առաջ, առաջին հերթին պետք է լսել, թե երևանցիները այսօր ինչ են ասում և արձանագրել այն արդյունքները, որոնք որ երևանցիները ընտրությունների միջոցով կգրանցեն: Դրանից հետո արդեն, ես կարծում եմ, կարելի է խոսել համագործակցության մասին», - ասաց Ավինյանը լրագրողների հետ զրույցում:

Արդեն մեկ տարի Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում աշխատող Տիգրան Ավինյանը քարոզարշավի ամբողջ ընթացքում հիմնականում երևանյան խնդիրների մասին էր խոսում՝ բակեր, մանկապարտեզներ, տրանսպորտ և այլն, սակայն վերջին օրերին ավագանու ընտրությունները իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը հենց անվտանգային հարցերի հետ էր կապում։

«Ես հիմնականում խոսել եմ Երևանի խնդիրներից, որովհետև ես վստահ եմ, որ, առաջին հերթին, այս ընտրությունների կոնտեքստում երևանցիներին հետաքրքրում են այն հարցերը, որոնք որ կապված են Երևան քաղաքի հետ, մեր երեխաների հետ, մեր բակերի հետ, մեր մանկապարտեզների, դպրոցների հետ», - նշեց Ավինյանը:

Մինչ ընտրական գործընթացի մեկնարկն էր իշխանությունների թեկնածուն սկանդալի կենտրոնում հայտնվել։ Հուլիսին աղմկահարույց ձայնագրությունը հրապարակվեց, որտեղ մարզերից համայնքապետերը խոստանում էին Ավինյանի համար ձայներ ապահովել։ Քարոզարշավի ընթացքում էլ նախ տեղեկություն տարածվեց, թե Ավինյանի երթերին մասնակցելու համար գումար է բաժանվել, որին էլ հաջորդեց մեկ այլ աղմակահարույց տեսագրություն. այս դեպքում էլ համայնքային հիմնարկների աշխատողներն ասում էին՝ թե կոլեկտիվից քանիսն են ներկայացել փոխքաղաքապետի հանրահավաքին։ Նրա վերջին երթի ընթացքում էլ նկատվեցին մարզերի բազմաթիվ բնակիչներ։

Չնայած այս ամենին, Տիգրան Ավինյանը պնդում է՝ շատ մեղադրանքներ անհիմն են. - «Անընդհատ խոսում են վարչական ռեսուրսի կիրառումից, եկեք 2017 թվականի ընտրությունների մասնակցության արդյունքները նայենք և այս տարվա մասնակցության արդյունքները նայենք: Եթե մենք իրականում վարչական ռեսուրս կիրառեինք, ձեր կարծիքով, ժամը 11-ի դրությամբ մենք 5,78 տոկոսի փոխարեն 12 տոկոս չէինք ունենա՞: Իհարկե կունենայինք»:

Քաղաքապետի պաշտոնից 2021-ին իշխող ուժի կողմից հեռացված

Հայկ Մարությանը քարոզարշավի ժամանակ, սեպտեմբեր, 2023թ.
Հայկ Մարությանը քարոզարշավի ժամանակ, սեպտեմբեր, 2023թ.

Հայկ Մարությանը, որին «Ազգային առաջընթաց» կուսակցությունն է առաջադրել, վստահեցնում է՝ հնարավոր համագործակցության շուրջ որևէ քննարկում մինչ այս պահը չեն ունեցել։

«Այդ քննարկումները չեն եղել: Մենք այդ տարբերակները չենք քննարկում, որովհետև համոզմունք ունենք, որ տեղի է ունենալու այն, ինչի մասին խոսվել է՝ մենք պետք է հավաքենք 50 պլյուս [տոկոս]», - ասաց նախկին քաղաքապետը:

Մարությանը հայտարարեց՝ անկախ արդյունքներից, շարունակելու է քաղաքական գործունեությունը. - «Ես այս ընտրություններով չեմ սկսել քաղաքականության մեջ լինելը, ոչ էլ սրանով ավարտելու եմ»:

Ավագանու ընտրություններին մասնակցող 14 ուժերից մի քանիսը ընտրությունների միջոցով երկրում իշխանություններին հեռացնելու հնարավորություն են տեսնում։ «Քվեարկել եմ հանուն իշխանափոխության»,- հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության առաջին համար Մանե Թանդիլյանը:

Մանե Թանդիլյանն ընտրատեղամասում, 17-ը սեպտեմբերի, 2023թ.
Մանե Թանդիլյանն ընտրատեղամասում, 17-ը սեպտեմբերի, 2023թ.

«Ես քվեարկել եմ հանուն ինքնիշխանության, հետևաբար՝ հանուն իշխանափոխության, և մանկապարտեզները չեն կարող հաղթել Արցախի հարցին: Եվ չեն կարող աշխարհաքաղաքական և արտաքին քաղաքական իրենց ձախողումները տեսանելի չլինեն մանկապարտեզների ֆոնին», - ասաց Թանդիլյանը:

Ընտրություններին իշխանափոխության հասնելու օրակարգով է մասնակցում նաև «Մայր Հայաստան» դաշինքը։ Դաշինքի առաջին համար, նախկին ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանն ասաց՝ պատրաստ են համագործակցել իշխանություններին հեռացնելու ծրագիր ունեցող ցանկացած ուժի հետ։

Անդրանիկ Թևանյանը քարոզարշավի ժամանակ, սեպտեմբեր, 2023թ.
Անդրանիկ Թևանյանը քարոզարշավի ժամանակ, սեպտեմբեր, 2023թ.

«Մենք արդեն ասել ենք սկզբունքները՝ ում հետ կարող ենք համագործակցել. նրանք, ովքեր ՔՊ-ի հետ չեն լինի, նրանք, ովքեր գնահատական կտան ՔՊ-ին և Նիկոլ Փաշինյանին, և նրանք, ովքեր պատրաստ կլինեն ամբողջական իշխանափոխության ծրագրին», - հայտարարեց Թևանյանը:

Կենտրոնի նախկին թաղապետ, «Հաղթանակ» կուսակցության առաջին համար Վիկտոր Մնացականյանն էլ հայտարարեց՝ բացի իշխող ուժից, պատրաստ է համագործակցել բոլորի հետ:

Վիկտոր Մնացականյան, արխիվ
Վիկտոր Մնացականյան, արխիվ

«Ոնց որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է Ղափանում, Գորիսում, Մեղրիում, Նոյեմբերյանում, Ալավերդիում, տարբեր տեղեր, նաև՝ Գյումրիում և Վանաձորում, նույն ձև այսօր երևանցին կասի իր վերջնական խոսքը», - հայտարարեց Մնացականյանը:

Մի քանի թեկնածուներ ասացին՝ խախտումների վերաբերյալ օրվա ընթացքում ահազանգեր ստացել են, ավելի ուշ կամփոփեն դրանք ու կհրապարակեն։

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG