«Վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառում է, իշխանության հուսահատության ճիչերն են», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Քարոզարշավի վերջին օրերն են, Դուք էլի կանեի՞ք պնդում, որ կա հաղթելու հնարավորություն:
Թանդիլյան. - Այո, Իհարկե, ավելի համոզված եմ, որ այսօրվա իշխանությունն արդեն չունի որևէ միջոց այլևս հավաքելու որևէ ձայն ու այն հուսահատության ճիչերը, որ իրենց կողմից նկատում ենք տարբեր գործողությունների միջոցով ու բացի դա նաև մեր հարցումները ցույց են տալիս, որ այդ հնարավորությունները բավականին բարձր են՝ և՛ հաղթանակ գրանցելու, և՛ իշխանազրկելու ՔՊ-ին Երևանում: 3-4 ուժ է անցնելու լավագույն դեպքում, և այդ ուժերի մեջ մենք ոչ միայն լինելու ենք, այլև լուրջ արդյունքներ ենք գրանցելու, և դա մեզ հնարավորություն է տալու կազմել կառավարություն Երևանի:
«Ազատություն». - Գուցե դա լինի հետընտրական դաշինքի ձևով, Դուք արդեն բացառել եք «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիան, իսկ ո՞ւմ հետ չեք բացառում:
Թանդիլյան. - Չենք բացառում նրանց հետո, ում համար նույնպես կարմիր գիծ է «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունը, բայց մենք նաև բացառում ենք նախկին բարքերի վերադարձը, և, հետևաբար, այո, այդ ուժերի հետ մենք տեսնում ենք հնարավոր համագործակցություն:
«Ազատություն». - Հայկ Մարությանն այդ շարքո՞ւմ է:
Թանդիլյան. - Այո:
«Ազատություն». - Տիկին Թանդիլյան, իսկ դիտարկո՞ւմ եք սցենար միավորելով ձայները, այսինքն, օրինակ, նույն Մարությանի շուրջ կոնսոլիդացիա ձևավորել և այդպես վերցնել քաղաքային իշխանությունը:
Թանդիլյան. - Մենք պիտի տեսնենք արդյունքները, երևանցին ինչպես որ կքվեարկի, սա կլինի մեզ համար կողմնորոշիչ, և ամեն ձևաչափ պատկերացնելի է:
«Ազատություն». - Վարչական ռեսուրսի մասին «Քաղաքացիական պայմանագիրն» ասում է՝ եթե կա նման բան, մասնավորապես, մարդկանց իրենց կամքին հակառակ հավաքներին տանելը, իրավապահները կարող են զբաղվել, իրենք՝ հավաքի մասնակիցները կարող են դիմել, ամեն ինչ կամավոր է:
Թանդիլյան. - Մենք էս հեքիաթներն անցել ենք մինչև 18 թվականը, երբ նախկին իշխանություններն էին ճիշտ նույն ձեռագրով վարչական ռեսուրս օգտագործում և այսօրվա իշխանությունները ինչպես էին դրա վերաբերում: Քաղաքապետարանի վերահսկողության տակ գտնվող հիմնարկներից են հենց այդ մարդիկ, ինչպե՞ս է դա ստացվում, էդ ինչի՞ ուրիշ տեղերից չեն գնում՝ բանկի աշխատողները, ծրագրավորողները:
«Ազատություն». - Ինչո՞ւ Ձեր զավակները Հայաստանում չեն, արդյոք նրանք բանակից են խուսափում:
Թանդիլյան. - Իմ երեխաներն, իհարկե, կրթություն կստանան, կվերադառնան և պիտանի մարդ կլինեն այսօրվա մեր երկրին:
«Ազատություն». - Քանի՞ տարեկան են:
Թանդիլյան. - Թույլ տվեք ես մանրամասների մեջ չմտնեմ, որովհետև ես համարում եմ, իմ ընտանիքի անդամներն իրավունք ունեն անձնական կյանք ունենալ:
«Ազատություն». - Դեռ զորակոչի տարիքում չե՞ն:
Թանդիլյան. - Մեկը՝ այո, մեկը՝ ոչ: Ես այդ մարդկանց հորդորում եմ ճշտել՝ Տիգրան Ավինյանը ծառայե՞լ է բանակում, ի՞նչ պատճառով չի ծառայել:
«Ազատություն». - Գուցե այդ հարցադրումը լեգիտիմ է այն իմաստով, տիկին Թանդիլյան, որ Դուք խոսում եք հետագա պայքարի մասին, չհանձնվելու մասին, բայց ձեր զավակները այդ շարքերում չեն լինելու:
Թանդիլյան. - Իսկ ո՞վ է ասել՝ չեն լինելու: Պիտանի մարդ դառնալով անպայման վերադառնալու են և իրենց պարտքը վճարեն իրենց երկրին:
«Ազատություն». - Բանակում ծառայելով:
Թանդիլյան. - Ակնհայտորեն:
«Ազատություն». - Տիկին Թանդիլյան, նրանք Հայաստանի քաղաքացի՞ են:
Թանդիլյան. - Այո:
«Ազատություն». - Հաջորդը՝ Թաթարստան, որ մի քանի թեկնածուներից անընդհատ Ձեզ հեգնելու համար ասվել է:
Թանդիլյան. - Ես լսեցի՝ Ձեզ հեգնելու համար, դա ընդամենը այդ համատեքստում է, անբովանդակ:
«Ազատություն». - Նրանք նկատի ունեն Ռուբեն Վարդանյանի հայտնի արտահայտությունը, որ պետք է նաև պատրաստ լինել այդ սցենարին:
Թանդիլյան. - Ես հիշում եմ ձեր հարցազրույցը Ռուբեն Վարդանյանի հետ, նա շատ ճիշտ պատասխանեց դրան, որ դա ընդամենը հակաքարոզչություն է, որոշ իրենց արևմտամետ դիրքավորած ուժերի կողմից ձևակերպում է կոնտեքստից կտրած հարցազրույցի, և դա ոչ միայն անհեթեթ է, այլ դա ասողն իր մակարդակի մասին է խոսում միայն:
«Ազատություն». - Դուք տեսնո՞ւմ եք Հայաստանը միութենական պետության կազմում:
Թանդիլյան. - Ոչ, և մենք դրան հստակ պատասխան ենք տվել:
«Ազատություն». - Չեք քննադատում կամ լավ չեք քննադատում Ռուսաստանին, ահա նրանք բանը բերել հասցրել են Լաչինում անցակետին, ադրբեջանական զորքերը Ջերմուկի մատույցներում են, ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը չեն միջամտել, բայց «Ապրելու երկիր» կուսակցությունը դեռ չի քննարկում:
Թանդիլյան. - Դուք լավ չեք հետևել, բայց մենք միշտ արձագանքել ենք: Ես արձագանքել եմ ամեն անգամ, երբ որ նման սրացում կամ նման անպատասխանատու վիճակում ենք հայտնվել: Այո, մեզ համար ընդունելի չէ, որ նաև Ռուսաստանի անգործության հետևանքով որոշ գործողություններ տեղի ունեցան ի վնաս մեզ, բայց այդ դեպքում ուրիշ հարց է առաջանում՝ եթե վաղը ռուսական խաղաղապահ զորքերը դուրս գան էնտեղից, ի՞նչ է կատարվելու Արցախի ժողովրդի հետ: Էդ հարցը մարդիկ տալի՞ս են, մենք տալիս ենք:
«Ազատություն». - Դու չե՞ք տեսնում այլընտրանք ռուսական զորքերին:
Թանդիլյան. - Ես ուզում եմ տեսնել, իմանալ՝ որտե՞ղ են նրանք՝ այլընտրանքը, և թող մեկը երաշխավորի, որ նրանց դուրս գալուց մեկ օր առաջ այլ խաղաղապահներ այնտեղ կմտնեն: Նման երաշխիք չկա: