Մատչելիության հղումներ

Վարչապետը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մասնակցում են իշխող ուժի երթին ու հանրահավաքին


«Քաղաքացիական պայմանագիրը» քարոզարշավի վերջին օրը երթ է անցկացնում։ Նրանք «Էրեբունի» թանգարանի հարակից տարածքից երթով շարժվում են դեպի քաղաքապետարանի հարակից տարածք, որտեղ տեղի է ունենալու ամփոփիչ հանրահավաքը։

Երթին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այստեղ են նաև կառավարության անդամներ, «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ, նաև անդամներ չհանդիսացող բարձրաստիճան պաշտոնյաներ։ «Ազատությունը» հետաքրքրվեց, թե ինչու են նրանք մասնակցում երթին, նշեցին, որ ցանկանում են սատարել իրենց քաղաքական թիմին, համարում են, որ այս ընտրությունը և՛ Երևան քաղաքի խնդիրների և հարցերի մասին է, և ՏԻՄ ընտրություն է, ինչպես նաև քաղաքական ընտրություն է։

«Միացել եմ, որպեսզի քաղաքացիներից խնդրենք մանդատ մեզ տալ, որպեսզի շարունակենք այն բոլոր բարեփոխումները, որոնք 2018 թվականից սկսած մեր քաղաքական թիմը կատարում է», - ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Արձագանքելով ընդդիմադիր ուժերից հնչող հայտարարություններին, որ քաղաքացիները պետք է այս ընտրություններով իրենց կամքը հայտնեն նաև Արցախի հարցով, որ իշխանությունները ամբողջ գործընթացը դեպի կործանում են տարել, ԱԽ քարտուղարն ասաց. - «Ընդամենը 2021 թվականին բոլոր հարցերի վերաբերյալ քվեարկություն է եղել, նկատի ունեմ 2021թ. ԱԺ ընտրությունները, և միանշանակ է, որ հանրությունը հենց այդ քննարկման ժամանակ է բոլոր այդ հարցերի պատասխանը տվել։ Նման քննարկման հաջորդ փուլը կլինի 2026 թվականին»։

Երթի ընթացքում քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը ողջունեց մարդկանց, նշեց, որ այս ընտրությունները ոչ միայն այն մասին են, թե ինչ բակերում են ապագայում խաղալու երեխաները, այլև այն մասին, թե ինչ քաղաքական ընտրություն են կատարում երևանցիները։

Երթի մասնակիցների հետ ևս «Ազատությունը» զրուցել է՝ հասկանալու՝ ովքեր են, ինչու են եկել՝ հաշվի առնելով դիտորդների բարձրաձայնած մտահոգությունները, որ մարզերից հնարավոր է մասնակիցներ լինեն։ Հանդիպեցին մարդիկ, ովքեր նշեցին, որ Երևանի բնակիչ չեն, եկել են մարզերից, բայց նաև հայտարարեցին, որ ՔՊ-ի անդամ են, եկել են՝ աջակցելու իրենց քաղաքական թիմին։ Երթին տարբեր վարչական շրջաններից միացած տղամարդիկ ևս հայտարարում էին, որ սատարում են ՔՊ-ին, որ մասնավոր ոլորտի աշխատող են։

XS
SM
MD
LG