Քարզարշավի վերջին օրը՝ ընտրություններից երկու օր առաջ, դրանց ընթացքը դիտարկող «Անկախ դիտորդ» դաշինքն ահազանգեր է ստացել, թե պետական աշխատողներն ավտոբուսներով բերվելու են իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանի հանրահավաքին։
«Մեր համար մի քիչ անսպասելի էր, որ վարչական ռեսուրսի չարաշահման այսպիսի ծավալներ կտեսնենք: Շատերը դիմում են, այդ թվում նաև այսօրվա հանրահավաքի հետ կապված մենք ունենք ոչ միայն անանուն ահազանգեր, մենք ունենք շատ հստակ անուններով ահազանգեր, ընդ որում, բարեբախտաբար, նաև մարդկանցից, որոնք ոնց որ թե պատրաստ են, որ իրենց անունը հրապարակվի, պատրաստ են խոսել: Ամեն դեպքում այդ անձանց տված ինֆորմացիան մենք դեռևս պետք է ստուգենք», - նշեց «Անկախ դիտորդ»-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Իոաննիսյանն ասում է՝ քարոզարշավի 25 օրերի ընթացքում արձանագրել են, որ Տիգրան Ավինյանի հանրահավաքներին վարչական շրջաններում մեծ թվով պետական աշխատողներ են եղել։ Դա նաև, ասաց, իրենց դիտորդներն են արձանագրել:
«Մեր դիտորդի ներկայությամբ 19-րդ պոլիկլինիկայի երկու տարեց աշխատողներ իրեր մեջ քննարկում են ու ասում են՝ տենաս տնօրենը մեզ կթողնի՞ մենք մի ժամ շուտ դուրս գանք, մենք տարեց ենք: Կամ երբ որ 133 դպրոցի տնօրինությունն իրար մեջ քննարկում են, ասում են՝ ո՞ւր է անձնակազմը, անձնակազմը չկա, մեր վրա խոսակցություն է գալու: Սա հասկանում եք, չէ՞, որ երևույթների մասին է խոսում», - ասաց նա:
Քարոզարշավի վերջին օրը՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը հանդիպել է Պոլիտեխնիկի ուսանողներին։ Իշխող ուժի շտաբից, պնդում են՝ Ավինյանը մասնակցել է ոչ թե որպես թեկնածու, այլ՝ խորհրդի նախագահ. ընտրվել է դեռ անցած տարի։ «Այցը համալսարան, կապ չունի քարոզարշավի հետ», - պնդում են իշխանականները։
Ավինյանի հետ հանդիպած ուսանողներից ոմանք ասացին, իրենց ոչ ոք չի ստիպել հանդիպմանը մասնակցել, մի քանիսն էլ պատմեցին՝ դեկանատից են հորդորել մասնակցել այդ հանդիպմանը՝ խոստանալով, դասերից բացակայելը հարգելի համարել։
«Անկախ Դիտորդ»-ը 4 դիմում է ուղարկել իրավապահների
Այս ընթացքում «Անկախ Դիտորդ» դաշինքը, որի անդամ է նաև Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորում» -ը, 4 դիմում է ուղարկել իրավապահներին, դրանցից երկուսը վերաբերում են իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառմանը, երկուսն էլ՝ ընդդիմադիր ուժերին:
«Երկուսը վերաբերում են «Քաղաքացիական պայմանագրի» հավաքներին, վարչական ռեսուրսի չարաշահմամբ մարդկանց բերելու դեպքերին, «Ուժը հայրենյաց»-ի դեպքում դա հանդիսացել է խոստում, կարծեմ, ինչ-որ եկեղեցի վերանորոգելու, որը ևս բարեգործության արգելքի տակ է ընկնում՝ թե՛ Ընտրական, թե՛ Քրեական օրենսգրքով արգելված արարք է: «Մայր Հայաստանի» կողմից թատրոնի տոմսերի բաժանում, որը կրկին ընկնում է այդ արգելքի տակ», - ասաց Իոաննիսյանը:
Գլխավոր դատախազությունից տեղեկացրին՝ քրեական գործ է հարուցվել իշխանության հավաքին 1000 դրամով մարդ հավաքագրելու վերաբերյալ դիմումի հիմքով։ Այդպիսի բովանդակությամբ երկխոսության լուսանկարներ էին տարածվել համացանցում, «Ուժը հայրենյաց» կուսակցության կողմից եկեղեցի կառուցելու խոստման վերաբերյալ դիմումով վարույթ չի նախաձեռնվել։
Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Չախոյանի տարածած տեսանյութը դատախազությունն ուղարկել է ոստիկանություն՝ ստուգման։ Տեսանյութում, վարչական շրջաններից մեկում, Ավինյանի հանրահավաքին ներկա դպրոց-մանկապարտեզների աշխատակցի ներկայացող կանայք հերթով նշում էի, թե որ կոլեկտիվից քանի հոգով են ներկա։
«Ականատես» դիտորդական խումբն էլ այսօր հայտարարել է, որ «Ապրելու երկիրն» է նվեր քարտեր բաժանել, դատախազությունն այս մասով հաղորդում է ստացել ու փոխանցել Հակակոռուպցիոն կոմիտե՝ կրկին ստուգման:
«Քաղաքացիական պայմանագիրն» այս 25 օրերի ընթացքում չի ընդունել ոչ մի մեղադրանք, թե իրենց թեկնածուի օգտին՝ վարչական ռեսուրսի կիրառմամբ, հանրահավաքին մարդիկ են տարվել, 1000 դրամով մարդիկ են ներգրավվել քարոզարշավին մասնակցելու համար և այլն։ ՔՊ շտաբից պնդել են՝ այդ մարդիկ կամավորներ են, իսկ տարածված տեղեկությունները կեղծ են ու իրենց վարկաբեկելու համար են արվում։
Վարչապետ Փաշինյանն էլ օրեր առաջ խորհրդարանում հայտարարեց՝ ներում-բեկում չի լինելու այն պաշտոնյայի նկատմամբ, որը, վարչական ռեսուրսի կիրառմամբ, մարդ է տարել կամ կտանի որևէ ուժի հավաքին։ Զգուշացրեց՝ աշխատանքից կազատվի. - «Եթե կպարզվի, որ այդ մարդը ինձ ամենահարազատ մարդն է, ինքը, երբ որ պարզվի, կդադարի լինել իմ ամենահարազատ մարդը՝ մեկ և կազատվի աշխատանքից՝ երկուս: Ցուցակները տվեք, հիմնավորումները տվեք, հետո կասենք, կգանք կանդրադառնանք՝ եղավ, թե՝ չեղավ»:
Ընտրությունների ընթացքը դիտարկող Դանիել Իոաննիսյանն ասում է՝ երբեք ոչ մի իշխանություն չի ընդունել այդ մեղադրանքները, իսկ աշխատանքից ազատելը հարցի մեղմ լուծում է համարում. - «Հետաքրքիր էր, որ վարչապետը շատ ուժեղ իջացրեց պատասխանատվության պլանկան, որովհետև այդ արարքի համար ոչ թե պաշտոնից են հեռացվում, այդ արարքի համար 3-6 տարվա ազատազրկում է նախատեսված Քրեական օրենսգրքով»:
Այս կիրակի՝ երևանցիներն ընտրելու են մայրաքաղաքի 14-րդ քաղաքապետին։ Իսկ երեկոյան իշխանությունը երթի, ապա ամփոփիչ հանրահավաքի է հրավիրում։ Դիտորդներն արդեն առավոտից խոշորացույցի տակ են պահում հանրահավաքի ու երթի կազմակերպումը: