Մատչելիության հղումներ

Մենք կտրականապես մերժում ենք այդ տեսակ մոտեցումը՝ նկատի ունեմ վարչական ռեսուրսի կիրառման. Տիգրան Ավինյան


«Մենք կտրականապես մերժում ենք այդ տեսակ մոտեցումը՝ նկատի ունեմ վարչական ռեսուրսի կիրառման», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով վարչական լծակներ կիրառելու մասին պնդումներին:

«Վարչական լծակներ կիրառելու իմաստը մինչև 18 թվականը և պոտենցիալ 18 թվականից հետո. մինչև 18 թվականը վարչական լծակներով մարդկանց հավաքների բերելու իմաստը կայանում էր մեկ բանում՝ լեգիտիմացնել հետագայում ընտրակեղծարարությամբ կազմակերպվող ընտրությունները, ընտրակաշառքով: Այսինքն՝ ցույց տալ, որ հավաքների շատ մարդ է մասնակցում և այդ շատ մարդկանց մասնակցությունը հետագա արդյունքներով հիմնավորվում էր և ստացվում էր, որ ամեն ինչ նորմալ է, խնդիր չկա ու այդպես շարունակ: Երկրորդ հատվածը՝ մենք կտրականապես մերժում ենք այս տեսակ մոտեցումը, նկատի ունեմ վարչական ռեսուրսի կիրառման», - ասաց Ավինյանը:

ՔՊ թեկնածուն կոչ արեց բոլոր մարմիններին, որոնք նման ահազանգ կստանան, խորքային քննություն իրականացնել. - «Եթե չեն ուզում դիմել այդ մարմիններին, ես անձամբ խոստանում եմ, թեկուզ ինձ անանուն դիմեն, իրենք կտեսնեն հետևանքը, եթե կոնկրետ մարդը կոնկրետ վարչական լծակ օգտագործելով որևէ տեսակի մարդկանց պարտադրողաբար կամ ստիպողաբար, սպառնալիքով ինչ-որ բան է պարտադրել անել ընտրական պրոցեսների հետ կապված»:

Ավինյանն ընդգծեց՝ «18 թվականի հեղափոխության գաղափարախոսության հենքի վրա եկած մարդիկ չեն կարող ունենալ մեկ այլ տրամաբանություն»:

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ դա մեր մասին չի և նույնիսկ իմաստ չունի: Եթե դուք հետևում եք մեր քարոզարշավին, որը միակ քարոզարշավն է, որը լայվ գնում է, դուք կտեսնեք, թե քանի հոգի մարդ է գալիս մեր աջակիցներից կամ պոտենցիալ աջակիցներից միանում այդ երթերին, և մենք մարդ բերելու խնդիր չունենք»:

Անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածված տեսանյութին, որում հավաքի մասնակիցները ներկայացնում էին՝ որտեղից, քանի հոգով են եկել, Ավինյանը նշեց. - «Շատ դեպքերում, մեր հասարակության մեջ դեռևս կա որոշակի նստվածքներ նախկինից մնացած, և երբ որ գալիս ես ու ուղղորդող հարց ես տալիս, այնպիսի տոնայնությամբ, որ ստուգում ես ինչ-որ մի բան, մարդն ասում է՝ փորձանքից հեռու, ինչ-որ մի բան զեկուցեմ էդ տրամաբանությամբ, որ հանկարծ սխալ բան չստացվի»:

«Ազատության» հարցին՝ բայց անգիր գիտե՞ն՝ որ կոլեկտիվից քանի հոգով են եկել, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց. - «Ես վստահ չեմ, որ էդ բոլոր հնչեցրած թվերը կամ հնչեցրած փաստերն իրականությանը համապատասխանում են»:

Դիտարմանը, որ տեսանյութում «կանայք մոտենում են, ասում են՝ սխալ են ասել, ուղղեք, այսինքն, սա հաշվետվություն է», Տիգրան Ավինյանը պատասխանեց. - «Բայց ո՞ւմ, ո՞վ է նրանցիցի դա պահանջել: Եկեք հիմա իրական թեմայից խոսենք, որովհետև Երևան քաղաքում մենք այս տարի միայն հիմնանորոգում ենք 24 մանկապարտեզ, կառուցում ենք նոր սեյսմակայուն, 21-րդ դարի դպրոցներ, սպորտդպրոցներ, երաժշտական դպրոցներ, էսպես շարունակ: Քննարկում ենք մանկապարտեզների դաստիարակներից մինչև տնօրեններ աշխատավարձերի բարձրացումը, ո՞նց եք կարծում, այս մարդկանց մեջ մեր աջակիցերը կա՞ն, թե՞ չկան»:

XS
SM
MD
LG