Մատչելիության հղումներ

Իոաննիսյանը խնդրահարույց է համարում ՔՊ-ի նախընտրական դրամահավաքի նվազ թափանցիկությունը


«Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը խնդրահարույց է համարում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ժամանակահատվածում կատարված դրամահավաքի նվազ թափանցիկությունը։

«Ազատության» հետ զրույցում Իոաննիսյանն ընդգծեց՝ շատ սահմանափակ գործիքներ ունեն՝ ստուգելու, թե այդտեղ ինչ դրսևորումներ են եղել, արդյոք օրենքի շրջանցումներ, օրենքի խախտումներ եղել են թե ոչ, որովհետև «Քաղաքացիական պայմանագիրն» այդպես էլ չտրամադրեց նվիրատուների ցուցակը։

Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի մեկնարկից 20 օր առաջ կայացավ կուսակցության դրամահավաք երեկոն, հավաքվեց ավելի քան 1 միլիոն 320 հազար դոլար։ Կուսակցությունը հայտարարեց, որ այս պահին չի պատրաստվում հրապարակել նվիրատվության աղբյուրները։ Վարչապետն այն ժամանակ ասաց՝ եթե հին բարքերի տրամաբանության մեջ լիներ այդ դրամահավաքը, այն ընդհանրապես տեղի չէր ունենա, որովհետև այն ժամանակ իշխող ուժը փողի կարիք չուներ։

Իոաննիսյանը վատ, ցածր է համարում 2017 թվականը կամ նախահեղափոխական Հայաստանը որպես նշաձող դիտարկելը։

«Պետք չէ պլանկան էդքան իջացնել։ Մենք բոլորս հասկանում ենք, որ վիճակն 2017 թվականից լավ է, որ 2017 թվականից ավելի մրցակցային է, 2017 թվականից ավելի արդար է, բայց արդյո՞ք 2017 թվականը պետք է մեզ համար պլանկա լինի, թե ամեն դեպքում մեզ համար պլանկան պետք է լինի ժողովրդական հասարակությունը, ժողովրդավարական հասարակության չափորոշիչները, և մենք դրանց համեմատ պետք է տանք գնահատականներ», - ասաց Իոաննիսյանը՝ մանիպուլատիվ համարելով նախահեղափոխական շրջանի հետ համեմատելու վարչապետի փորձը։

Իոաննիսյանը պարզաբանեց՝ նախահեղափոխական ժամանակ շատ խնդրահարույց երևույթներ էին տեղի ունենում, որոնց հետ ընդհանրապես պետք չէ համեմատվել։ Նրա խոսքով՝ պետք է համեմատվել ժողովրդավարական երկրների հետ, իսկ ժողովրդավարական երկրների հետ համեմատած ամեն ինչ, Իոաննիսյանի համոզմամբ, մեղմ ասած, այդքան էլ լավ չէ։

«Մենք տեսնում ենք, թե ոնց է Հ1-ն ակնհայտ PR անում իշխող ուժին, սա նորմալ չէ», - ասաց «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգողը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG