«Ականատես» դիտորդական առաքելությունը երեկ հայտնեց, որ մասնագիտական պարտականությունները կատարելիս հարձակման է ենթարկվել դիտորդներցի մեկը՝ երիտասարդ մի աղջիկ։ Ընդ որում, ըստ կազմակերպության ներկայացուցիչ Մարիամ Հովեյանի, հարձակվողը եղել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր, Երևանի թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։
Հովեյանը պատմում էր՝ վիճել է դիտորդի հետ, երբ նա նկարել է իշխող ուժի նախընտրական շտաբը, խլել է նրա վկայականը։
«Նրան միացել են շտաբից դուրս եկած մարդիկ ու նորից ագրեսիվ ձևով ասել, որ դուք իրավունք չունեք, հեռացեք այստեղից: Այնպիսի միջավայր է ստեղծվել, որ նույնիսկ դիտորդն իր անվտանգության համար է վախեցել, վախեցել է բեյջը հետ վերցնել, որովհետև այն վերցրել են ու փորձել են իրար փոխանցելով կարդալ ու հետ չտալ», - ասաց Մարիամ Հովեյանը:
«Ազատության» հարցին՝ «որտեղի՞ց է հայտնի, որ մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը եղել է ՔՊ-ական», կազմակերպության ներկայացուցիչը պատասխանեց. - «Այն հանգամանքով, որ մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը անընդհատ շեշտել է, որ մեր շտաբը մի նկարեք»:
«Շատ մեծ դաշտում ինչ-որ փոքրիկ փշուրներ փնտրելու մասին է, որովհետև իրականության մեջ ոչ լարվածություն կա, ոչ թեժ ընտրապայքար կա, ոչ էլ այդ լարվածությունը կարա բերի նման միջադեպերի: Այսինքն՝ վստահ եմ՝ ինչ-որ մի միջադեպի մասին է խոսքը, որը բացառիկ... ես անկեղծ ասած ոչ գիտեմ ինչ մանկապարտեզի տնօրենի ԺՊ-ի մասին է խոսքը, ինչ է տեղի ունեցել, միակ բանը, որ իմ ականջին շատ թեթև հասել է, այն է եղել, որ եղել է որոշակի վիճաբանություն, այդքանը», - ասաց ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը:
Գլխավոր դատախազությունը դեևս չի ստացել հաղորդում հանցանքի մասին, սակայն սեփական նախաձեռնությամբ հրապարակումն ուղարկել է ոստիկանություն՝ ստուգելու։ Դատախազությունից հայտնեցին, որ ուսումնասիրվում է նաև մամուլում հրապարակված տեղեկությունը, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» փողով երթերի մասնակիցներ է բերում։
Կրկին «Ականատես» դիտորդական առաքելությունն էր այս մասին հրապարակել։ Պնդում են՝ հենց դրանից հետո է իրենց նկատմամբ վերաբերմունքը փոխվել։
Իր հերթին իշխող ուժի քաղաքապետի թեկնածու Ավինյանն էլ դիտորդներից է դժգոհում. - «Էդ նույն դիտորդները շատ դեպքերում արդեն մեկ տարի է, շատ միակողմանի ներկայացնում են ինչ-որ տեսակետներ, որոնց մենք ուղղակի ուշադրություն չենք դարձրել և ես կարծում եմ, որ դա չի կարևորը, որովհետև նույնիսկ այդ հակաքարոզի մեջ փաստը մնում է փաստ, գործը մնում է գործ»:
Իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ասում է՝ չի հիշում որևէ իշխանություն, որ չբողոքեր դիտորդներից։
«Մենք սովոր ենք, որ այն անձինք, այդ թվում նաև իշխանությունների ներկայացուցիչները, որոնք հայտնվում են մեր քննադատության թիրախում մեզ մեղադրում են անաչառությունը կորցնելու մեջ, քաղաքականացված լինելու մեջ: Օրինակ՝ հիշացնեմ ՝17 թվականի մարտ ամսին նույնը համարյա բոլոր ամբիոններից հայտարարում էր Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը», - ասաց Իոաննիսյանը:
Նա պնդում է, որ հեղափոխությունից էլ ամենաշատ խախտումները իշխող ուժից են. - «Սպիտակ քաղաքում վարչական ռեսուրսի չարաշահումը Երևանի ընտրությունների համար: Մենք տեսել ենք, որ Հանրային հեռուստատեսությունը և Երևան քաղաքի մեդիառեսուրսները Տիգրան Ավինյանի շատ ակտիվ լուսաբանում են անում, ընդ որում, դա ոչ թե ինստիտուցիոնալ գործունեության լուսաբանում է, այլ հենց նախընտրական: Մենք նաև նկատել ենք, որ շատ մեծ է կոնցենտրացիան համայնքային հիմնարկների աշխատողների՝ Ավինյանի միտինգների ժամանակ: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ ինչ-որ բնականից շատ բարձր է տոկոսը ուսուցիչների, դպրոցական կոլեկտիվների, մանկապարտեզների, պոլիկլինիկաների կոլեկտիվների ու անգամ երկու դեպքով մենք ունենք հիմքեր պնդելու, որ այդ կոլեկտիվները, այսպես ասած, կամավոր պարտադիր կերպով բերվել են»:
Այդուհանդերձ կեղծիքների ու խախտումների մրցավազքում հետ չի մնում նաև ընդդիմությունը, փաստեր է ներկայացնում Դանիել Իոաննիսյանը։
«Տիգրան Արզաքանցյանի ուժից վերջացրած «Ապրելու երկիր», վերջացրած Հայկ Մարությանի քաղաքական ուժով, վերջացրած ֆեյքերով, թեև մենք, ցավոք սրտի, էլի պետք է արձանագրենք, որ «Քաղաքացիական պայմանագիրն» այստեղ առաջատարն է և իր օգտին աշխատող ֆեյքերի խմբեր կան, որոնք բավականին կազմակերպված են և որոնք վճարվում են անհայտ է՝ որտեղից», - ընդգծեց Իոաննիսյանը:
Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովից էլ այսօր «Ազատությանը» հայտնեցին, որ մինչ օրս ընտրակարգի խախտման 5 դիմում են ստացել, որոնք դեռ ուսումնասիրման փուլում են։ ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» -ը դիմել է դատարան «Իրազեկ քաղաքացիների միավորման» դեմ՝ «ՔՊ-ն վարչական ռեսուրսն օգտագործելով է ձայն հավաքում» նյութի համար։ Դատարանը այժմ 1 միլիոն դրամի արգելանք է դրել կազմակերպության հաշիվների վրա։