Բացի իշխանության թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանից, մյուս գրեթե բոլոր թեկնածուները համարում են, որ Երևանն աղբից ամբողջությամբ չի մաքրվել՝ աղբահանության խնդիրը լուծված չէ։
Ավինյանը հիշեց՝ դեռ փոխվարչապետ էր, երբ կառավարության նիստում մտահոգություն է հայտնել, թե նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք ներկրված «Կամազ»-ները ժամանակավոր «հրդեհը» մարելու համար են, որ դրանցով աղբահանության հարց չի լուծվելու։ Հիմա, ասաց, դրանց մի մասը շարքից դուրս են եկել, իրենք նոր 4 մեքենա են գնել՝ ավելի որակով։ Առաջիկայում էլ այս պլաններն ունեն:
«Աղբի հավաքագրման թվայնացված համակարգ: Բացի սրանից մենք փակելու ենք Նուբարաշենի աղբավայրը և կոնսերվացնելու ենք այն և դրա փոխարեն ունենալու ենք աղբի վերամշակման գործարան: Ստացել ենք ամենախելամիտ առաջարկը ֆրանսիական ընկերությունից, որն էլ իրականացնելու է», - ասաց ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն:
Ավինյանի քրոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկն էլ բողոքեց՝ իրենց աղբը չէին մաքրի, եթե իշխանության քաղաքապետի թեկնածուն այդ օրը չանցներ այդտեղով:
«Քանի՞ ամիս ասեմ, որ մեր աղբը չէր հավաքվել: Ես էսօր պատուհանից նայեցի շատ ուրախացա, որ աղբը հավաքել են, փաստորեն, Ձեր համար էր: Ես Ձեզ ամեն շաբաթ մեր տուն հյուր եմ հրավիրում, որ ամեն շաբաթ հավաքվի մեր աղբը», - ասաց բնակիչներից մեկը:
Ավինյանը պնդեց՝ ամեն տարի ամռանն աղբի քանակն ավելանում է, բայց իրենք լուծում են խնդիրը։
Իշխանական թիմի կողմից պաշտոնանկ արված Հայկ Մարությանը, որ հիմա կրկին հավակնում է քաղաքապետ դառնալ, չի ընդունում մեղադրանքը, թե իրենց գնած մեքենաներն անորակ էին։ Ավելին՝ ասում է՝ լուծել են 2017-2018-ին քաղաքում աղբի արհավիրքը։ Կոշտ թափոնների կառավարման մի մասն է աղբահանությունը, բայց իրենց ծրագրերը կիսատ մնացին, որովհետև իրեն հեռացրին պաշտոնից։ Լավ են աշխատել՝ պնդեց:
«Իդեալական աշխատող հիմնարկ ենք մենք հիմնել, ինքը իդեալական աշխատում էր, էս պահին թերացումներ կան և դա կապված է միայն կառավարման հետ: Այսինքն՝ յուրաքանչյուր ամենալավ մեխանիզմը, եթե սկսեց վատ կառավարվել, ինքը սկսելու է վատ աշխատել», - ասաց Հայկ Մարությանը:
«Լուսավոր Հայաստանի» թեկնածու Դավիթ Խաժակյանն ասում է՝ ավագանու անդամ եղած տարիներից պնդում են՝ Երևանին աղբահանություն իրականացնող 2-րդ օպերատոր է հարկավոր։ Բացի այդ, ընդգծում է՝ ընտրվելու դեպքում կարծում է՝ շինաղբը պլաստիկ կոնտեյների մեջ չի լինի։ Երկաթյա աղբամաններ կտեղադրեն շինաղբի համար ու ոչ միայն:
«Մենք անպայման ներգրավելու ենք աղբահանության երկրորդ օպերատորին, շինարարական աղբի տարածման հետ կապված երկու առանձին միջոցառումներ ենք նախատեսում, մեկը՝ խոշոր շինարարական կազմակերպություններին վերաբերող, մյուսը՝ անհատ բնակիչներին, ովքեր իրենց տան վերանորոգման արդյունքում կուտակված շինաղբը տարածում են կոնտեյներներում, այս մասով ենք նախատեսում: Իսկ նոր աղբավայրը պարզապես կրիտիկական անհրաժեշտություն է, որ շուտ կյանքի կոչվի: Այս պարագայում մենք կհամարենք, որ աղբահանության խնդրին տվել ենք լուծում», - նշեց Խաժակյանը:
«Երևանի կենտրոնից պետք է հանել կանաչ աղբարկղերը, դրանք նույնն են ինչ ժամանակին հանրային զուգարանները»,- պնդում է Կենտրոնի նախկին թաղապետ, քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանն ու ասում՝ դրանց տեղը միջբակային հարմարություններն են: Շրջիկ մեքենաներ կլինեն ու աղբը կհավաքեն Կենտրոնից, հիմնականում, ասաց, աղբը կուտակվում է ռեստորանների սննդի կետերի թափոններից, այդ հարցն էլ կլուծեն, բայց նա էլ է վստահ՝ մեկ օպերատորով գլուխ չեն հանի:
«Ես դեմ չէի, որ «Սանիթեկ»-ը մնար ժամանակին, օրինակ, «Սանիթեկ»-ին տալիս ենք երեք վարչական շրջան, քաղաքապետարանին՝ երեք վարչական շրջան, երկուսը դնում էինք տենդերներին, բայց տենդերների պայմանը նա պետք է լինեի, որ ամեն մեկը 2-3 մեքենա պետք է միշտ ավել ունենա, կանգնացնի, որ եթե ինչ-որ մեկի մոտ պրոբլեմ կա, էն երեքը միանան: Քանի մենք աղբին ասում ենք աղբ, մեր մոտեցումը սխալ է: Աղբը թափոն է, թափոնը ենթադրում է նաև գումար», - ընդգծեց Մնացականյանը:
«Աղբամանները պետք է գետնի տակ լինեն, որ ոչ գարշահոտություն բուրի, ոչ էլ աղբը շաղ տրվի փողոցով մեկ», - ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։
Իր տան համար, ասաց, «Կամազ» չէր գնի, որ աղբ տեղափոխեր, նույնը Երևանի համար չի անի, ավելի լավը կգնեն։ Կենցաղային աղբն օգտագործելու տեղն էլ գիտեն՝ ընդգծեց, այն հատուկ թրթուրների հատուկ ֆերմաներում կդառնա սնունդ, և հումք՝ անասնակեր արտադրելու համար։
«Աղբի ամանները, որոնք դրված են և փչացնում են ընդհանուր տեսքը, աչքի համար հաճելի չի, մենք դրանք քողարկելու ենք գետնի տակ և ավտոմեքենաները գետնի տակից այդ աղբամանները հանելու են, այդպիսի մեխանիզմներ կան, որպեսզի տեսքը նաև վիզուալ գեղեցիկ լինի, այդ գարշահոտությունը չլինի: Մյուս խնդիրը, որը լուծելու ենք՝ աղբի տեսակավորման գործարան ենք հիմնելու, և կենցաղային աղբը շատ արժեքավոր հումք է, որ մենք այն թաղենք հողի տակ կամ այրենք ու ծուխը լցնենք մթնոլորտ», - նշեց Զեյնալյանը:
«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն Մանե Թանդիլյանը հիշեցնում է՝ պետությունը 2015-ից խոշոր վարկ է վերցրել, որ նոր աղբավայր կառուցվի, բայց չկա։ Իրենք դա կանեն, աղբի վերամշակման գործարան էլ կստեղծեն, տեսակավորված աղբը կվերամշակեն ու մաքուր արտադրանք կստանան:
«Մի այսպիսի հիմնարկ կա, կոչվում է՝ Երևան քաղաքի նոր աղբավայր, որը ստեղծվել է 2015 թվականին: 8 տարի է անցել՝ վերջին հինգ տարին այսօրվա իշխանությունների օրոք, ու այդ հիմնարկը թղթի վրա է մնացել: Երբ որ ֆինանսական հաշվետվություններն ուսումնասիրում էի այդ հիմնարկի, երկու ծախս ունեն՝ մեկը աշխատավարձն է, հուսով եմ գոնե աշխատակիցների աշխատավարձ է, այլ ոչ թե ադմինիստրատիվ, երկրորդը՝ տոկոսների վճար: Պարզվում է, որ դուք արդեն 8 տարի տոկոս եք վճարում մի աղբավայրի համար, նոր աղբավայրի, որը գոյություն չունի, բայց տոկոսները վճարում եք, որովհետև վարկերն արդեն վերցրել են, մենք բոլորս: Այսպես խաբված մենք չպետք է լինենք», - ասաց Թանդիլյանը:
Վերջին ամիսներին, ի դեպ, երևանցիները պարբերաբար դժգոհում են, որ աղբը ժամանակին չի տեղափոխվում, աղբամանները լեփ-լեցուն են, գարշահոտությունը տուն է հասնում: