Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի և հասարակական կազմակերպության միջև վեճը հասել է դատարան․ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորումից» պահանջում է հերքել հուլիսին իրենց արած հրապարակումը՝ այն զրպարտություն համարելով ու 1.5 միլիոն դրամ փոխհատուցում պահանջելով։
Դատարանը բավարարել է «Քաղաքացիական պայմանագրի» պահանջն ու կազմակերպության հաշիվները արգելանքի տակ առել։
Դանիել Իոաննիսյանը շարունակում է պնդել՝ իշխող ուժը քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի համար վարչական ռեսուրս է չարաշահել։ Ասում է՝ մարդկանց ցուցակագրումն ինքնին խնդրահարույց չէ, խնդիրն այն է, որ վարչական ռեսուրս է կիրառվել, երբ համայնքի ղեկավարը ստորադասներին հանձնարարում է զբաղվել այդ հարցով։
«Դատարանում նախևառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է ապացուցի, որ մենք իրեն զրպարտել ենք, ինչն իրենք չեն կարողանալու ապացուցել այն պարզ պատճառով, որ մենք իրենց չենք զրպարտել, մենք բարեխղճորեն ներկայացրել ենք այն տեղեկությունները, որոնք որ կան, որոնք որ ընթերցողն ինքնուրույն նաև կարող է ստուգել և նաև հիմնվելով հրապարակված ձայնագրությունների վրա», - ասաց Իոաննիսյանը։
Դեռ հուլիսին մեծ աղմուկ էր հանել «Փաստերի ստուգման հարթակի» հրապարակած ձայնագրությունը։ Հրապարակման հեղինակները պատմել էին, թե ինչպես են Սպիտակի քաղաքապետն ու փոխքաղաքապետը գյուղերի վարչական ղեկավարների հետ միասին ցուցակագրում մարզերում բնակվող, բայց Երևանում հաշվառված՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին ձայն տվող ընտրողներին։
Որպես իշխանական Գևորգ Պապոյանի օգնական ներկայացած «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողը զանգահարել էր խոշորացված Սպիտակի փոխքաղաքապետին, 15 գյուղերի վարչական ղեկավարներին։ Նրանցից առնվազն վեցը պատմել էին, որ արդեն ունեն կամ շուտով կունենան Ավինյանի օգտին քվեարկողների ցուցակները։ Եվ Սպիտակի փոխքաղաքապետ Հովիկ Հովհաննիսյանը վստահեցրել էր, որ իր անմիջական ղեկավարը՝ Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանը, զբաղվում է այս հարցով։
- Նիկողոսյանը նորմալ աշխատո՞ւմ ա էդ ուղղությամբ:
- 100 տոկոս, Սևակ, ինքն ա էդ պարտականությունը կատարում:
- Մի խոսքով, դու գարանտիա ես տալի՞ս իրա վրա:
- Ես, ախպերս, քեզ ասում եմ էն, ինչը հիմա արվում ա։
Իշխող ուժը շտապել էր հերքել, որ ցուցակագրել են Ավինյանի ընտրողներին ու հայտարարել՝ Սպիտակի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները կուսակցականներ են և կարող են զբաղվել քաղաքականությամբ։
Սկանդալային հրապարակումից հետո «Քաղաքացիական պայմանագրի» վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն «Ազատությանն» ասել էր՝ անպայման դիմելու են դատարան։
«Ցուցակագրում, բան չի էղել, ընդհակառակը՝ զանգում ասում ա ցուցակ, բոլորը զարմանում են, ցուցակ չկա», - ասաց Պապոյանը:
Մինչ դատարանը կորոշի՝ «Փաստերի ստուգման հարթակը» զրպարտել է իշխող ուժին, թե եղելությունն են բացահայտել, իրավապահներն արդեն երկուսուկես ամիս է ստուգում են՝ արդյո՞ք իշխող ուժի Սպիտակի ու հարակից գյուղերի ղեկավարները չարաշահել են իրենց պաշտոնական դիրքն ու հանցագործություն արել։ Քննությունը դեռ ընթացքի մեջ է։