Մատչելիության հղումներ

Բոլորի համար շատ լավ որոշում կլինի, եթե հնարավոր լինի ինչ-որ խոսակցություն սկսել Բաքվի և Ստեփանակերտի միջև․ փորձագետ


Իրականում բոլորի համար շատ լավ որոշում կլինի, եթե հնարավոր լինի ինչ-որ խոսակցություն սկսել Բաքվի և Ստեփանակերտի միջև, «Ազատության» հետ զրույցում ասաց Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ավագ հետազոտող Օլեսյա Վարդանյանը։

Փորձագետը, սակայն, մտավախություն ունի, որ այս գաղափարը կմնա սեղանին՝ հաշվի առնելով իրավիճակը գետնի վրա։

Վարդանյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Դուք տեսնո՞ւմ եք Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային մեխանիզմի հնարավորություն՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը կտրուկ դեմ է։

Վարդանյան․ - Գաղափարը գոյություն ունի արդեն մեկ տարի, և մենք տեսնում ենք, որ վերջին ամիսներին շատ լուրջ ազդակ է գալիս արևմտյան դիվանագետներից։ Անգամ թվում է, որ նրանք, ես կասեի, զարմանալի հաջողություններ ունեցան այս առումով, որ կարողացան ինչ-որ կերպ ձևաչափ կազմել և քիչ թե շատ փոխզիջումային լուծում գտնել՝ թե որտեղ և ինչպես դա իրականացնել։ Ցավոք սրտի, երկու հանդիպումներն էլ, որ նրանք ձգտում էին կազմակերպել, այդպես էլ չկայացան, և հիմա, ինչպես տեսնում եք, Բաքվի շեշտը կրկին դրված է այն բանի վրա, որ այդ դեպքում եկեք հանդիպենք ինչ-որ տեղ մոտակայքում՝ տարածաշրջանում։ Ինչպես գիտեք, իրականում, դա բավական լուրջ քաղաքական քայլ էր Ստեփանակերտի կողմից, որ ասացին՝ «այո՛, մենք պատրաստ ենք մասնակցել բանակցություններին, եթե դա լինի ինչ-որ միջազգային ձևաչափ, եթե դա ենթադրում է միջազգային միջնորդների որոշակի ներգրավածություն և այլն»։

Եվ հիմա, ինչպես տեսնում եք, տեղի է ունեցել ղեկավարության փոփոխություն։ Առայժմ պարզ չէ, թե ով է լինելու տեղի իշխանության անմիջական ղեկավարը, և դրանից է կախված, թե որքան արագ այդ հարցում որևէ դիրքորոշում կձևավորվի՝ արդյոք պատրաստ են Բաքվի հետ ուղղակի կամ անուղղակի բանակցությունների գնալ, ինչ կարգավիճակով, ում հետ և այլն։ Վախենամ, որ, ցավոք, այնտեղ ավելի շատ հեռանկարներ կան, որ այս գաղափարը կմնա սեղանին՝ հաշվի առնելով իրավիճակը գետնի վրա՝ մարդկանց վիճակի վատթարացումը, հայ-ադրբեջանական սահամանի շարունակական սրացումները։ Ցավոք, դիվանագիտական ճակատում այս ամենը նույնպես շատ վատ է անդրադառնում։ Իրականում բոլորի համար շատ լավ որոշում կլինի, եթե հնարավոր լինի ինչ-որ խոսակցություն սկսել Բաքվի և Ստեփանակերտի միջև։

«Ազատություն»․ - Բայց միաժամանակ ոչ պաշտոնապես շրջանառվում է ռուսական կարգավորման մի տարբերակ, ըստ որի, հայերը պետք է ապրեն որպես Ադրբեջանի ազգային փոքրամասնություն։ Կարծում եք այն մո՞տ է իրականությանը։

Վարդանյան․ - Ցավոք, նման արտահոսքը, նույնիսկ եթե դրանք լիովին անիրատեսական են, չեն նպաստում գետնի վրա կայունությանը։ Այսինքն՝ մարդիկ լիովին կորցնում են որևէ ցանկություն՝ դիտարկելու խաղաղ բանակցությունների որևէ հեռանկար և կորում է այն հավատը, որ երկխոսությամբ կարելի է ինչ-որ կերպ լուծել այս իրավիճակը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG