Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը դիմում է ռուսական կողմին Բաքվի հետ անվտանգ վայրում հանդիպում կազմակերպելու առաջարկով


Ստեփանակերտը դիմում է ռուսական կողմին Բաքվի հետ չեզոք, անվտանգ վայրում հանդիպում կազմակերպելու առաջարկով։

«Կարծում եմ, որ պետք է դիմել Ռուսաստանի Դաշնությանը, իրավիճակով հետաքրքրվող բոլոր դերակատարներին ստեղծված իրավիճակի, անվտանգային խնդիրների, Արցախում ստեղծված հումանիտար աղետալի վիճակի շուրջ Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ պահանջով», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Ըստ նրա՝ քանի որ որևէ մեկը չի կարող երաշխավորել Ադրբեջանի տարածքում արցախցիների ֆիզիկական անվտանգությունը, այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայրում կամ ցանկացած այլ անվտանգ վայրում՝ երրորդ կողմի մասնակցությամբ, «որի միջոցով պետք է ապահովվի քննարկման կառուցողականությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների անխախտելիությունը»։

Արցախցի պաշտոնյան հիշեցրել է, որ նախկինում ևս եղել են տարբեր հանդիպումներ ու պայմանավորվածություններ, սակայն, ինչպես նշել է, դրանք երբեք չեն պահպանվել։

«Միջազգային մասնակցությունը անհրաժեշտ է նաև մեր խոսքը լսելի դարձնելու համար, որովհետև այն, ինչ կարող է ներկայացվել մեր կողմից, ցավոք, որևէ մեկ ուրիշը չի ներկայացնում, իսկ հնարավոր չէ որևէ հաջողության հասնել, եթե մեր խոսքը ոչ մեկի համար լսելի չէ։ Ես համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է և ունակ է կազմակերպել ստեղծված իրավիճակի քննարկման նպատակ հետապնդող հանդիպում, պետք է կանգ առնել և հստակ հասկանալ, թե ուր ենք գնում և ինչ ճանապարհով, ում օրակարգով և ինչպես՝ այդ ընթացքում առաջ քաշելով նաև սեփական օրակարգը։ Այդ հանդիպման արդյունքները պետք է ներկայացվեն հանրությանը, և դրանից հետո ընդունվեն համապատասխան որոշումներ», - ասաց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG