Պաշտոնական Երևանը վերահաստատում է իր հավատարմությունը Ադրբեջանի 86,600 և Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու պայմանավորվածությանը և սպասում Ադրբեջանի կողմից այդ պայմանավորվածության հրապարակային վերահաստատմանը։ Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնելով Հակարիի կամրջին ադրբեջանական դրոշի տեղադրման փորձը, որը հայկական կողմից կանխվել էր, իսկ Բաքուն էլ սադրանք էր որակել ու դա միջանցքի փակման հիմնական պատճառ նշել՝ Փաշինյանն այսօր հայտարարեց՝ տարբեր տեղերում ինքնակամ դրոշներ դնելու Ադրեբեջանի գործելակերպը սահմանազատման և ընդհանրապես խաղաղ գործընթացը վիժեցնելու գործընթացի է նման։
Գործադիրի ղեկավարը վկայակոչեց Ադրբեջանի նախագահի Euronews-ին տված հարցազրույցը․ Ալիևը նախ հայտարարեց, թե Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ չունի, ապա շեշտեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն։
Հայաստանի վարչապետն այսօր հակադարձեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմաները որոշվել են 1991-ի Ալմա-Աթիի հռչակագրով և վերահաստատվել 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով, որտեղ այդ հռչակագիրն ընդունվել է որպես երկու երկրների միջև սահմանների և սահմանազատման և սահմանագծման հիմք։
«Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանը հետևյալն է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմաթիի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրել և հետագայում արդեն սահմանազատման և սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել Հայաստանի Հանրապետությանը», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով՝ եթե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն, ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը՝ սահմանի տարբեր հատվածներում։
«Եթե նման հարց բարձրացվում է, ուրեմն այդ սահմանները որոշված են, իսկ այդ սահմանի գծից զորքերի հայելային հետքաշման Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ», - ասաց Փաշինյանը։
«Երկարաժամկետ և կայուն տևական խաղաղության հասնելու հնարավորություն ունենք»
Ի հեճուկս բոլոր բարդությունների իսկապես երկարաժամկետ և կայուն տևական խաղաղության հասնելու հնարավորություն ունենք, հայտարարեց Փաշինյանը՝ կոչ անելով Ադրբեջանին՝ զերծ մնալ այդ հնարավորությունը նվազեցնելուն ուղղված քայլերից, ապա թվարկեց՝ ինչպես օրինակ միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության շարունակական տորպեդահարումը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և շաբաթվա սկզբին Վագիֆ Խաչատրյանի առևանգումը։
«Հումանիտար օգնությունը շարունկում է գտնվել Կոռնիձորում»
Խաչատրյանին, մյուս գերիներին, պատանդներին, պահվող անձանց ազատ արձակելը խաղաղության օրակարգին հավատարիմ, տպավորիչ ազդարարում կլիներ, ասց Փաշինյանը՝ կոչ անելով Ադրբեջանին, որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ, չարգելափակել Հայաստանի ուղարկած հումանիտար բեռի մուտքը ԼՂ Լաչինի միջանցքով։
«Չնայած մյուս կողմից Ալիևի Euronews-ին տված հայտարարությունից հետո, թե Լաչինի միջանցքը փակված չէ, անհրաժեշտ է լսել ՌԴ խաղաղապահ զորախմբի պազաբանումը, թե ինչու չեն ապահովում հումանիտար օգնության մուտքը ԼՂ, եթե Ադրբեջանն ասում է, որ չի արգելափակել», - ասաց Փաշինյանը։
Հայաստանը մոտ 400 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ։ Հայաստանից Արցախ մարդասիրական բեռներ տեղափոխող մեքենաները գրեթե մեկ շաբաթ է ինչ Կոռնիձորում են՝ Հակարիի կամրջի հարևանությամբ։ Պաշտոնական Երևանը հայտարարում է՝ Ադրբեջանն է խոչընդոտում բեռների մուտքն Արցախ։ Պաշտոնական Բաքուն դեկտեմբերից շրջափակման մեջ գտնվող Արցախ Երևանի հումանիտար օգնություն ուղարկելը «տարածքային ամբողջականության նկատմամբ սադրանք» է որակում։
Փաշինյանն այսօր տեղեկացրեց, որ հումանիտար օգնությունը շարունկում է գտնվել Կոռնիձորում՝ շեշտելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը ապօրինաբար արգելափակում է բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ։
«ՀՀ կառավարությունը մարդասիրական բեռներ ուղարկելու որոշում կայացրեց այն բանից հետո, երբ ԿԽՄԿ-ն հայտարարեց իր կողմից հումանիտար բեռներ տեղափոխելու անհնարինության մասին, քանի որ Ադրբեջանն ապօրինաբար խոչընդոտում է նաև այդ ջանքերին», - ասաց գործադիրի ղեկավարը։