Մատչելիության հղումներ

Հիմնազուրկ են ԼՂ-ի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները. Փաշինյան


«Հիմնազուրկ են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները», - նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով հղած շնորհավորական ուղերձում:

«44-օրյա պատերազմի հետևանքով այսօր էլ իրենց հայրենի բնօրրանում՝ Լեռնային Ղարաբաղում բնակվող մեր հայրենակիցներն Ադրբեջանի քաղաքականության հետևանքով կանգնած են էթնիկ զտման ենթարկվելու սպառնալիքի առաջ՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, առաջին անհրաժեշտության սննդամթերքի, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման պատճառով», - հայտարարել է վարչապետը՝ ընդգծելով՝ «մեր ակնկալիքն է, որպեսզի միջազգային հանրությունը ջանքեր գործադրի՝ թույլ չտալու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը»։

«Տեղի ունեցող գործընթացների ականատեսն է նաև միջազգային հանրությունը, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի թեմայով կայացած քննարկումներում ևս արձանագրվեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը և այն, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ։ Միաժամանակ, ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ, Ադրբեջանի կողմից չի կատարվել», - ասված է ուղերձում:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և միջազգային հանրությունը հստակ արձանագրում են. հակամարտության համապարփակ ու երկարատև կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացի, այդ թվում՝ միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։

Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովման, անվտանգության և իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ, ընդգծել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելվ. - «Այսօր մենք մեր գնահատանքի խոսքն ենք ասում Լեռնային Ղարաբաղի մեր բոլոր հայրենակիցներին, և մեր խնդիրն է՝ խաղաղ, քաղաքակիրթ միջոցներով, բանակցային եղանակով ապահովել խաղաղ ապրելու և արարելու նրա անօտարելի իրավունքը»:

XS
SM
MD
LG