Մատչելիության հղումներ

Արցախում հավաք հրավիրած բնակիչը պնդում է՝ ոստիկաններն իրեն բռնությամբ բաժանմունք են տարել ու ծեծել


Արցախցի Դավիթ Մինասյանը պնդում է՝ ոստիկաններն իրեն բռնությամբ բաժանմունք են տարել ու ծեծել միայն այն բանի համար, որ Վերածննդի հրապարակում հայտարարել՝ սոված է:

«Ի՞նչ ա լինելու դրա վերջը, սովամահ ենք լինում», - ասաց Դավիթ Մինասյանը:

Նա շաբաթ երեկոյան մարդկանց հավաքի էր կանչել, ֆեյսբուքյան իր էջում պատմել, որ առավոտյան աշխատանքի է գնում դատարկ ստամոքսով, շատ շատերի պես, մի քաղցր թեյ էլ չի խմում:

Ընդ որում՝ Դավիթը նախապես տեղեկացրել էր, որևէ քաղաքական ուժի կողմից չէ և չի էլ ուզում, որ էդպիսի մարդիկ հավաքին մասնակցեն. - «Ես թողել եմ ծնողները խոսեն, բաբոն խոսի»:

Հավաքվել են հրապարակում ոչ մեծ բազմությամբ, ըստ Դավիթ Մինասյանի, գլխավոր պահանջը Արցախի նախագահից խանութներին սնունդ մատակարարելն է, վստահ է ու պնդում է փաստեր ունի, որ պահեստավորված մթերք կա, ուղղաթիռներով մատակարարումները չեն ընդհատվել, բայց դա շարքային արցախցիներին չի հասնում. - «Խանութներում ոչ մի բան չկա, ես գիտեմ իրանց մարդկանցից կարողանում են օգտվեն էդ պահեստներից, բայց սովորական մարդիկ՝ չէ»:

Դավիթը պատմում է՝ ոստիկաններն իրեն փորձել են բերման ենթարկել հենց հավաքի վայրից, բայց մարդիկ թույլ չեն տվել. - «Ինձ դեռ չեն բռնել, բայց չգիտեմ՝ հետո կբռնեն, թե՝ չէ»:

Հավաքի մասնակիցներից Նարինե Դանիելյանը դիմադրողներից մեկն է, պատմում է, որ ինքն է նստել ոստիկանական մեքենան, թե՝ «տարեք ինձ»:

«Ասեցի՝ առաջինը ինձ տարեք, գոնե էնտեղ ուտելիք կլինի, կուտենք», - ասաց Դանիելյանը:

Ավելի ուշ՝ գիշերը երկուսի կողմը Դավիթն անձրևի տակ դեպի իր տուն գնալիս հարձակման է ենթարկվել. -«Միանգամից «Ուազ»-ից 6 հոգի դուրս են գալիս ինձ բռնում, ինձ ասել են՝ դու քֆուր ես տվել հավաքի ժամանակ դրա համար ենք բռնել, ես ասել եմ՝ եթե կարում եք ապացուցեք, որ քֆուր եմ տվել: Ինձ բռնել են, որ ինչի եմ դուրս եկել հավաք արել»:

Մի դիմակ էլ իր գլխին են քաշել ու Դավիթը վստահ է՝ իրեն տարել են ոստիկանության Ասկերանի բաժանմունք, ասում է՝ ծեծել են ճանապարհին էլ, բաժանմունքում էլ, այստեղ մեկ գիշեր է անցկացրել, առանց ներքնակի, անձրևից թրջված ու սոված: Դավիթը պնդում է՝ իրեն ծեծողներից երկուսին ճանաչել է:

«Երկու հոգու հաստատ գիտեմ, ապացուցում եմ, որ իրանք են ինձ խփել, Ասկերանի ոստիկանապետն ա ինձ խփել, քաղաքացիական շորերով ա եղել, մեկ էլ Ստեփանակերտի ոստիկանապետը», - ներկայացրեց Արցախի բնակիչը:

Ասկերանի ոստիկանության պետ Արթուր Բաղունցը պնդում է՝ Դավիթ Մինասյանին ոչ Ասկերանի բաժանմուքն են տարել, ոչ էլ ծեծել են։

«Պարզապես նա երևի ինձ չի ճանաչում, կյանքում չի էլ տեսել, չգիտեմ որտեղից ինչեր է հորինում, անգամ մատով չեմ կպել, իրան անգամ չեմ տեսել», - նշեց Բաղունցը:

Արցախի ներքին գործերի նախարարության լրատվական ծառայության հետ կապ հաստատել չկարողացանք, գուցե Դավիթն այլ բաժանմունք է բերման ենթարկվել, ականատեսները համենայնդեպս պատմում են, որ ոստիկանները փորձում էին նրան բերման ենթարկել։ Արցախի դատախազությունից, Քննչական կոմիտեից փոխանցում են՝ որևէ իրավական գործընթաց չկա Դավիթ Մինասյանի դեպքով։ Դավիթն ինքը իր հետ կատարվածը ներկայացրել է օմբուդսմենի գրասենյակում, շարունակելու է բողոքել. - «Առաջինը բողոքելու եմ նրա համար, որ ինձ ծնողով ուշունց են տվել»:

Ոստիկանություն նրան մի հարց էլ են տվել՝ կարելի՞ է կատակել մեր նախագահի մասին: Դավիթ Մինասյանը վերջին ամիսներին կոստյում է հագնում, ակնոց կրում, գուլպան որպես փողկապ վզին կապում ու նմանակում Արայիկ Հարությունյանին, նրան ոգեշնչել է հատկապես նախագահի հունիսյան մի ելույթ:

Դավիթն ինքը չի կարծում, որ ծեծվել է այս տեսանյութերի պատճառով:

Դավիթ Մինասյանն ասում է՝ շարունակելու է ծաղրել նախագահին, որ պաշարման այս ամիսներին չի խոսում ժողովրդի հետ, նրա շրջապատը սոված չէ՝ ինչպես իրենք։ Ամսից ավել է իր ընտանիքը միայն կարտոֆիլ է ուտում, այսօր, երեկ դա էլ չունեն: Սառնարանն է ցույց տալիս՝ այդտեղ միայն կաթ է, որ իր աշխատավայրից են տրամադրել, խոհանոցում միակ բանը, որ կարելի է ուտել, ավելի ճիշտ խմել՝ դոշաբն է:

Հաց չունեն։ Պաշարված Արցախում մթերքի անհավասար ու անարդար բաշխման մասին շատերն են խոսում:

Իսկ Դավիթ Մինասյանը միայն սովի ու Արայիկ Հարությունյանի մասին չի ահազանգում, նա բլոկադայում ապրողներն լիցքաթափում է անսպասելի առաջարկներով՝ ինչպես խորովել ձմերուկը կամ արդուկը վերածել ցնցուղի, ինքնապարգևատրվել կառավարական տալոններով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG