Ընթացակարգային առումով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձևաչափը քննարկում է, այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի ընդունում, նշել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը։
Պատասխանելով հարցին, թե ինչու Արցախում ստեղծված մարդասիրական իրավիճակի առնչությամբ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին որևէ բանաձև չընդունվեց, և արդյոք Հայաստանը չէ՞ր ներկայացրել նման փաստաթուղթ, Անի Բադալյանը նշել է, որ ՄԱԿ ԱԽ բանաձևերի նախագծեր ներկայացնելու և քվեարկության դնելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն ՄԱԿ ԱԽ 15 անդամները. Հայաստանը, չլինելով ՄԱԿ ԱԽ անդամ, նման իրավասություն չունի։
«ՄԱԿ ԱԽ ձևաչափով քննարկումը տալիս է միջազգային հանրության ուշադրությունն իրավիճակի հնարավոր աղետալի հետևանքների շուրջ կենտրոնացնելու, դրա հասցեագրման ուղղությամբ խորհրդի ջանքերն ակտիվացնելու և դրանց հնարավոր համադրման, հետագա քայլերը նախանշելու կարևոր հարթակ, հնարավորություն», - շեշտել է նա:
Ըստ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի՝ սրանով գործընթացը չի ավարտվել. նախարարությունը շարունակում է ակտիվ աշխատանքները ՄԱԿ և այլ հարթակներում։
Հարցին՝ ինչու՞ էր օգոստոսի 16-ի հրատապ հանդիպումը գումարվել ՄԱԿ «ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի սեպտեմբերի 13-ի նամակն՝ ուղղված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին» խորագրի ներքո, նա պարզաբանել է. - «2022թ. սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո հետևանքով Հայաստանի կողմից ՄԱԿ ԱԽ ներկայացված դիմումից ի վեր ձևավորվել է ՄԱԿ ԱԽ համապատասխան օրակարգային կետ՝ նշված խորագրով։ Սա ընդունված երևույթ է ՄԱԿ ԱԽ-ում և ունի շատ պարզ տեխնիկական հիմնավորում՝ ԱԽ օրակարգը չծանրաբեռնել միևնույն կամ շատ մոտ հարցերի տարբեր ձևակերպումներով»։
Լաչինի միջանցքի շրջափակման և ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ մի քանի տասնյակ նամակներ են շրջանառվել ինչպես ՄԱԿ Անվտանգության խորհրդում, այնպես էլ Գլխավոր ասամբլեայում, և այլ միջազգային հարթակներում, հավելել է Անի Բադալյանը։