Մատչելիության հղումներ

Արցախի ղեկավարությունը պետք է հասկանա, որ ճգնաժամի լուծման պատասխանատվությունը նախևառաջ իր վրա է․ իրանագետ


Արցախի ղեկավարությունը և ընդհանրապես քաղաքական դաշատը պետք է հասկանա, որ ճգնաժամը մի հարց է, որի լուծման պատասխանատվությունը նախևառաջ իրենց վրա է ընկած, և նույնիսկ իրենց քաղաքական կարիերայի գնով, նույնիսկ իրենց տարբեր նախկինում արած հայտարարությունները չեղարկելու, վերանայելու գնով պետք է հումանիտար ճգնաժամը լուծել Արցախում և վերցնել նաև պատասխանատվություն խոսելու հնարավոր լուծումների մասին, «Ազատության» հետ զրույցում ասաց իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը՝ պատասխանելով հարցին, թե իր համար ընկալելի՞ է Արցախի դիրքորոշումը Եվլախում Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպումը մերժելու քանի դեռ հումանիտար վիճակի հարցը լուծված չէ, Վագիֆ Խաչատրյանին չեն վերադարձրել։

Ընդգծելով, որ այսօր նույն հարցի վերաբերյալ տարբեր գերատեսչություններ և քաղաքական տարբեր շրջանակներ տարբեր մոտեցումներ են ցուցաբերում՝ իրանագետը շեշտեց՝ այս պահին նման շռայլություն թույլ տալու իրավունք չունենք։

«Երբ հայտարարում են, որ «չենք գնալու այս կամ այն լուծման և պայքարելու ենք, չենք հանձնվելու» և մնացած հարցերը, որոնք շատ-շատ ավելի գրավիչ են և շատ ավելի հեշտ է էդ մոտեցումները որդեգրել և ասել, որ «չհանձնվող, պայքարող տեսակ ենք բոլորս», բայց նույնիսկ պայքարի համար որոշակի ծրագիր է պետք՝ ինչպե՞ս ենք պայքարում, ո՞ւմ դեմ, ի՞նչ ռեսուրսներով և ի՞նչ նպատակին հասնելու համար ենք պայքարում։ Եթե, ի վերջո, մենք էլ գտնում ենք, որ համակեցությունն այլընտրանք չունի, ուրեմն պետք է փորձել նախևառաջ հումանիտար այդ հարցերը լուծել որևէ ճանապարհով և հետո արդեն խոսել հնարավոր մյուս ձևաչափերի ու լուծումների մասին», - ասաց Աննա Դավթյան-Գևորգյանը։

Օգոստոսի սկզբին Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց, թե Եվլախում հանդիպելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել, սակայն հայկական կողմը վերջին պահին հրաժարվել է այդ հանդիպումից՝ «առաջ քաշելով անօրինական նախապայմաններ»։ Օրեր անց պաշտոնական Ստեփանակերտն հաստատեց՝ Եվլախում Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպման պայմանավորվածություն եղել է, սակայն Արցախից Հայաստան ուղևորվող Վագիֆ Խաչատրյանի առևանգումից հետո Ստեփանակերտը մերժել է այդ պայմանավորվածությունը։

«Արցախյան կողմը Բաքվի հետ երկխոսելու առաջարկներ ստացել է, հանդիպումները, սակայն, տարբեր պատճառներով չեն կայացել։ Ինչ վերաբերում է Եվլախում հանդիպում կազմակերպելու առաջարկին, ապա դրան հաջորդել է Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգումը Լաչինի միջանցքից։ Այդ փաստի արձանագրումն իսկ մերժում է որևէ պայմանավորվածության գոյությունը», - նշել էր Արցախի նախագահի խոսնակը։

Թե Ստեփանակերտից ովքե՞ր պետք է մասնակցեին Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ի՞նչ ձևաչափով և ի՞նչ օրակարգով, պաշտոնական Ստեփանակերտը չի մանրամասնել։

Իրանագետի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG