Մատչելիության հղումներ

«Աղաչում եմ, պաղատում եմ, պահանջում եմ». - Հելեն Դադայանի մայրը վեցերորդ օրն է՝ սպասում է դստեր մարմինն իրեն՝ Արցախ հասնի


Բողոքի ակցիան Կարմի Խաչի երևանյան գրասենյակի դիմաց, 18-ը օգոստոսի, 2023թ.
Բողոքի ակցիան Կարմի Խաչի երևանյան գրասենյակի դիմաց, 18-ը օգոստոսի, 2023թ.

«Ես աղաչում եմ, պաղատում եմ, պահանջում եմ». - Հելեն Դադայանի մայրը վեցերորդ օրն է՝ սպասում է դստեր մարմինն իրեն հասնի։ Գյումրի-Երևան ավտոճանապարհին ողբերգական վթարի հետևանքով զոհված ուսանողուհու մարմինը Գորիսի դիահերձարանից ծննդավայր՝ Ճարտար չեն կարողանում տեղափոխել՝ ադրբեջանական կողմը համաձայնություն չի տալիս։

Հարազատները, այլ արցախցիներ այսօր առավոտից Ստեփանակերտի Կարմիր Խաչի գրասենյակի մոտ էին. - «Ամբողջ հինգշաբթի օրը ինձ հետ միասին իմ հարազատները, իմ գյուղացիները սպասում էինք այդ պատասխանին: Ուշ պատասխանը հասավ, որ Ադրբեջանը մերժել է», - ասաց մայրը՝ Ալվարդ Սաֆարյանը:

Տիկին Ալվարդը պատմեց՝ Կարմիր Խաչի արցախյան գրասենյակի աշխատակիցներին խնդրել է իրեն կապել որոշում կայացնողների հետ. - «Խնդրեմ եմ կապել Ժնևի կենտրոնի հետ՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կենտրոնի հետ, ապա՝ Ադրբեջանի կառույցի հետ, ինքը կապել է Ադրբեջանի կառույցի հետ, Ադրբեջանի կառույցից Ռագիլյա, Ռեգիլյա, չգիտեմ ինչ անունով մի հատ աղջիկ է խոսել, լացելով ցավակցել է ինձ և ասել, որ խոսք է տալիս այսօրվա ընթացքում տալ կոնկրետ պատասխան»:

Այսօր, սակայն, որևէ պատասխան չեն ստացել; Օրվա առաջին կեսին Կարմիր Խաչի արցախյան գրասենյակի բակում ու շենքի ներսում Հելենի հարազատներն էին. - «Կա՛մ բերեք մեր երեխայի դին, կա՛մ հեռացեք Արցախից», - ասում է աղջկա մորեղբայրը:

«Պահանջը հստակ է դրված ա՝ շենքի հայաթում մերոնք են, շենքը մեր ձեռը մնալու ա այնքան ժամանակ, մինչև էրեխեն գա: Եթե իրանք իրանց առաքելությունը չեն կարողանում կատարել, այսինքն՝ անիմաստ ա այլևս Կարմիր Խաչի ներկայությունը, ապա իրանք կարող են լքել Ղարաբաղը», - հայտարարեց Միշա Սաֆարյանը:

Նա պատմում է՝ ադրբեջանական կողմը համաձայնություն տվել էր, մնացել էին տեխնիկական հարցեր, մեքենաների համարանիշների գրանցում և այլն, ու վերջին պահին՝ մերժում։ Ադրբեջանը համաձայնել, ապա մերժել է՞. Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակից ասում են՝ երկխոսության փուլերի մասին մանրամասնել չեն կարող, աղջկա մարմինն Արցախ տեղափոխելու բանակցությունները դեռ շարունակում են։ Գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին շեշտում է՝ երաշխիք տալ չեն կարող, քանի որ որոշում կայացնողն իրենք չեն:

«Մենք չենք կարող տալ երաշխիքներ որևէ անձանց կամ որևէ կողմին, եթե չունենք համաձայնությունը կողմերի», - «Ազատությանը» ասաց Ամատունին:

Արցախի պետնախարարար Գուրգեն Ներսիսյանն էր այսօր բողոքի ակցիայի վայր եկել, հետո Հելենի ծնողների հետ ճանապարհվեցին ռուս խաղաղապահների տեղակայման վայր՝ զորախմբի հրամանատարի հետ հանդիպման:

«Էղել ա Լենցովի հետ հանդիպում, Լենցովը խոստացել ա որոշակի աջակցությունը, մանրամասները հլը չբացեմ», - նշեց Միշա Սաֆարյանը:

Հելենի մորեղբայրը շեշտում է՝ աղջկան Հայաստանում հուղարկավորելը ընտանիքը չի քննարկում։ Ծննդավայր Ճարտարում պիտի հողին հանձնեն։ Միշա Սաֆարյանի տպավորությամբ՝ ադրբեջանցիները հենց սա չեն ցանկանում, որովհետև դա նշանակելու է, որ Հելենի ծնողները երբեք Ճարտարից ու Արցախից հեռանալ չեն ցանկանա, իսկ եթե աղջիկը Հայաստանում հուղարկավորվի, մի օր կգան նրա շիրմին մոտ ապրելու։

Արցախցի աղջկա մարմինը շրջափակված ծննդավայր հասցնելու պահանջով բողոքի ակցիաներ նաև Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի առջև են կազմակերպվում: Մասնակիցներից Արեգա Հովսեփյանը շեշտում է՝ կազմակերպությունն իր միջազգային գործընկերներին էլ պիտի տեղեկացնի այս իրավիճակի մասին։

«Եթե մինչև երկուշաբթի մենք չտեսնենք կոնկրետ արդյունքներ, կոնկրետ գործողություններ, մենք նորից այստեղ հավաքվելու ենք ու որոշելու, թե ինչ ենք անում՝ հետագա մեր քայլերը», - ասաց Հովսեփյանը:

Ճնշել որքան հնարավոր է շատ ու բոլոր միջոցներով՝ սա է Ադրբեջանի քաղաքականությունն արցախցիների հարցում, ըստ Արցախի օմբուդսմենի։

«Կիրառել բոլոր հնարավոր գործիքակազմերը, որոնք որ Արցախի ժողովրդին ուղղակի կստիպեն գնալ իրենց առաջարկած այսպես ասած ինտեգրման օրակարգով կամ ուղղակի թողնել ու հեռանալ Արցախից», - ընդգծեց Գեղամ Ստեփանյանը:

Հելեն Դադայանը «Եվրասիա» միջազգային համալսարանի կառավարման ֆակուլտետի ավարտական կուրսում էր սովորում, նաև ամբիոնի վարիչի օգնականն էր, կրթաթոշակակիր ու կամավոր մի շարք ծրագրերում։ Մեկ տարի առաջ Արցախից Երևան դասի էր եկել ու շրջափակման պատճառով այլևս չէր կարողացել վերադառնալ: Ամառային արձակուրդի մի քանի օրը պատմական Արևմտյան Հայաստանում էր անցկացրել, վերադարձի ճանապարհին 11 մարդու կյանք խլած վթարն էր։

Մայրն ասում է՝ եթե շրջափակում չլիներ, աղջիկն արձակուրդին Արցախում, Ճարտարում, իր տանը կլիներ:

«Հելենի ամեն օրվա ցանկությունը՝ «մամ, մամ, հանգիստ մնա, ամեն ինչ լավ է լինելու, ես գիտեմ, ամեն ինչ լավ է լինելու»...

XS
SM
MD
LG