Մատչելիության հղումներ

Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ Արցախում խմորումների պատճառը Աղդամի ճանապարհի շուրջ տարաձայնություններն են


Ո՞րն է Արցախում ներքաղաքական խմորումների պատճառը. մինչև Արցախում իշխանությունն ու ընդդիմությունը բաց չեն խոսում իրենց հակասությունների մասին՝ բավարարվելով հիմնականում անհասցե հայտարարություններով ու կոչերով, Հայաստանի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը կարծիք է հայտնում, որ պատճառը Աղդամի ճանապարհով հումանիտար օգնության շուրջ տարաձայնություններն են։

Ըստ պատգամավորի՝ Երևանից ճնշում են, որ Ստեփանակերտը համաձայնի Բաքվի այս առաջարկին. - «Բավական ուժեր, և դա չի վերաբերում միայն քաղաքական կամ հասարակական ակտիվ դերակատարներին, Արցախի բնակչության մի մեծ հատված դեմ է այդ շահագործմանը, որովհետև համարում է, որ դա տանելու է Արցախն ադրբեջանացման, բայց Հայաստանի իշխանությունների կողմից ճնշումների մեծացումը նաև ստիպում է այնտեղ Հայաստանի իշխանության հետ համագործակցող ուժերին այդ թեման շատ ուժգնությամբ զարգացնել, ինչը բերում է նաև ներքաղաքական իրավիճակի սրմանը»։

Իսկ ո՞րն է Երևանի շահագրգռվածությունը Ստեփանակերտին նման քայլի դրդելու, Փաշինյանի ընդդիմախոս Աբրահամյանը պնդում է, թե Երևանը Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել ու գործընթացը ցանկանում է արագ ավարտին հասցնել։

«Ի վերջո, նա հայտարարել է՝ «պատրաստ եմ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում», իսկ իշխանության առանձին դեմքեր տարբեր ձևակերպումներով հայտարարում են, որ Արցախն Ադրբեջան է, այդպես էլ եղել է և այլն, դա այս պարագայում Հայաստանի իշխանությունը շտապում է գործարքը ավարտել, այդ հարցում շտապում են նաև ադրբեջանական իշխանությունները, որովհետև հասկանում են, որ Հայաստանում այս պահին ձևավորված իշխանությունը իրենց համար բարենպաստ դաշտ է ձևավորել Արցախը ամբողջական վերահսկողության տակ առնելու համար։ Դրանով է պայմանավորված, որ բոլոր կողմերից շտապում են», - նշեց Տիգրան Աբրահամյանը։

Անցած շաբաթավերջին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, թե նախագահ Արայիկ Հարությունյանը շաբաթասկզբին հրաժարականի խոստում է տվել ու չի կատարել։ Նախագահականից այս պնդումները ոչ հաստատել, ոչ հերքել են, «Ազատությանը» միայն հայտնել են, որ այդ հարցով արձագանք չի լինելու։

Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձում չէր ասել, թե կոնկրետ ով է պահանջել Հարությունյանի հրաժարականն, ու ինչու է Հարությունյանը նման խոստում տվել։

Այսօր էլ Արցախի խորհրդարանի իշխող ուժից հայտարարեցին. «Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ու դերակատարներին զերծ մնալ հակասահմանադրական և պետականաքանդ հայտարարություններից, լինել կոռեկտ ու զուսպ հայրենիքի համար այս ծանր ու դժվարություններով լի ժամանակահատվածում»։

Իշխող ուժը նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությունն էր պոպուլիստական, պետական ինստիտուտները ուղիղ թիրախավորող որակել. - «Քաղաքական ուժերը, հասարակական գործիչները պիտի վերջապես հասկանան, որ իշխանության համար պայքարն իմաստ ունի, եթե կա պետություն, որի դեմ կատարած ցանկացած քայլ կարող է ճակատագրական լինել այս փուլում։ Նեղ խմբային շահը այս պահին առաջ տանելը չի բխում Արցախի Հանրապետության շահերից և, հետևաբար, ենթակա է դատապարտպման ու կանխարգելիչ գործողությունների»։

Այսօր հայտարարություն էր տարածել նաև Արցախի Ազգային ժողովի նորընտիր նախագահ, դաշնակցական Դավիթ Իշխանյանը՝ առանց անուններ տալու։

Ընդդիմադիր քաղաքական գործիչը հայտարարել է, որ անընդունելի է, ինչպես ձևակերպում է, վերջին օրերին հանրային հարթակներում կեղծ համախմբման կոչերի քողի տակ հանդես եկող որոշ դեմքերի՝ Արցախի պետականության կազմաքանդմանն ուղղված քայլերը։

«Բոլոր այն քայլերը, որոնք միտված են սեպ խրելու և ընդհանրապես պետական կառույցների տարանջատմանն ու հակադրությանը, բացառապես թշնամանք են ստեղծում երկրի ներսում և ջուր լցնում թշնամու ջրաղացին: Վստահ եմ՝ այս ծանր օրերին ուժային և իրավապահպան կառույցների ներկայացուցիչները գիտակցում են պետականության պահպանման գինն ու կարևորությունը ու նրանց վստահված մեր անվտանգությունն ու ներքին անդորրի պահպանումը», - շեշտել է նա։

Արցախում ստեղծված իրավիճակի համար Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանն էլ նախկին պետնախարարին ու խորհրդարանական ընդդիմությանն է մեղադրում։

Ստեփանակերտում նաև տեսակետ կա, որ ներքաղաքական խմորումների պատճառը իրականում տարաձայնություններն են ղարաբաղյան խնդրի կարգավորման տարբերակների կամ կարգավորումից ընդհանրապես հրաժարվելու վերաբերյալ։

Հարությունյանի հրաժարականի լուրերի մասին խոսակցությունները սկսեցին շրջանառվել, երբ Տիգրան Պետրոսյանը հրապարակեց Ռուսաստանի արտգործնախարարին վերագրվող ենթադրյալ մի փաստաթուղթ։

Պետրոսյանը հետո էլ պնդեց՝ օրեր առաջ իր կողմից հրապարակված փաստաթուղթը իրական է և պաշտոնապես դրվել է բանակցությունների սեղանին։ Մի քանի էջանոց ենթադրյալ փաստաթղթում, մասնավորապես, նշվում է՝ ինչ իրավունքներ կարող են ունենալ Ղարաբաղի բնակիչներն Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակով։ Արցախի արտգործնախարությունից ավելի վաղ ասել էին, թե Մոսկվայից նման առաջարկ չեն ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG