Մատչելիության հղումներ

«Արցախցիների փրկության պատասխանատվությունն արդեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա է»


Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակով արցախցիների իրավունքների ապահովման վերաբերյալ որևէ փաստաթուղթ Ստեփանակերտը չի ստացել Մոսկվայից, «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը։

Նախօրեին Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանն էր նման մի ենթադրյալ փաստաթուղթ հրապարակել Ֆեյսբուքում, պնդելով, թե դրանում Արցախի հարցով Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի առաջարկներն են։

«Հուլիսի 27-ին Արտգործնախարարության հայտարարության մեջ անդրադարձ կատարվել է նման տեսլականին, որը նախատեսում է ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում մեր իրավունքների ապահովմանը: Մենք շատ հստակ նշել ենք, որ սա իրականությունից կտրված տեսլական է: Սա ոչ միայն մեր կարծիքն է, այլ սրա մասին փաստում են այն իրողությունները, որոնք մենք ունենք գետնի վրա», - նշեց Ղազարյանը:

Պաշտոնական Երևանն առայժմ չի անդրադարձել այս փաստաթղթին։ Մոսկվայում հուլիսի 25-ին արտգործնախարարների մակարդակով եռակողմ բանակցություններից շաբաթներ անց ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումից ժամեր առաջ հրապարակվեց Լավրովին վերագրվող ենթադրյալ փաստաթուղթը։ Ինքը՝ Լավրովը հենց մոսկովյան բանակցությունների օրն էր ասել, թե Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների քննարկման համար մի շարք փաստաթղթեր են պատրաստվում, բայց դրանց բովանդակությունը չէր բացահայտել։

Համացանցում հայտնված փաստաթուղթն այսպիսի վերնագիր ունի՝ «Խորհրդային Ադրբեջանի նախկին Ինքնավար Մարզ Լեռնային Ղարաբաղի տարածքում հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման հիմնարար սկզբունքներն ու պարամետրերը Ադրբեջանի օրենսդրության համաձայն», և պարունակում է 14 կետ:

Ըստ այդ առաջարկների՝ հայ բնակչությունը պետք է հավասար իրավական պաշտպանություն ունենա և խտրականության չենթարկվի, պետք է համամասնորեն մաս կազմի Ադրբեջանի օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությանը։ Նշվում է, որ հայերենը պետք է ազատ օգտագործվի ադրբեջաներենի հետ պաշտոնական գրագրութան մեջ և հանրային վայրերում, հայերի մասնավոր ունեցվածքի անձեռնմխելիությունը պետք է երաշխավորվի։

Եվլախի հանդիպման առաջարկը մերժվել է Վագիֆ Խաչատրյանի առևանգումից հետո

Արցախի արտգործնախարարն անդրադարձավ նաև Ադրբեջանի Եվլախ քաղաքում Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպման առաջարկին: Սերգեյ Ղազարյանը շեշտեց՝ արցախյան կողմը մերժել է այդ առաջարկը Լաչինի անցակետից Վագիֆ Խաչատրյանի առևանգումից հետո. - «Այդ տրամաբանությամբ ինչ-որ հանդիպումներ, հատկապես՝ առանց միջազգային միջնորդների, առանց երրորդ կողմի ներկայությամբ հանդիպումներ Ադրբեջանի տարածքում անհնար է»:

Ըստ Ղազարյանի՝ Ստեփանակերտը պարբերաբար ռուս խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմին հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ առաջարկներ է փոխանցում, բայց դրանք մերժվում են։ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները վերջին անգամ գարնան սկզբին են հանդիպել: Ստեփանակերտը հայտնել էր, որ դրա ընթացքում տեխնիկական ու հումանիտար հարցեր են քննարկվել։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ մարտի 1-ին կայացած հանդիպումից ​հետո Ադրբեջանը իր խողովակներով Լեռնային Ղարաբաղի իշխանությանը փոխանցել է՝ «կա՛մ ընդունում են ինտեգրացիոն քաղաքականությունը, կա՛մ խնդիրները չեն լուծվելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»։

Աղդամի ճանապարհին համաձայնելը կօրինականացնի Լաչինի միջանցքի շրջափակումը

Սերգեյ Ղազարյանն առցանց ձևաչափով քննարկմանը նաև բացատրեց, թե ինչու է Ստեփանակերտը հրաժարվում Աղդամի ճանապարհով հումանիտար օգնությունից։ Դրանով, ըստ Արցախի արտգործնախարարի, կօրինականացվի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը։

«Ադրբեջանը հստակ ուզում է, որպեսզի այդ կապը՝ Հայաստանի միջև և Արցախի Հանրապետության միջև, կտրի՝ արգելափակելով Լաչինի միջանցքը: Եվ երկրորդը՝ որևէ միջազգային օգնություն չպետք է նսեմացնի մարդու արժանապատվությունը, հետևաբար՝ եթե Ադրբեջանը ինքնուրույն է ստեղծել նման ծանր իրավիճակ՝ միտումնավոր մատնելով սովի ավելի քան 120 հազար մեր հայրենակիցներին, սա ուղղակի, այդ կեղծ փորձերը՝ ներկայանալ մարդասիրական ինչ-որ մոտեցումներով, անընդունելի պետք է լինեն», - ասաց Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ղազարյանը շեշտեց՝ սա միայն Արցախի իշխանությունների դիրքորոշումը չէ, նաև շարքային արցախցիներն են այդպես մտածում։

Երկու ամիս լիակատար շրջափակման պայմաններում Արցախում նաև սովամահության դեպք է արձանագրվել։ Օրերս 40-ամյա մի տղամարդու մահվան մասին ահազանգեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։ Գեղամ Ստեփանյանը դատաբժշկակական եզրակացությունն էր վկայակոչել, ըստ որի՝ տղամարդը մահացել է քրոնիկ թերսնուցման հետևանքով։

Ստեփանակերտից նաև ահազանգում են՝ հազարավոր հիվանդներ մնացել են առանց կյանքեր փրկող դեղամիջոցների, տարբեր հիվանդություններից մահացության դեպքերն ավելացել են, տեղում եղած սննդի պաշարները սպառման եզրին են։

Պատասխանատվությունն արդեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա է

Արցախում վերջին շաբաթներին տիրող իրավիճակը ցեղասպանություն որակած Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն երեկ անցկացված քննարկմանը պնդեց՝ արցախցիների փրկության պատասխանատվությունն արդեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա է։

«Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը պետք է այս հարցով միաձայն գործողությունների դիմեն: Եվ Ուկրաինայում հակամարտությունը, իհարկե, նրանց կարծիքների միջև տարբերություններ է առաջացնում, վեճ է նրանց միջև առաջացրել, բայց այս հարցով նրանք պետք է համաձայնության գան: Ժամանակն է ևս մեկ ցեղասպանություն կանխել հայերի դեմ: Այսքանը ես կարող եմ ասել», - հայտարարեց Օկամպոն:

Նախօրեին Երևանի նախաձեռնությամբ հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին անդամների մեծամասնությունը համակարծիք էր, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Արդյոք այս քննարկմանը կհաջորդի Արցախի հարցով բանաձևի կամ հայտարարության ընդունումը, դեռ հստակ չէ։

XS
SM
MD
LG