Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը հուսով է՝ միջանցքի հարցը կլուծվի ու արցախցիները ստիպված չեն լինի ավտոբուսներով հասնել Հակարիի կամուրջ


Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման անդամները առաջիկա օրերին ծրագրում են ավտոբուսներով ավտոերթ կազմակերպել դեպի ադրբեջանցիների կողմից փակված Հակարիի կամուրջ։

Նախաձեռնող խմբի անդամ Գագիկ Ավանեսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրենց այդ քայլով փորձելու են ցույց տալ աշխարհին, որ Ալիևը ստում է, թե ճանապարհը բաց է։ Ընդ որում՝ Ավանեսյանն ընդունում է՝ նախաձեռնությունը ռիսկային է և վտանգներ է պարունակում, բայց այլ տարբերակ չունեն։

«Միանշանակ վտանգավոր ենք համարում, մենք լրիվ ռիսկերը հաշվարկում ենք, ընդհուպ այն, որ ռուս խաղաղապահները կարող են մեզ երաշխիքներ տան՝ անվտանգ Շուշիի կողքով անցնելու, բայց չկատարեն իրենց խոստումը», - նշեց Ավանեսյանը:

«Ազատության» հարցին՝ Վագիֆ Խաչատրյանի օրինակն ունենալով մարդիկ չե՞ն վախենա մասնակցել այդ ավտոերթին, նախաձեռնող խմբի անդամը պատասխանեց. - «Վախեն-չվախեն ուրիշ ճանապարհ չունենք: Վագիֆ Խաչատրյանի օրինակն էլ հենց այն օրինակն է, որ ամեն մեկը հասկանում է, որ նույնն իրեն է սպասում: Հիմա Ստեփանակերտում տունը նստած կարա սպասի՝ երբ են գալու տնից տանեն կամ փորձենք պայքարել»:

Տասնյակ ավտոբուսներ, որոնք մարդկանց պետք է տեղափոխեն Հակարիի կամուրջ, արդեն մի քանի օր է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում են։ Գագիկ Ավանեսյանի խոսքով՝ մինչև Հակարիի կամուրջ ուղևորվելը դեռ պետք է կազմակերպչական մի շարք հարցեր լուծել, նախ ցուցակագրում են երթին մասնակցելու ցանկություն հայտնած արցախցիներին, նաև պետք է լուծեն սննդի և ջրի հարցը, քանի որ չեն բացառում, որ ադրբեջանցիները կարող է թույլ չտալ անցնել կամուրջը և իրենք ստիպված կլինեն մնալ ավտոբուսներում։

Արդեն իսկ, ըստ Ավանեսյանի, հարյուրավոր մարդիկ ցանկություն են հայտնել միանալ ավտոերթին:

Հարցին՝ կգտնե՞ն այնքան վառելիք, որ այդքան ավտոբուս դուրս գա ավտոերթի, Ավանեսյանը պատասխանեց. - «Մեզ նվազագույն վառելիք է պետք լինելու մինչև կամուրջին հասնելը: Հետ գալու համար մենք արդեն կա՛մ Տեղ գյուղից կլիցքավորենք մեքենաները, կա՛մ Գորիսից»:

Իսկ եթե ադրբեջանական կողմը թույլ չտա անցնել անցակետը, նա նշեց. - «Մենք խաղաղ պայքարի կողմնակիցներ ենք, մնացածը տեղում ցույց կտա: Ցանկացած տարբերակ քննարկում ենք, բայց ուժի կիրառումը միանշանակ բացառվում է»:

Նախաձեռնության անդամ Արթուր Օսիպյանն էլ ֆեյսբուքյան լայվի ընթացքում հայտնեց. - «Ժամը 8-ի կողմերը կհավաքվենք և այս ավտոներից մեկով կմեկնենք Իվանյան գյուղ տեղում ռուսներից պատասխանները ստանանք: Ի՞նչ են անելու, ուղեկցելու են, որպեսզի խաղաղ երթի անվտանգությունն ապահովեն»:

«Թատերական այդ ներկայացումը ուղղորդվում է Հայաստանի ու Արցախի իշխանությունների կողմից». ընդդիմադիր պատգամավոր

Ավտոբուսով դեպի Հակարիի կամուրջ ուղևորության շուրջ Արցախում միասնական մոտեցում չկա: Խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պնդում է՝ եթե 100-ավոր քաղաքացիներ ցանկություն են հայտնել մասնակցել խաղաղ ակցիային, ապա իր համոզմամբ, հազարավոր մարդիկ էլ դեմ են դրան։

Ինչպես ընդդիմադիր պատգամավորն է պնդում՝ «թատերական այդ ներկայացումը ուղորդվում է Հայաստանի ու նաև Արցախի իշխանությունների կողմից»։ Իսկ նպատակը, ըստ Մետաքսե Հակոբյանի, մեկն է՝ թիրախավորել ռուսական խաղաղապահ զորակազմը։

«Նախ՝ իրենք չեն հասնելու Հակարիի կամուրջ, և իրենք չունեն էլ այդ նպատակն, այնպես որ ես խնդրում եմ այդ թատերական ներկայացումն այդքան էլ լուրջ չընդունել և չվերաբերվել: Առաջին անցակետում, երբ ռուս խաղաղապահներն են կանգնած լինելու, իրենք, բնականաբար, սադրելու են և ցույց են տալու, որ ռուս խաղաղապահները թույլ չեն տալիս իրենց անցնել և պահանջելու են ռուս խաղաղապահների ուղեկցումն իրենց: Բայց ինչպե՞ս դա կանեն ռուս խաղաղապահները, ո՞վ է ասել, որ դա իրենց գործառույթների մեջ է մտնում կամ իրենք պիտի դառնան ակցիայի պաշտպանները, այդպիսի բան չի կարող լինել», - ընդգծեց Հակոբյանը:

Հակարիի կամուրջի ապաշրջափակումը, ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, չի կարող լուծվել ռուս խաղաղապահների ու ինչ-որ խաղաղ ակցիաների միջոցով։ Խնդիրը պետք է քաղաքական լուծում ստանա՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։

Արայիկ Հարությունյանն ըմբռնումով է մոտենում հանրային նախաձեռնություններին

Արցախի իշխանությունից մինչդեռ վստահեցնում են՝ ոչ ավտոբուսներով և ոչ էլ վառելիքով չեն աջակցում դեպի Հակարիի կամուրջ ուղևորվող քաղաքացիներին։

Պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսում» փոխանցեց, որ իր ունեցած տեղկեություններով՝ այդ ամենը մասնավոր ինչ-որ ընկերություն է տրամադրում, բայց քանի որ գործընթացում ներգրավված չէ, բավարար տեղեկություններ չունի։

Ինչ վերաբերում է ակցիայի մասնակիցների անվտանգության հետ կապված հնարավոր ռիսկերին, ապա Արտակ Բեգլարյանն ընդունում է՝ այդպիսիք կան, բայց այժմ պետական մարմինները քննարկումներ են անցկացնում ակցիայի նախաձեռնողների հետ՝ հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար։

«Ինքնին, բնականաբար, նմանատիպ նախաձեռնությունները որոշակի ռիսկեր պարունակում են՝ և՛ անվտանգային, և՛ կարող է լինել նաև քաղաքական: Իսկ արդյունքները կախված են նաև այդ ռիսկերից, կախված են ռուս խաղաղապահների կողմից արձագանքից, ադրբեջանական կողմից արձագանքից ու ակցիայի մասնակիցների վարքից, դրա համար ես կդժվարանամ վերլուծել բոլոր ռիսկերն ու հնարավոր արդյունքները», - ասաց Բեգլարյանը:

Նախագահ Արայիկ Հարությունյանի գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին, որ նա ըմբռնումով է մոտենում հանրային նախաձեռնություններին։ Հարությունյանը հուսով է, որ Լաչինի միջանցքի ապարջափակման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցները արդյունավետ կլինեն, և արցախցիները ստիպված չեն լինի նման քայլերի դիմել։ Թե այժմ կոնկրետ ի՞նչ միջոցներ են ձեռնարկում Արցախի իշխանությունները, չեն մանրամասնել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG