Արցախի Ասկերանի շրջանի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանը բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից Հայաստան գնալու ճանապարհին, փոխանցում է Արցախի դատախազությունը։
«2023 թվականի օգոստոսի 01-ին, ժամը 17-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջների խախտմամբ տեղադրված հսկիչ- անձնագրային կետը շրջանցելով՝ ՀՀ գնալու ճանապարհին, Ադրբեջանի Հանրապետության անհայտ զինծառայողների կողմից ըստ ազգային պատկանելության, Ռ. Բեգլարյանի կամքին հակառակ, բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է, ինչին հետևել է վերջինիս անհետանալը», - ասված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործության հատկանիշներով:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Շուշիի և Քաշաթաղի շրջանների դատախազությունը:
Հայաստանի կառավարությունն արդեն դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որ վերջինս Ադրբեջանից տվյալներ պահանջի Ռաշիդ Բեգլարյանի պահման պայմանների, առողջական վիճակի մասին։ Բաքուն մինչև այժմ հայտնել է միայն այն, որ «քաղաքացին խախտել է» ադրբեջանա-հայկական սահմանն ու բերման ենթարկվել։