Մատչելիության հղումներ

Հարյուրավոր արցախցիներ ցանկություն են հայտնել միանալ դեպի Հակարիի կամուրջ ավտոերթին. նախաձեռնող խմբի անդամ


Ադրբեջանցիները փակել են Հակարիի կամուրջը, 23-ը հունիսի, 2023թ․
Ադրբեջանցիները փակել են Հակարիի կամուրջը, 23-ը հունիսի, 2023թ․

Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման անդամները առաջիկա օրերին ծրագրում են ավտոբուսներով ավտոերթ կազմակերպել դեպի ադրբեջանցիների կողմից փակված Հակարիի կամուրջ։

Նախաձեռնող խմբի անդամ Գագիկ Ավանեսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրենց այդ քայլով փորձելու են ցույց տալ աշխարհին, որ Ալիևը ստում է, թե ճանապարհը բաց է։

Ընդ որում, Ավանեսյանն ընդունում է՝ նախաձեռնությունը ռիսկային է և վտանգներ պարունակում է, բայց այլ տարբերակ չունեն։

«Միանշանակ վտանգավոր ենք համարում, մենք լրիվ ռիսկերը հաշվարկում ենք, ընդհուպ այն, որ ռուս խաղաղապահները կարող են մեզ երաշխիքներ տան անվտանգ Շուշիի կողքով անցնելը, բայց չկատարեն իրենց խոստումը», - ասաց Ավանեսյանը։

Հարցին, թե Լաչինի կամրջից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի օրինակն ունենալով մարդիկ չեն վախենա՞ մասնակցել ավտոերթին, նախաձեռնող խմբի անդամը պատասխանեց․ - «Վախենան-չվախենան ուրիշ ճանապարհ չունենք։ Վագիֆ Խաչատրյանի օրինակը հենց էն օրինակն է, որ ամեն մեկն արդեն հասկանում է, որ նույնն իրեն է սպասում։ Հիմա Ստեփանակերտում տունը նստած կարա սպասի, թե երբ են գալու տնից տանե՞ն, փորձենք պայքարենք»։

Տասնյակ ավտոբուսներ, որոնք մարդկանց պետք է տեղափոխեն Հակարիի կամուրջ, արդեն մի քանի օր է Վերածննդի հրապարակում են։

Գագիկ Ավանեսյանի խոսքով՝ մինչը Հակարիի կամուրջ ուղևորվելը դեռ պետք է կազմակերպչական մի շարք հարցեր լուծել, նախ ցուցակագրում են երթին մասնակացելու ցանկություն հայտնած արցախցիներին, նաև պետք է լուծեն սննդի և ջրի հարցը, քանի որ չեն բացառում՝ ադրբեջանցիները կարող է թույլ չտան անցնել կամուրջը և իրենք ստիպված կլինեն մնալ ավտոբուսներում։

Արդեն իսկ, ըստ Ավանեսյանի, հարյուրավոր մարդիկ ցանկություն են հայտնել միանալ ավտոերթին։

Ավանեսյան․ - Մենք մտածում ենք, որ էնտեղի ավտոբուսներն ավելի քիչ են, քան թե մարդիկ են լինելու, մենք պետք է ուրիշ տրանսպորտի համար էլ մտածենք։

«Ազատություն»․ - Այսինքն՝ արդեն մի քանի տասնյակ մարդ ցանկություն հայտնե՞լ է։

Ավանեսյան․ - Մի քանի տասնյակ չի, հարյուրավոր է։

«Ազատություն»․ - Վառելիքի հետ կապված խնդիր չեք ունենալո՞ւ, որովհետև ասում են, որ անգամ շտապօգնության համար անհրաժեշտ վառելիք չկա։ Այդքան վառելիք կգտնե՞ք, որ այդ չափ ավտոբուսներ դուրս գան։

Ավանեսյան․ - Մեզ նվազագույն վառելիք է պետք լինելու՝ մինչև կամուրջը հասնելու։ Հետ գալու համար մենք կա՛մ Տեղ գյուղից կլիցքավորենք մեքենաները, կա՛մ Գորիսից։

«Ազատություն»․ - Այսինքն՝ դուք հույս ունեք, որ անցնելու եք, դեռ մի բան էլ լիցքավորելու եք մեքենաները։

Ավանեսյան․ - Այո։

«Ազատություն»․ - Իսկ եթե ադրբեջանցիները թույլ չտան, դուք ուժով անցնելո՞ւ եք։

Ավանեսյան․ - Մենք խաղաղ պայքարի կողմնակիցներ ենք, մնացածը տեղում ցույց կտա, ցանկացած տարբերակ քննարկում ենք, բայց ուժի կիրառում միանշանակ բացառվում է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG