Մատչելիության հղումներ

Վերջին հինգ օրում երկրորդ արցախցին է Բաքվի իրավապահների հսկողության ներքո հայտնվում


Ադրբեջանցի սահմանապահների կողմից երեկ երեկոյան ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանի որդիները տեղյակ չեն, թե հայրն ինչու է գնացել Հին Շեն գյուղ, ապա այնտեղից հայտնվել Աղավնոյի մոտակայքում:

«Չգիտենք մենք, մեզ հետ չէր ապրում։ Մենք էլ ենք ինտերնետից իմացել», - «Ազատությանն» ասաց Արմեն Բեգլարյանը։

Այսօր առավոտից Արմեն Բեգլարյանը հոր մասին որևէ տեղեկություն ստանալու համար Արցախի օմբուդսմենի, Կարմիր խաչի գրասենյակներ էր գնացել։ Առայժմ լուր չկա։ Հայաստանի կառավարությունն արդեն դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որ վերջինս Ադրբեջանից տվյալներ պահանջի Ռաշիդ Բեգլարյանի պահման պայմանների, առողջական վիճակի մասին։ Բաքուն մինչև այժմ հայտնել է միայն այն, որ «քաղաքացին խախտել է» ադրբեջանա-հայկական սահմանն ու բերման ենթարկվել։

Ռաշիդ Բեգլարյանը մինչև 44-օրյա պատերազմը Շուշիում էր ապրում, պատմում է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը. - «Մարդ է էլի, իր համար աշխատում էր, եթե ասեմ՝ գլուխը ցնդված է, ցնդված չէ, նորմալ մարդ է», - ասաց նա, - «Շուշին ազատագրվելուց հետո երկար տարիներ ապրել է Շուշիում, որպես վարորդ էր աշխատում։ Նորմալ ընտանիքի մարդ է, կինը մահացած է, ունի երկու տղա, մի աղջիկ»։

Շուշին Ադրբեջանի հսկողության տակ անցնելուց հետո տղամարդը միայնակ բնակվում էր Ասկերանի Խնձրիստան գյուղում՝ հայրական տանը։ Ինչո՞ւ էր օրեր առաջ այնտեղից գնացել Շուշիի շրջանի Հին Շեն գյուղ. Խնձրիստանի գյուղապետն ասում է՝ չգիտենք, ոչ մեկի հետ չի կիսվել։

Ռաշիդ Բեգլարյանը Հին Շենից մոտեցել է Աղավնոյին, գրեթե Հակարիի անցակետին։ Արցախում լսել են, թե ադրբեջանցի սահմանապահները նրան գտել են Հակարի գետում։ Արցախի ազգային Անվտանգության ծառայությունից հայտնում են՝ 61-ամյա արցախցին ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։ Միջադեպի մասին Արցախի իշխանությունները տեղեկացրել են ռուս խաղաղապահ ուժերին։


Վերջին հինգ օրում արդեն երկրորդ արցախցին է Բաքվի իրավապահների հսկողության ներքո հայտնվում։ Շաբաթ օրը ադրբեջանցի սահմանապահները Հակարիի անցակետում Կարմիր խաչի մեքենայից իջեցրին ասկերանցի Վագիֆ Խաչատրյանին։ Նա Երևան սրտի հրատապ վիրահատության էր գալիս, բայց ադրբեջանցիները նրան տարան Բաքու՝ 90-ականներին ադրբեջանցիների «սպանելու» մեղադրանքով։

Վագիֆ Խաչատրյանի դուստրը մի քանի օր է՝ Կարմիր խաչի երևանյան գրասենյակի առջև պահանջում է գոնե տեսազանգի հնարավորություն, որ տեսնի, թե հայրը ինչ վիճակում է. - «Եթե այս պահին տեսազանգը հնարավոր չէ, գոնե զանգ, ես հորս ձայնից կհասկանամ ամեն բան»։

Կազմակերպությանն է ուղղում նաև գլխավոր հարցադրումը՝ ինչպե՞ս է մարդասիրակական առաքելություն իրականացնող կառույցին վստահած հիվանդ մարդը առևանգվել։ Կարմիր խաչին հարցեր ունի նաև միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը. - «Կարմիր խաչը գիտակցված կամ չգիտակցված կերպով դարձավ այն համագործակցող սուբյեկտը, որի միջոցով նախապատրաստվեցին և իրականացվեցին մարդու իրավունքի խախտումներ։ Եթե չլիներ Կարմիր խաչը իր մանդատով, ապա Վագիֆ Խաչատուրյանը չէր հայտնվի Ադրբեջանի իրավազորության ներքո»։

Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ Ադրբեջանն օգտագործել է Կարմիր խաչին արցախցուն կեղծված քրեական հետապնդման զոհ դարձնելու համար, բայց կազմակերպությունն էլ Սահակյանի տպավորությամբ կոշտ չի գործել, արդյոք ձերբակալման վտանգն զգալով ահազանգե՞լ են կենտրոնական կառույցին։

Միջազգային իրավունքի մասնագետը շեշտում է՝ Ադրբեջանը Կարմիր խաչի համար պարբերաբար ռիսկեր է ստեղծում, կազմակերպությունն էլ իր գործունեությունը շարունակելու համար զգուշավոր է, բայց փաստն այն է, որ արդեն ոչ հիվանդների է կարողանում տեղափոխել, ոչ էլ սնունդ ու դեղ հասցնել արցախցիներին. - «Եթե Կարմիր խաչն այլևս զրկված է մարդասիրական գործունեությունից, ես չեմ կարծում, որ գործունեությունն է ինքնին պաշտպանվում, և պետք չէ այլևս վախենալ նոր խոչընդոտներից, դրանք փակված են, այսինքն՝ Կարմիր խաչը, կարծես թե, հայերի առնչությամբ մարդասիրական գործունեություն իրականացնելու հնարավորություններից զրկված է, և այստեղ ես պաշտպանության ենթակա այլ շահեր չեմ տեսնում»։


Ադրբեջանի նախագահի «Եվրանյուզին» տված վերջին հարցազրույցում անդրադարձ կա Կարմիր խաչի գործունեությանը, և այն տալիս է մի շարք հարցերի պատասխաններ։ Ինչո՞ւ Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը Բաքվին չի ենթարկվում, հարցնում է Ալիևը։

Արցախում այսօր հարյուրավոր ծանր հիվանդներ կան, որ պետք է Կարմիր խաչի ուղեկցությամբ Երևան տեղափոխվեին, կազմակերպությունն այժմ անցակետով տեղափոխում չի իրականացնում, եթե այդ գործունեությունը վերսկսի, ծանր հիվանդները պիտի ընտրություն կատարեն առևանգվելու ռիսկի և բուժման շանսի միջև։

XS
SM
MD
LG