«Միայնակությունն էր խնդիրը, ինչո՞ւ էինք միայնակ»
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իր գործունեության շուրջ մեկուկես տարվա ընթացքում արդեն հարցեր է ուղղել Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին ու ներկա պետերին, նախկին արտգործնախարարին, վարչապետին և օրերս էլ պաշտպանության նախկին նախարարին։
Արդյո՞ք հանձնաժողովը արդեն ստացել է գլխավոր հարցի պատասխանը՝ ինչո՞ւ Հայաստանի զինված ուժերը պարտություն կրեցին և տարածքային ու մարդկային ահռելի կորուստներ ունեցան։
Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե դեռ հեռու են ամբողջ ծավալով ներկայացնելու զեկույցը, բայց ինքն արդեն պատկերացումներ ունի պարտության հիմնական պատճառների մասին։
«Դրանք մեկօրյա չեն, մեկ տարվա չեն, դրանք գալիս են հեռվից, երբ մենք մեր անտարբերության, ինքնավստահության ավելորդ չափաբաժնի պատճառով, տարածաշրջանի ամենամարտունակ բանակի դրոշը կառուցելով և դրա տակ մտնելով և ոչինչ չանելով, կոռուպցիային հնարավորություն տալով, որպեսզի արմատավորվի մեր Զինված ուժերում։ Այդ խնդիրները պետք է չլինեին, որպեսզի մենք մտածեինք՝ եթե պարտություն լիներ, ապա պարտության մեջ մեղադրեինք ընդամենը մեր կարողություներին, բայց պարտության մեջ նաև մեծ նշանակություն է ունեցել մարդկային գործոնը, անտարբերությունը և կառավարման այդպիսի անտարբեր իրավիճակը», - ասաց նա «Ազատության» հետ զրույցում։
Արդյոք մեղավորը այսօրվա իշխանությունը չէ՞. Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե վարչապետ Փաշինյանը երբևէ չի ասել, որ խուսափում է պատասխանատվությունից. - «Ամեն իշխանություն իր չափաբաժինն ունի այս պարտության մեջ։ Մեր իշխանությունը 18-ին ձևավորվել է, և 20 թվականի պատերազմի ընթացքում ինքը իրացրել է այն ռեսուրսը, որը ժառանգել է նախկինից, իսկ նախկինից ժառանգած ռեսուրսն իր մեջ այնքան թերություններ է պարունակել, այսպես ասեմ՝ պահեստների թերությունը թերություն էր, որը հնարավոր էր վերականգնել. այլ թերություններ, որոնք արմատավորված էին բանակում, որի անունը, ասենք, Վազգեն Սարգսյանը կասեր, անտարբերություն, որը դավաճանությունից էլ վատ է։ Այնուամենայնիվ, ընդունելով պատերազմը հակառակորդի կողմից սանձազերծված՝ մենք 44 օր դիմակայել ենք, ընդ որում միայնակ, այդ միայնակությունն էր խնդիրը, ինչո՞ւ էինք միայնակ, ինչո՞ւ Ադրբեջանն ուներ աջակիցներ՝ և ռազմական առումով, և արտաքին քաղաքական առումով, իսկ մենք միայնակ էինք։ <>
Այսօրվա իշխանության ձախողումների մասին խոսել է հանրապետության վարչապետը, և Նիկոլ Փաշինյանը երբեք չի ասել, որ ես պատասխանատվությունից խուսափում եմ»։
Զինված ուժերը պետք է կանխատեսեին Թուրքիայի ներգրավածության հնարավորությունը. Քոչարյան
Քննիչ հանձնաժողովի նախագահն ասում է՝ գրեթե մոտ են վերջնակապես հասկանալու, թե ինչու պաշտոնյաներն ամբողջ ծավալով տեղեկացված չէին մոտալուտ պատերազմի մասին, որոնք են եղել այն պաշտոնյաները, որոնք իրենց պարտականությունները լիարժեք չեն կատարել։ Ի դեպ, ավելի վաղ վարչապետ Փաշինյանը քննիչ հանձնաժողովում ասել էր, թե մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը, այսինքն՝ պատերազմից երկու օր առաջ համապատասխան մարմինները պատերազմի հավանականությունը ընդամենը 30 տոկոս են գնահատել։
Նախօրեին քննիչ հանձնաժողով կանչված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, թե ճիշտ չէին հաշվարկել Թուրքիայի ներգրավվածության հնարավորությունը պատերազում։ Մինչդեռ, Անդրանիկ Քոաչրյանը հակադարձում է՝ սպասվող պատերազմի պայմաններում Զինված ուժերը պետք է կանխատեսին, հատկապես որ եղել են հետախուզական տվյալներ, որ մեծանում են Թուրքիայի ներգրավվածության ռիսկերը։
«Իհարկե, պետք է նախ կանխատեսեին, որ Թուրքիան ամեն ինչ անելու է, որպեսզի ինչ-որ պահից ավելի մեծ ներգրավվածության ունենա տարածաշրջանում, ոչ միայն ունենա մասնակցություն, այլ նաև առաջնորդություն վերցնի իր ձեռքը, առավել ևս երբ մենք նայում ենք նաև բանակի հետախուզության նախկին պետի վերլուծությունները, այնտեղ հստակ գրված է, և բնականաբար, այդ վերլուծություններին նաև ծանոթացնում են որոշակի պաշտոնյաների, որ մոտենում են Թուրքիայի ներգրավվածության ռիսկերը։ Մենք այդ հարցը երեկ տվել ենք փակ մասում պարոն Տոնոյանին և ստացել ենք պատասխաններ, բայց ոնց որ թե այդ վերլուծությունը ինքը չէր հիշում, որը մտահոգիչ է», - նշեց պատգամավորը։
«Նախապատերազմական շրջանում կանխատեսումները եղել են շատ ինտուիտիվ»
Անդրանիկ Քոչարյանի փոխանցմամբ՝ հանձնաժողովի գործունեության ընթացքում բացթողումների վերաբերյալ ամենակարևոր բացահայտումներից մեկն այն է, որ նախապատերազմական շրջանում կանխատեսումները եղել են շատ ինտուիտիվ և ոչ թե հիմնված համապատասխան կառույցների վերլուծությունների հիման վրա։
Հարցին, թե արդյո՞ք դա Դավիթ Տոնոյանի թերացումն է եղել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. - «Ո՛չ, համակարգերի»։
Ի դեպ, հարցին, թե ի՞նչն էր Հայաստանի հանգստության պատճառը, որ Թուրքիան չի ներգրավվի պատերազմում, պաշտպանության նախկին նախարարը քննիչ հանձնաժողովի նիստում սլաքներն ուղղել էր դեպի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, ասելով, թե հաշվի են առել Ռուսաստանի հետ ռազմավարական գործակցությունն ու ՀԱՊԿ-ին անդամակցությունը։
Արդյո՞ք 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը արձանագրել է նման հանգամանք, որ ռազմավարական դաշնակիցը բավարար չափով աջակցություն չի տրամադրել Հայաստանին։
«Եթե Դուք ֆիքսել եք, դա նշանակում է, որ մենք էլ ենք ֆիքսել։ Խնդիրներ կան, որոնք զեկույցում կներառվեն, արդեն բացահայտ իրողություններ կան, բայց նաև կան իրողություններ, որը հանրությանը հասանելի չի կարող լինել։ Դրանք իրենց մեջ շատ մեծ, խիստ պետական գաղտնիքներ են պարունակելու»,- շեշտեց նա։
Սեպտեմբերին քննիչ հանձնաժողով կկանչվի Ջալալ Հարությունյանը
Առաջիկայում քննիչ հանձնաժողով է կանչվելու նաև Արցախի պաշտպանության բանակի նախկին ղեկավար Ջալալ Հարությունյանը, ով 44-օրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորվեց և ազատվեց պաշտոնից։ Նա այժմ մեղադրվում է ապատերազմի ժամանակ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, որի հետևանքով ծանր կորուստներ են եղել։
«Մենք որոշել ենք պարոն Հարությունյանի հետ մեր հանդիպումը կազմակերպել սեպտեմբեր ամսվա ընթացքում, մենք նաև պլանավորել ենք, որ բազմաթիվ հարցեր արդեն հասունացած են, որ պետք է տանք Արցախի Հանրապետության ղեկավարությանը՝ հանձինս Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին», - հայտնեց Քոչարյանը։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը իր զեկույցը հանրությանը կներկայացնի այս տարեվերջին։