Մատչելիության հղումներ

Լուիս Բոնոն տարածաշրջան այցի ընթացքում կքննարկի նաև ԼՂ-ի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. Միլլեր


ԱՄՆ պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն տարածաշրջան այցի ընթացքում կքննարկի նաև հումանիտար իրավիճակը, ինչպես նաև ԼՂ-ի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ադրբեջանական «Թուրան» գործակալությանն ասել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթ Միլլերը՝ շեշտելով՝ Վաշինգտոնը հետևողականորեն հայտարարում է, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի պաշտպանության այդ միջոցները։

Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի միջնորդ Վաշինգտոնը պարբերաբար շեշտում է՝ խաղաղության հաստատումը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը։

«Պարոն Բոնոն ծրագրում է հանդիպել առանցքային շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին»,- ասել է Միլլերը։

Բոնոյի երևանյան այցը մեկօրյա էր, նա արդեն Բաքվում է։ Բայց մեկնումից հետո էլ հայտնի չդարձավ՝ արդյո՞ք ամերիկացի դիվանագետը հանդիպել է Ստեփանակերտի ներկայացուցիչներին։ «Ազատությունը» Արցախի արտաքին գերատեսչությունից փորձեց ճշտելու՝ արդյոք արտգործնախարարի հետ հանդիպել է ամերիկացի դիվանագետը, հարցին չպատասխանեցին։

Ամերիկյան միջնորդությամբ երեքշաբթի Բրատիսլավայում նախատեսված, բայց չեղարկված Բաքու-Ստեփանակերտ հանդիպման համատեքստում Արցախում տեղեկություններ տարածվեցին, թե այս շաբաթ արևմտյան միջնորդներ են գալու Երևան՝ նոր հանդիպման հարցերը քննարկելու համար։ Դեսպանատնից ուղիղ չհաստատելով, որ այդ միջնորդը Բոնոն է, «Ազատությանը» միայն փոխանցել էին ԱՄՆ պատրաստակամությունը՝ «աջակցել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին»։

Արցախից հայտարարում են՝ պատրաստ են Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը, եթե այն տեղի ունենա համապատասխան մանդատով օժտված միջազգային համաձայնեցված ձևաչափով, որպեսզի երաշխավորված լինի հնարավոր պայմանավորվածությունների իրականացումը։ Բայց Բաքուն կտրականապես մերժում է Երևանի առաջարկած միջազգային միջնորդությամբ երկխոսությունը՝ Ղարաբաղի հարցը համարելով իր ներքին գործը։

Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ աշխատանքներ են տարվում՝ ադրբեջանական Եվլախում՝ առանց երրորդ կողմի ներգրավվածության Բաքվի ու Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։ Արդյոք նման առաջարկ եղել է և ինչպե՞ս է Ստեփանակերտը արձագանքել դրան, այս հարցի պատասխանը ևս չենք ստացել Արցախի արտգործնախարարությունից։

Ի տարբերություն Բոնոյի մայիսի վերջի այցի, այս անգամ Հայաստանի վարչապետի ու արտգործնախարարի հետ հանդիպումների մասին չհաղորդվեց։ Հանդիպման մասին հաղորդագրություն տարածել է միայն Անվտանգության խորհրդի գրասենյակը։

Երեկ Արմեն Գրիգորյանն ու Լուիս Բոնոն, հայտարարության համաձայն, հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից զատ անդրադարձել նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին ու անվտանգությանը։

«Ազատությանը» ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ Երևան այցի շրջանակներում Բոնոն աշխատանքային քննարկումներ է ունեցել նաև նախարարությունում։ Կրկին շատ սուղ տեղեկատվություն է փոխանցվել, թե օրակարգում ի թիվս այլ հարցերի եղել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում սրվող հումանիտար ճգնաժամը:

Իսկ ամերիկացի դիվանագետի Բաքվի հանդիպումներից հաղորդվել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկումների մասին, բայց ոչ մի խոսք՝ Բաքու - Ստեփանակերտ երկխոսության մասին։

Ադրբեջանի արտգործնախարարը պնդել է, թե Լեռնային Ղարաբաղի բնակչությանը շրջափակված չէ, դարձյալ ընդգծել Բաքվի տեսակետը՝ որպես Լաչինի միջանցքի այլընտրանք առաջարկում են Աղդամի ճանապարհը։ Չնայած Երևանի բազմաթիվ հավաստիացումներին, որ Արցախում զինուժ չունի, Բայրամովը կրկին դժգոհել է, թե Հայաստանի զինուժը ամբողջովին դուրս չի բերվել այնտեղից, դրան գումարած՝ խոչընդոտներ է ստեղծում հաղորդակցությունների բացման հարցում։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ օրակարգում են եղել նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն ու դրա հեռանկարները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG