Մատչելիության հղումներ

Դավիթ Գալստյանն ինքնակամ ներկայացել է բանտ, բայց նրան չեն կալանավորել. փաստաբան


Բանակին անպիտան զենք մատակարարելու համար մեղադրվող Դավիթ Գալստյանը դեռ ազատության մեջ է ու արդեն երեք օր է՝ սպասում է, որ իրեն կրկին տանեն կալանավայր։

«Պատրոն Դավո» մականունով հայտնի զենքի մատակարարը ընդամենը երկու շաբաթ առաջ էր ազատ արձակվել 40 միլիոն դրամ գրավով, բայց Վերաքննիչ դատարանն օրերս նրան կրկին կալանավորելու որոշում է կայացրել։ Ինչպես Ազատությանը փոխանցեցին քրեակատարողական ծառայությունից, իրենք այդ որոշումը դեռ չեն ստացել, հենց ստանան, ոստիկանությունը կգնա Գալստյանի հետևից։

Փաստաբան Արմեն Հարությունյանն ասում է՝ Գալստյանն իր ոտքով հասել է բանտ, որտեղ, սակայն, նրան չեն ընդունել ու տուն են ուղարկել. - «Պարոն Գալստյանն ասում է՝ ես եկել եմ, ներկայացել եմ, ինձ կալանավորեք։ Որոշել եք, որ պիտի կալանավորեք, եկել եմ, անձամբ եկել եմ, ներկայացել եմ, դե կալանավորեք կամ կողմնորոշվեք էլի՝ ինչ եք ուզում ինձնից»։

Փաստաբանի խոսքով՝ Վերաքննիչի որոշումից հետո մի որոշում էլ պետք է առաջին ատյանը կայացնի։

«31-ին ներկայացավ մեկուսարան, մեկուսարանում չընդունեցին, դե համապատասխան երևի գրագրություն կամ որոշումներ պետք է կայացվեն». - նշեց նա։

Դավիթ Գալստյանը մեղադրյալ է երկու տարբեր քրեական գործերով՝ առաջինն «անպիտան հրթիռների» գործն է, որի առանցքային մեղադրյալը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն է, երկրորդը դարձյալ այդ հրթիռներին է վերաբերում, բայց այս դեպքում էլ մեղադրյալ է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որի օրոք մատակարարվել են այդ հրթիռները։


Այս երկու գործերով էլ Դավիթ Գալստյանին մեղադրում են բանակին անորակ զենք վաճառելու համար։ Երկու շաբաթ առաջ Գալստյանը կալանավորված էր Օհանյանի գործով։ Այն ժամանակ Հակակոռուպցիոն դատարանը որոշել էր 40 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել նրան։ Վերջինս գրավը վճարել էր ու տուն գնացել։ Բայց մի քանի օր անց իրավապահները ստացել են օպերատիվ հետախուզական տվյալներ այն մասին, որ հայտնվելով ազատության մեջ՝ Գալստյանը փորձել է խոչընդոտել մյուս՝ Տոնոյանի գործով անցնող անձանց։ Փաստաբան Արմեն Հարությունյանը զավեշտալի է որակում այս մոտեցումը։

«Դավիթ Գալստյանը շատ պատասխանատու ձևով հայտարարում է, որ նմանատիպ բան երբևէ չի արել ու չէր էլ պատրաստվում անել։ Տեսեք, զավեշտն այնքան է, որ այդ մարդիկ այս գործով՝ փողերի գործով, ընդհանրապես չի անցնում, ոչ վկա է, ոչ բան։ Տոնոյանի գործով են այս մարդիկ որպես մասնակից։ Այն գործով ենթադրյալ մարդկանց վրա ազդեցություն ունենալու հիմքով մեկ այլ գործով, որ այդ մարդիկ չեն անցնում, բերել են, կալանքի հիմք են դրել», - հայտարարեց նա։

Այնուամենայնիվ, օպերատիվ հետախուզական տվյալների մասին տեղեկանքում չկան հիմնավորումներ, թե կոնկրետ ինչպես է Գալստյանը փորձել ազդել դատավարության մասնակիցների վրա։ Փաստաբան Հարությունյանը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իրավապահներին՝ նաև նշելով, որ Օհանյանի գործով ընդամենը տասն օրից կլրանա վաղեմության ժամկետը։ Փաստաբանը կասկածներ ունի, որ հենց այս պատճառով էլ ԱԱԾ-ն հայտարարել է, թե Գալստյանը դատավարության մասնակիցների վրա փորձել է ազդել։

«Օրենքին է հակասում, որովհետև վաղեմության ժամկետը լրանալու պարագայում չի կարող մարդը կալանավորվել», - նշեց նա։

Հարությունյանը նաև կասկածներ ունի, թե ինչու են որոշել դեռ երեք օր առաջ կալանքի որոշումը ձեռքներին՝ Գալստյանին ուշ կալանավորել։ Վերաքննիչը մեկ ամսով է կալանքի որոշում կայացրել։ Եթե նրան այսօր անգամ կալանավորեն, ապա ուղիղ մեկ ամիս հետո՝ սեպտեմբերի 3-ին, ազատ կարձակվի։ Այս գործով հաջորդ նիստը սեպտեմբերի 6-ին է, ստացվում է, որ այս դեպքում Գալստյանն ազատ կարձակվի նիստից երեք օր առաջ, հետո արդեն նորից պետք է քննեն նրան կալանավորելու հարցը։ Իսկ եթե հենց սեպտեմբերի 6-ին լրանա կալանքի ժամեկտը, նույն օրն էլ դատարանը կարող է երկարացնել կալանքը։ Փաստաբանի խոսքով՝ Գալստյանին ուզում են պահել կալանքի տակ։ Ինչո՞ւ, իրենք չեն հասկանում, բայց այն, որ իշխանությունները շարունակում են նրանից զենք գնել, փաստ է։

Գլխավոր դատախազությունը, որը բողոքարկել էր դեռ երկու շաբաթ առաջ Գալստյանին գրավով ազատ արձակելու որոշումը, դեռևս չի անդրադառնում փաստաբանի բարձրացրած խնդիրներին։ Այս պահին հայտնի է, որ երկու շաբաթ առաջ նրա վճարած 40 միլիոն դրամ գրավը կգնա պետական բյուջե։

Գալստյանը պնդում է, թե անորակ զենք չի մատակարարել բանակին, մինչդեռ իրավապահները շարունակում են հայտարարել՝ 2018 թվականին բանակի համար ձեռքբերված ավելի քան 4 հազար հրթիռներն անպիտան են եղել, բայց մեղադրյալները պետությունից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 4,6 միլիոն դոլար յուրացում են կատարել։ Ազգային անվտանգության ծառայությունը նաև հայտարարել էր, որ հրթիռները ներկրվել են 2011-ին, բայց թե պետությունը երբ է գնել դրանք, տարեթիվը ներկայացված չէ: Ըստ ԱԱԾ-ի՝ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։

XS
SM
MD
LG