Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան. Անպիտան հրթիռները 2011-ին են ներկրվել, սակայն ՊՆ-ն չի գնել, քանի որ անսարքություն է հայտնաբերել


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ, 8-ը հոկտեմբերի, 2021թ.
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ, 8-ը հոկտեմբերի, 2021թ.

Անպիտան հրթիռները 2011-ին են ներկրվել Հայաստան, սակայն Պաշտպանության նախարարությունը չի գնել դրանք, քանի որ հայտնաբերել է, որ անսարք են, պնդում է 2008-ից 2016 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ նախարարությունը չի գնել մատակարարված խմբաքանակի 70 տոկոսը, միայն 30 տոկոսի համար է գումար վճարել, իսկ անպիտան հրթիռները տեղափոխվել են նախարարության պահեստ՝ մատակարարի խնդրանքով։

Օհանյանն այս քրեական գործով վկայի կարգավիճակ ունի, ամիսներ առաջ է հարցաքննվել։

«2011 թվականին մնացած 70 տոկոսը նպատակահարմար չենք գտել ընդունելու, որովհետև պիտանիելիության, անսարք լինելու հետ խնդիրներ են եղել: Մատակարարի կողմից խնդրվել է, որ այդ հրթիռները մնան պահեստներում, և եթե նույնիսկ ինքը չխնդրեր էլ, մենք իրավունք չունեինք այդ հրթիռները տալ իրեն, մինչև որ ինքը չունի երկրորդ թույլտվությունը` լիցենզիան` տարանցիկ փոխադրմամբ այլ երկիր տանելու, վաճառելու», - այսօր նշեց Օհանյանը:

Անպիտան հրթիռների քրեական գործով անցնում է 2018-ից 2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը։ Նախկին նախարարն ու բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը մեղադրվում են շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Նրանք ձերբակալվել, այնուհետև դատարանի որոշմամբ կալանավորվել են սեպտեմբերի վերջին։

Տոնոյանն ու Գալստյանը չեն ընդունում մեղադրանքն ու երկուսն էլ Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում են իրենց կալանավորման որոշումը։

Սեյրան Օհանյանն ասում է՝ տարիների ընթացքում մատակարարող ընկերությունը պարտավոր էր ձեռք բերել լիցենզիա և որոշել անպիտան հրթիռների ճակատագիրը։ Նա միևնույն ժամանակ ենթադրում է, թե «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ Դավիթ Գալստյանի ընկերությունը չի կարողացել ստանալ այդ լիցենզիան, քանի որ հրթիռներն անպիտան են եղել։

«Այն, որ հրթիռների մի մասը` 70 տոկոսը, ոչ պիտանի է եղել, գիտեք, նաև հնարավոր է, որ մատակարար կազմակերպությունը տեղում էլ հնարավորություն չի եղել, որ հատ-հատ յուրաքանչյուր հրթիռը ստուգեր, կամ եթե ստուգեր էլ, ինքն այդ հնարավորությունները մասնագիտական չուներ: Դա է ամբողջ իրադրության գնահատականը: Այնուհետև թե ինչ է եղել, արդեն դա պետք է հարցնել համապատասխան գերատեսչություններին», - նշեց նախկին նախարարը:

ԱԱԾ-ն մերժում է տեղեկություն տրամադրել Դավիթ Տոնոյանի քրգործի վերաբերյալ

Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ հրթիռները ներկրվել են 2011-ին, բայց թե պետությունը երբ է գնել դրանք, տարեթիվը ներկայացված չէ: Ըստ ԱԱԾ-ի, մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։

«Ազատությունը» Ազգային անվտանգության ծառայությունից ևս հետաքրքրվել էր, թե քրեական գործի հարուցման պատճառ դարձած հրթիռները երբ են գնվել բանակի համար, սակայն նախաքննական մարմնից հրաժարվել էին մանրամասներ ներկայացնել` պատճառաբանելով, թե դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախաքննական տվյալներ։

Այս քրեական գործով, ըստ ԱԱԾ-ի, անցնում են Զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետը։ Ազգային անվտանգության ծառայությունից հրաժարվում են տալ նաև նրանց անունները։

ԱԱԾ-ից հոկտեմբերի 2-ին տեղեկացրին միայն, որ ձերբակալվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ստեփան Գալստյանը։ Վերջինիս ևս մեղադրանք է առաջադրվել։ Գալստյանը կալանավորվել է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG