Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Սեյրան Օհանյանի և մյուս մեղադրյալների գործի քննությունը


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան

Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկեց խոշոր չափերով գույք հափշտակելու և վատնում կատարելու համար մեղադրող Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և մյուս մեղադրյալների գործի քննությունը։

Նախնական լսումները պետական գաղտնիքի պատճառաբանությամբ դռնփակ անցան։ Լրագրողները հնարավորություն չունեցան տեսաձայնագրելու նիստը։

Փետրվարին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարին մեղադրանք Ազգային անվտանգության ծառայությունն է առաջադրել։ Պաշտպանության նախարարությունն ավելի քան 8 տարի ղեկավարած Օհանյանին առնչվող երեք գործերից երկուսի մանրամասներն ամիսներ առաջ խորհրդարանի ամբիոնից ներկայացրել էր գլխավոր դատախազը։ Ըստ այդմ, 60-ամյա նախկին նախարարը պաշտպանական գերատեսչության հողամասերը զորանոցով, կից այլ շինություններով մի քանի անգամ ցածր գնով է վաճառել։ Պետությանը պատճառվել է միլիարդների վնաս։ Ըստ իրավապահների այդ գույքն օտարելու իրավունք չկար։

Ինքը՝ Օհանյանը մեղադրանքը չի ընդունում և պնդում է՝ այդ տարածքները զորամասեր չեն եղել։ Նա լրագրողների հետ զրուցեց ընդմիջման ընթացքում. - «Դրանք զորամասեր չեն։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման ընթացքի հետ զուգահեռ, բոլոր այն հողակտորները, որոնք նախկինում զբաղեցված են եղել Պաշտպանության նախարարության կողմից, հասկանալի է, չէ՞, որ բանակի կազմավորման սկզբնական փուլում օգտագործել են բոլոր հնարավոր միջոցները»։

Օհանյանի խոսքով, այդ հողակտորները զինված ուժերին անհրաժեշտ չեն եղել. - «Այս գործընթացը, որ իրականացվում է, ես չեմ ընդունում, որովհետև բոլոր գործերն էլ կարելի է ասել շինծու գործեր են։ Սա քաղաքական գործընթացների մի մաս է կազմում՝ ուղղված ընդդիմության դեմ»։

Աննա Վարդապետյան
Աննա Վարդապետյան

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, մինչդեռ, պնդել էր՝ Օհանյանը պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, և նախկին նախարարի պնդումները հիմնավորող փաստաթղթեր չեն հայտնաբերվել. - «Փորձեր եղել են հիմնավորելու, որ ծախսատար էր, մեզ այդքան մեծ տարածք անհրաժեշտ չէր, մենք այդքան նաև միավորներ չունեինք զինվորական տեղավորելու համար այդ զորամասերում, բայց դրանք որևէ փաստաթղթային հիմնավորումներ նախաքննությունը չի հայտնաբերել և նախաքննությանը չեն էլ ներկայացվել»։

Օհանյանի մեղադրանքը երեք մաս ունի, որից մեկը՝ բանակի համար գնված անպիտան հրթիռներին վերաբերող դրվագը, գաղտնի է։

Այսօր մեկնարկած դատաքննության ամբաստանյալների շարքում է նաև Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրի որդին ՝ երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը։ Եթե Օհանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, ապա Խաչատուրովն այժմ կալանքի տակ է։

Դատարանը կքննի նաև խափանման միջոցը փոխելու հարցը. պարզաբանեց Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը. - «Նախնական դատալսումների ընթացքում պետք է դա իրականացվի, բայց նաև էդ ընթացքում պետք է հաշվի առնվի, թե որքան է մնացել դատարանի կողմից հաստատված կալանքի ժամկետից։ Գրիգորի Խաչատուրովի ժամկետը մինչև մայիսի 15-ն է։ Արդարությունը էն է, որ... հասարակ մի զուգահեռ տանեմ՝ նույն մեղադրանքով մարդ կա, որ կալանք չի նրա նկատմամբ ընտրված։ Ո՞րն ա տրամաբանությունը, որ Գրիգորի Խաչատուրովը պետք ա դատաքննությանը սպասի և դատարանի որոշմանը սպասի կալանքի տակ»։

Գեներալ -մայոր Խաչատուրովի պաշտպանները պնդում են, որ նիստը դռնփակ անցնակցնելու պատճառ չկար, և այսօր մեծ հաշվով հենց այս հարցն են քննարկել դատարանում։ Նրանք ընդգծում են՝ իրավական հիմնավորումներով պետք է դատարանին համոզեն քննությունը բաց ռեժիմով անկացնել։ Այս գործով մեղադրյալ է ևս 11 հոգի։

Գլխավոր դատախազը դեռ Օհանյանին անձեռմխելիությունից զրկելու միջնորդության ժամանակ էր ասել, որ նա չի ազատազրկվի, քանի որ անցել է ենթադրյալ հանցանքի վաղեմության ժամկետը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG