Դատարանը բավարարել է բանակին զենք մատակարարած «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանին 2 ամսով կալանավորելու՝ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը, «Ազատությանը» հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
Դավիթ Գալստյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ միասին մեղադրյալ է «անպիտան հրթիռների» գործով։ Նա նույն գործով կալանավորվել, ամիսներ անց էլ 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։
Զենքի մատակարարը մեղադրյալ է նաև մեկ այլ՝ կրկին զինամթերքի մատակարարման չարաշահումներին առնչվող քրեական գործով։
Թե այս անգամ ինչ գործի շրջանակում է կալանավորվել Դավիթ Գալստյանն ու ինչ մեղադրանք է առաջադրվել, նրա փաստաբանները դեռ հրաժարվում են մեկնաբանել։
Գալստյանի պաշտպաններից Արմեն Հարությունն «Ազատության»-ը հայնտեց՝ մանրամասներն առաջիկայում կներկայացնեն։