Մատչելիության հղումներ

Դատարանը երրորդ անգամ մերժեց Դավիթ Տոնոյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը


Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյան
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյան

Անպիտան հրթիռների գործով առանցքային մեղադրյալ, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա բանտում։ Այսօր հակակոռուպցիոն դատարանը մերժեց նախկին պաշտոնյային գրավով ազատ արձակելու միջնորդությունը։

Արդեն մեկ տարի երեք ամիս կալանքի տակ գտնվող Տոնոյանի փաստաբանները դատավորի որոշումը անարդար են համարում, ավելին՝ Սերգեյ Հովհաննիսյանը դատական նիստից հետո «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց Տոնոյանի գնահատականը իր դեմ մեղադրանքին։

Դատարանն արդեն երրորդ անգամ է մերժում ազատ արձակել նախկին նախարարին. - «Իր հայտարարություններից մեկում նաև Տոնոյանը խոսեց այդ մասին, նշեց, որ իր նկատմամբ «թավշյա քաղաքական հետապնդում է իրականացվում»։ Հասկացողները հասկացան ինչի մասին էր խոսքը։ Որովհետև այս գործը անմիջականորեն կապված է պատերազմի հետ։ Հիշենք սկզբնական հայտարարությունները ԱԱԾ-ի կողմից, որ այս հրթիռները այնքան անպիտան էին և այլն, և այլն... բայց մենք էլ ասում էինք՝ եթե անպիտան էին, ո՞նց եք հիմնավորում էդ անպիտան լինելը։ Հիմա եթե, Աստված մի արասցե, վաղը մարտական գործողություններ սկսվեցին, արդյո՞ք էդ հրթիռները որևէ կերպ չեն կիրառվելու»։

4,6 միլիոն դոլար յուրացնելու համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարարի փաստաբանը, ծանոթանալով որոշմանը, փոխանցեց, որ դատավորը եզրահանգել է, թե ազատության մեջ Տոնոյանը կազդի գործով անցնող վկաների վրա։ Ըստ Սերգեյ Հովհաննիսյանի, այս պնդումը դատարանում արել է դատախազը՝ չմանրամասնելով, թե 15 վկաներից որ մեկի մասին է խոսքը և կոնկրետ ինչպես Տոնոյանը կազդի նրանց վրա, որոնց մի մասի հետ ծանոթ էլ չէ. - «Այսինքն՝ էդ վկաները, որ պետք է գան քննության փուլում դատարանում հարցաքննվեն, չեն ասելու էնպիսի տեղեկություններ, որոնք որ կարող են հակասել գործում առկա ապացույցներին։ Ոորվհետև գործի տեսակը այնպիսին է, որ ինքը ամբողջությամբ գնման պրոցես է և փաստաթղթավորված է։ Որևէ վկա չի կարող գալ ասել, որ, օրինակ, պահանջարկ չի եղել, քանի որ արդեն գրությամբ պաշտոնապես ստացվել է, որ պահանջարկ եղել ա։ Կամ որակի հետ կապված ինչ-որ բաներ ասեն, չափի հետ կապված, քաշի հետ կապված, որը որ անընդհատ շահարկվում էր։ Դա պաշտոնապես արտադրող գործարանից ստացվել է այն չափերը, այն քաշը, որոնք որ մտնում են նորմայի մեջ։ Եվ փաստացի հրթիռները այդ իրենց չափերով և քաշով նույնպես համապատասխանել են։ Այսինքն՝ մեղադրանքում նշված բոլոր հանգամանքներն արդեն իսկ հերքված են»։

Տոնոյանի փաստաբանը պնդում է, որ այս փուլում, երբ ապացույցներն արդեն ուսումնասիրվել են, այևս կարիք չկա, որ պաշտպանյալը մնա ճաղերի հետևում։ Մինչդեռ կա խնդիր նրան պահելու կալանքի տակ, և սա այն դեպքում, երբ այս գործով անցնող մյուս 5 մեղադրյալները, նրանց թվում Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը և զենքի մատակարար Դավիթ Գալստյանը ազատության մեջ են։

«Խնդիր է դրված՝ պահել կալանքի տակ։ Որ դրված է, դա փաստ է։ Ի վերջո, սա այն գործը չէր, որը որ պետք է հարուցվեր ի սկզբանե։ Ընդամենը մեկ-երկու հարցումներով սա նյութերով կարող էր մերժվել։ Բայց, տեսանք, ուռճացվեց, քննվեց երկար ժամանակ, հնչեղություն տրվեց այս գործին, կալանավորումներ, գեներալներ և այլն, և այլն, հիմա էլ հասել ենք դատարան։ Այսինքն՝ խնդրին այն է, որ ներկայումս կալանքի տակ գտնվող անձինք պետք է ժամանակավորապես կամ որևէ ժամանակ գտնվեն կալանքի տակ»։

Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը շաբաթներ առաջ «Ազատության» հետ զրույցում պնդել էր, թե բանակին մատակարարված հրթիռները սարքին են եղել, ինքն էլ անհիմն է համարում մեղադրանքը։ Գեներալ-լեյտենանտը պաշտոնանկ արվեց տարեսկզբին, մեղադրյալ դառնալուց կարճ ժամանակ անց։

Ըստ մեղադրանքի՝ բարձրաստիճան զինվորականները բանակին զինամթերք մատակարարող Դավիթ Գալստյանից 2018-ին ձեռք են բերել ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և Պաշտպանության նախարարությունում պահեստավորված ռազմամթերք, որը հնարավոր չի եղել կիրառել 44-օրյա պատերազմի ընթացքում։

Մեղադրյալների փաստաբաններն ընդգծում են, որ քրեական գործի պատճառ դարձած հրթիռների որակի վերաբերյալ անկախ փորձաքննություն չի անցկացվել։ Ավելին, ըստ գլխավոր մեղադրյալ Տոնոյանի փաստաբանների, գործում կա միայն Պաշտպանության նախարարության փորձագետի սուբյեկտիվ եզրակացությունը հրթիռի չափերի, բայց ոչ որակի մասին, մինչդեռ իրենց ներկայացրած փաստաթղթերը նախաքննության ժամանակ այդպես էլ չեն կցվել գործին։ Ասում են՝ ներկայացրել են հրթիռները նախագծած ինստիտուտի տված փաստաթուղթը, որ դրանք համապատասխանում են տեխնիկական նորմերին:

Դատաքննությունը մեղադրող կողմի պահանջով փակ է ընթանում և լրագրողները մանրամասներին ծանոթանալու հնարավորություն չունեն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG