Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել


Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան

Ազգային անվտանգության ծառայությունը ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանին մեղադրում է խոշոր չափերով գույք հափշտակելու և վատնում կատարելու համար։ Պաշտպանության նախկին նախարարը մեղադրանքը չի ընդունում, երկրից չբացակայելու ստորագրություն է տվել։

«Մեղադրանքը այդ մենք չենք ընդունում։ Մանդատը մեզ տվել է մեր ժողովուրդը, և մենք պատասխանատու ենք ժողովրդի առջև։ Պատասխանատու ենք մեր ժողովրդի առջև մեր գործունեությունը և' իրականացնելու, և' նաև կոնկրետ այս գործում հաշվետվություն տալու և ապացուցելու մեր անմեղությունը», - ասում է Օհանյանը։

Անցած շաբաթ գլխավոր դատախազի միջնորդությամբ ու իշխանականների ձայներով «Հայաստան» խմբակցության ղեկավարը զրկվեց պատգամավորական անձեռմխելիությունից, ինչն իրավապահներին հնարավորություն տվեց քրեական հետապնդում սկսել։

Աննա Վարդապետյան
Աննա Վարդապետյան

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանի ամբիոնից ներկայացրել էր Օհանյանին առնչվող երեք գործերից երկուսի մանրամասները։ Ըստ այդմ, Պաշտպանության նախարարությունն ավելի քան 8 տարի ղեկավարած Օհանյանը նախարարության հողամասերը զորանոցով, կից այլ շինություններով վաճառել է մի քանի անգամ ցածր գնով։ Պետությանը պատճառվել է միլիարդների վնաս։

«Անգամ եթե էստեղ գումարային տարբերություն չլիներ, ի սկզբանե գույքն անօտարելի էր», - խորհրդարանում պնդել էր Վարդապետյանը։

Մինչ գլխավոր դատախազը հայտարարում էր, թե այդ զորամասներն օտարման ենթակա չէին, Սեյրան Օհանյանն այսօր պնդում էր, թե դրանք զորամասեր չէին։ Ասաց՝ բանակի ձևավորման սկզբնական հատվածում բազմաթիվ շինություններն օգտագործվել են ժամանակավոր զորանոցների, կացարանների փոխարեն, բայց Զինված ուժերի զարգացմանը զուգահեռ ստեղծվել են ավելի որակյալ շինություններ, մշտական տեղակայման վայրեր։

Իսկ այդ քանդված շինություններն պահպանությունը, Օհանյանի խոսքով, մեծ ծախսերի հետ էր կապված. - «Նախ, այնտեղ զորամաս չէ։ Հենց մի քանի անգամ զորամաս անվանելով՝ իշխանությունը փորձում է նորից շեղել մեր հանրության ուշադրությունը։ Դա հին, շահագործումից դուրս գտնվող հողամաս և ավերված շինություններ են և ավելորդ ծախսերի աղբյուր են դրանք»։

Աննա Վարդապետյանը, մինչդեռ, խորհրդարանում պնդել էր՝ Օհանյանը պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, և իր այս խոսքերը հիմնավորող փաստաթղթեր չեն հայտնաբերվել. - «Փորձեր եղել են հիմնավորելու, որ ծախսատար էր, մեզ այդքան մեծ տարածք անհրաժեշտ չէր, մենք այդքան նաև միավորներ չունեինք զինվորական տեղավորելու համար այդ զորամասերում, բայց դրանք որևէ փաստաթղթային հիմնավորումներ նախաքննությունը չի հայտնաբերել և նախաքննությանը չեն էլ ներկայացվել»։

Երրորդ գործը, որ փակ նիստում քննարկվեց՝ պետական գաղտնիքի պատճառաբանությամբ, վերաբերում է անպիտան հրթիռների գնմանը։ Այս գործով այժմ կալանքի տակ է 44-օրյա պատերազմի ժամանակ ռազմական գերատեսչությունը ղեկավարած Դավիթ Տոնոյանը։

Ընդդիմադիր «Հայաստան»-ում պաշտպանում են իրենց խմբակցության ղեկավարին։ Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով, սա արվում է Օհանյանին վարկաբեկելու, նրա ձեռքբերումները արժեզրկելու համար. - «Մի իշխանությունը, որը նույնիսկ հիմա 71 գույք՝ պաշտոնապես Պաշտպանության նախարարության, անվտանգության, այդ թվում զորամաս համարվող տարածքներ, երբ որ հանել է էսօր վաճառքի, մեղադրում է անպիտան հողատարածքը օտարելու մեջ»։

Այս գործերի անհիմն լինելու մասին ընդդիմադիրները խոսում են արդեն մեկ շաբաթից ավելի՝ մատնանշելով ևս մեկ հանգամանք։ Անցել է դրանց վաղեմության ժամկետը. եթե անգամ գործը հասնի դատարան, դատարանն էլ մեղավոր ճանաչի Օհանյանին, նա, միևնույն է, չի ազատազրկվի։

Գլխավոր դատախազը ևս հաստատել էր սա՝ հավելելով, որ եթե գործը հասնի դատարան, միայն նյութական վնասի փոխհատուցման պահանջ կլինի. - «Դատախազությունը գոնե ակնկալում ա, որ այդ գույքը պետք է վերադարձվի ազգային հարստություն հաշտության բալանս»:

Բայց վաղեմության ժամկետի մասով էլ կան տարաձայնություններ։ Օհանյանի փաստաբանն «Ազատությանը» փոխացեց՝ իրավապահները միայն երկու գործի դեպքում են խոսում վաղեմության ժամկետից։ Ցածր գնով ու ապօրինի վաճառված՝ ռազմական գերատեսչության շինությունների գործերից մեկով քննիչները պնդում են, որ վաղեմության ժամկետը չի անցել, իսկ սա նշանակում է, որ Օհանյանը կարող է ազատազրկվել։

«Եվ գտնում ենք, որ ընդհանրապես այդ հիմքով նույնիսկ քրեական հետապնդում չպետք է հարուցվեր, որովհետև անցել են վաղեմության ժամկետները։ Էնտեղ մի հատ գրություն կա, իրենք դիտարկում են, որ դրա հետ կապված չի անցել, բայց գործարքը տեղի ա ունեցել տաս տարուց և ավել ժամանակ առաջ», - ասաց Օհանյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։

Նա, սակայն, չմանրամասնեց, թե կոնկրետ այդ ինչ փաստաթղթի մասին են խոսում իրավապահները, ասաց՝ նախաքննության գաղտնիք է։

Սեյրան Օհանյանից բացի, անցած շաբաթ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել է նաև «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ բժիշկ Արմեն Չարչյանը։ Նրա նկատմամբ ևս կա քրեական հետապնդում սկսելու որոշում։

Ըստ դատախազության, բժիշկ Չարչյանը 2017 թվականին ակնհայտ կեղծ բժշկական եզրակացություն է ներկայացրել ՊՊԾ գունդը գրավելու գործով մեղադրյալ, կալանքից ազատ արձակվելուց հետո հիվանդության պատճառով մահացած Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին։

XS
SM
MD
LG