Լաչինի անցակետում ձերբակալված ու Բաքու տեղափոխված 68-ամյա արցախցու դուստրը հերքում է Ադրբեջանի մեղադրանքները, թե հայրը Խոջալուի Մեշալի գյուղում 1991 թվականին «սպանել է ազգությամբ ադրբեջանցիների, բռնի տեղահանել նրանց ու ոչնչացրել պետությանը պատկանող գույքը»։ Ծովինար Խաչատրյանը, որն այսօր բուժման նպատակով հորն ուղեկցում էր Երևան, «Ազատությանն» ասաց, որ Վագիֆ Խաչատրյանը խորհրդային շրջանում պարզապես վարորդ է աշխատել։
«Ո՛չ հրամանատար է եղել, ո՛չ հրամանատարի տեղակալ է եղել, ինքը վարորդ էր, Խորհրդային Միության ժամանակ վարորդ է եղել։ Վարորդը կարո՞ղ արդյոք ցեղասպանություն գործի, ես չեմ հասկանում՝ էդ ինչ մեղադրանքներ են դրանք ներկայացնում», - նշեց Ծովինար Խաչատրյանը։
68-ամյա տղամարդու առևանգման մասին Արցախի պետնախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանն էին այսօր ահազանգել։ Այդ հայտարարություններից ժամեր անց Բաքուն հաղորդեց, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել են ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «Վագիֆ Խաչատուրյանին մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, ու նրան կալանավորելու որոշում կայացվել, նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։
Վագիֆ Խաչատրյանի դուստրը պատմեց, որ ո՛չ իրեն, ո՛չ էլ Կարմիր խաչի ներկայացուցիչներին չեն բացատրել՝ ուր են տանում հորն ու ինչ պատճառով։ Ծովինար Խաչատրյանն ասում է՝ հայրը սրտանոթային խնդիրներ ուներ, ու շտապ վիրահատություն էր նշանակված, անգամ անցակետում ինքնազգացողությունն է վատացել։
«Խիստ առողջական խնդիրներ ուներ, շուտափույթ պետք է վիրահատեին։ Ինքն իրեն լավ չէր զգում, անցակետում նույնիսկ արդեն ի վիճակի չէր կանգնելու», -փոխանցեց նա։
Լաչինի միջանցքն արգելափակելուց և Հակարիի կամրջի մոտ անցակետ տեղադրելուց հետո սա ադրբեջանցիների կողմից արցախցու ձերբակալության առաջին դեպքն է։ Արդյո՞ք միջանցքի վերահսկողության պատասխանատու ռուս խաղաղապահները որևէ կերպ փորձել են կանխել ձերբակալությունը՝ այս մասին որևէ տեղեկություն չկա. ռուսական կողմը դեռ որևէ հայտարարություն չի տարածել։
Հավաք Ստեփանակերտում՝ ԿԽՄԿ-ի գրասենյակի առջև
Ստեփանակերտում քաղաքացիները հավաքվել են Կարմիր խաչի կոմիտեի գրասենյակի առջև՝ դժգոհելով արցախցի տղամարդու ձերբակալության վերաբերյալ։
Հայաստանի արտգործնախարությունը 68-ամյա տղամարդու առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է որակել։
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Ֆեյսբուքում գրել էր, որ Վագիֆ Խաչատրյանի հետ նույն խմբի քաղաքացիները տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Ներսիսյանի փոխանցմամբ՝ Հայաստանից բուժված քաղաքացիներին Արցախ վերադարձնելու երթը չեղարկվել է։
«Հատկանշական է, որ Ադրբեջանը մշտապես ամեն կերպ փորձում էր խոչընդոտել նույնիսկ ԿԽՄԿ միջոցով հիվանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացին և ամեն անգամ նոր պայմաններ էր ներկայացնում ԿԽՄԿ-ին, իսկ սա հերթական քայլն էր՝ մարդկանց մոտ ձևավորելու նույնիսկ բուժման նպատակով Լաչինի միջանցքով անցնելու մտավախություն», - նշել է նա։
Արցախի պետնախարարը, որը օրեր առաջ Երևանից պահանջել էր հրաժարվել Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու գաղափարից, նաև այսօր տեղի ունեցած իրավիճակի համար հայաստանյան իշխանություններին է մեղադրել. - «Ահա սա է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Արցախը Ադրբեջան կոչելու ՀՀ իշխանությունների, Արցախի ժողովրդի նկատմամբ արդեն ամիսներ տևող հանցագործությունները անբավարար չափով դատապարտելու և գրեթե անգործություն ցուցաբերող միջազգային հանրության վարքագծի օր օրի ահագնացող հետևանքները, որոնք ցանկացած գնով պետք է կանխվեն»։
Արցախում օր օրի սրվում է հումանիտար իրավիճակը
Ադրբեջանն արգելում է ավելի քան մեկուկես ամիս լիակատար պաշարման մեջ գտնվող Արցախ հումանիտար օգնության փոխադրումը։ Երրորդ օրն է՝ ավելի քան 360 տոննա բեռով հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարներն անշարժ կանգնած են Կոռնիձորում՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում։
«Սահմանված կարգով այդ մասին ներկայացնելով և այդ դիմումի պատասխանի մասով այս պահին նորություն հայտնել չեմ կարող։ Դեռևս նորություն չկա հումանիտար բեռների տեղափոխման մասին», - ասացԼեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Մինչ այդ Արցախում օր օրի սրվում է հումանիտար իրավիճակը։