Մատչելիության հղումներ

Վագիֆ Խաչատրյանի դուստրը միջազգային կառույցներից պահանջում է վերադարձնել հորը


«Հայրս հանցագործ չէ, արժանապատիվ արցախցի է», - վաղ առավոտից ՄԱԿ-ի Երևան գրասենյակի առջև էր Վագիֆ Խաչատրյանի դուստրը։ Վերայի պահանջը միջազգային կառույցներից՝ վերադարձնել հորը։

«Թե հիմա ինչ վիճակում է, կա, չկա, ոչ մի լուր չունենք», - ասաց Վերա Խաչատրյանը:

68- ամյա արցախցուն՝ Պատարա գյուղի խաղաղ բնակչին, ադրբեջանցի սահմանապահները ձերբակալեցին շաբաթ օրը: Վագիֆ Խաչատրյանը, Կարմիր խաչի ուղեկցությամբ, Երևան էր տեղափոխվում հրատապ վիրահատության:

«Յուրաքանչյուր վայրկյան ճակատագրական էր հորս համար: Իսկ ի՞նչ իմանայինք, որ հենց գալը կլիներ ճակատագրական», - նշեց դուստրը:

Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի սրտաբանն ասում է՝ տղամարդու վիճակը շատ վատ էր և նրա բուժումն Արցախում հնարավոր չէր:

«Նա պարբերաբար ունենում էր գիտակցության կորուստներ, ու նրա մոտ ախտորոշվել է կրիտիկ աորտալ ստենոզ, որի դեպքում բուժման տակտիկան անհապաղ սրտի բաց վիրահատության իրականացումն է», - ասաց սրտաբան Կարեն Գրիգորյանը:

Լաչինի միջանցքի փակումից հետո Կարմիր խաչը ավելի քան 680 հիվանդի է Հայաստան, հիվանդանոցներ տեղափոխել, մինչև ճամփա դուրս գալը ամեն անգամ ցուցակները՝ անուն ազգանուններով համաձայնեցվում են Բաքվի հետ։ Այս անգամ Երևան ուղևորված արցախցի 15 հիվանդներից Վագիֆ Խաչատրյանին Հակարիի անցակետից տարան ու ձերբակալեցին։

Ադրբեջանը հայտարարում է, թե տասը տարի է փնտրում են նրան։ Միջազգային հետախուզման մեջ է։ Ըստ Բաքվի իրավապահների՝ Խոջալուի Մեշալի գյուղում 1991 թվականին Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների է սպանել, նույնիսկ թիվ ունեն ՝ 25 հոգու և նույնիսկ գտնվել են ականատես ներկայացող մարդիկ։ «Սուտ է, կեղծ է » - պնդում է Խաչատրյանի դուստրը։

«Դրանց ներկայացրած բոլոր տեղեկատվությունը կեղծ է, հայրս ուղղակի վարորդ է եղել 90-ականներին՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող, բայց ոչ Սամվել Բաբայանի վարորդը», - նշեց Վերա Խաչատրյանը:

Վագիֆ Խաչատրյանն այժմ Բաքվի հիվանդանոցում է: Կարմիր խաչի գրասենյակից հաղորդել էին, որ Բաքվում այցելել են նրան ու տվել հնարավորություն կապ հաստատել ընտանիքի հետ։ Վերան հերքում է. - «Հայրս մեր հատ կապի դուրս չի եկել առ այսօր, դա սուտ տեղեկատվություն է, մենք ոչ մի լուր չունենք, բացի նրանից, որ Բաքվում է»:

ԿԽՄԿ արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանին խնդրեցինք պարզաբանել՝ ինչպե՞ս է արցախցին կապ հաստատել ընտանիքի հետ, եթե ոչ զանգ է եղել, ոչ էլ նամակ:

«Կարող է լինել, որ բանավոր խոսք է ուղարկվում ինչ-որ մեկի միջոցով, օրինակ, ասում է՝ ասեք, որ լավ եմ, կամ ասեք, որ վատ եմ: Այո, ուղիղ կապ չի եղել, բայց ընտանիքին ինչ-որ բան է փոխանցել, հենց դրա համար էլ մենք ասում ենք, որ հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել ընտանիքի հետ», - պատասխանեց Մուսայելյանը:

Վագիֆ Խաչատրյանի դուստրը այսօր նաև Կարմիր խաչի երևանյան գրասենյակ գնաց. - «Առաջին պատասխանատուն հենց իրենք են, քանի որ իրենք են ստանձնել այդ պատասխանատվությունը՝ հորս անցկացնել անցակետով անվնաս, բայց խախտել են իրենց խոստումը»:

Գրասենյակում նրան ասել են՝ ցավում են պատահածի համար, հիմա ոչինչ չեն կարող անել՝ բացի Բաքվում տեսակցելուց։ Թե՛ Կարմիր խաչի ու թե՛ ՄԱԿ-ի գրասենյակի առջև քաղաքացիներ էին հավաքվել Վագիֆ Խաչատրյանին իր ընտանիքին վերադարձնելու, ի վերջո Լաչինի միջանցքը բացելու պահանջով։ Կոչեր ու պահանջներ հնչում են, բայց հույսեր արդեն չկան:

«Եթե նրանց մեքենայից անգամ մարդ են առևանգում, տանում, այլևս մենք ոչ մեկի վրա հույս չունենք դնելու», - ասաց հավաքվածներից մեկը:

Դեպքի օրը նաև արցախցիներն էին հավաքվել Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակի մոտ՝ այստեղ էր նաև պետնախարարը, օմբուսդմենը:

«Սա մի չտեսնված երևույթ է, որ երևի աշխարհի որևէ կետում արձանագրված չէ և հույս ունեմ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս հանցագործությանը իրապես կտա իրավական գնահատական», - նշեց Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը:

Արցախն անվտանգության երաշխավոր ունի, որտե՞ղ է, հարցնում է Արցախի օմբուդսմենը... ռուս խաղաղապահների տեղը Լաչինի միջանցքում հստակ է, նրանք Հակարիի ադրբեջանական անցակետից մի քանի մետրի վրա են. - «Փաստացի Լաչինի միջանցքը, եռակողմ հայտարարության համաձայն, ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ է, ո՞ւր է այդ վերահսկողությունը, չկա այդ վերահսկողությունը»:

Վագիֆ խաչատրյանը երեք դուստր ունեի, նրանցից միայն Վերան է Հայաստանում, Հակարիի կամրջից այս կողմ։ Քաշաթաղից է տեղահանվել ու Ջերմուկում է ապրում... հորն ու ընտանիքի անդամներին չի տեսել շուրջ 7 ամիս՝ միջանցքի փակումից ի վեր: Ուզում է, որ Հայաստանում ապրողներն իր կողքին լինեն. - «Ձեզանից յուրաքանչյուրին համարում եմ իմ քույրը, իմ եղբայրը, իմ մայրը, իմ հայրը, եկեք կանգնեք կողքս, ինձ մենակ մի թողեք»:

Վագիֆ Խաչատրյանի եղբայրը Ստեփանակերտից շաբաթ առավոտյան 7:30-ին եղբորը Երևան հիվանդանոց էր ճանապարհել։ Ասում է՝ «պիտի վերջանա այս ամենը, բայց չգիտեմ՝ ի՞նչ անենք մենք»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG