Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված լինել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների համար շարունակաբար փակ պահելու կապակցությամբ, «Ամերիկայի ձայնի» հարցին ի պատասխան ասել են ԱՄՆ պետքարտուղարությունից։
Ընդգծելով, որ մարդասիրական տեղաշարժի դադարեցումն էլ ավելի է վատթարացնում հումանիտար իրավիճակը և խափանում խաղաղ գործընթացի նկատմամբ վստահություն ձևավորելու ջանքերը՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է՝ առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի։
«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։ Մենք ողջունում ենք երկխոսությունը, որն առաջնորդվում է այս նպատակով», - հայտնել են պետքարտուղարությունից։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է ավելի քան 7 ամիս․ անցած դեկտեմբերին էր, երբ իրենց բնապահպան անվանող ադրբեջանցի ակտիվիստները փակեցին Լաչինի միջանցքը՝ ներկայացնելով բնապահպանական պահանջներ ու արգելելով տեղաշարժը։ Դրանից 4 ամիս անց Բաքուն անցակետ տեղադրեց Արցախը Հայաստանին կապող Հակարիի կամրջի վրա՝ պարտադրելով արցախցիներին անցնել միայն անցակետով՝ միայն իր թույլտվությամբ։ Այս տարվա հունիսի 15-ին էլ ադրբեջանցիները փորձել էին իրենց դրոշը տեղադրել կամրջից դեպի Սյունիք հատվածում, հայկական կողմը կրակոցով կանխել էր այդ փորձը։ Այդ օրվանից ընդհանրապես ԼՂ-ն կտրված է Հայաստանից, հումանիտար բեռներ Արցախ չեն մտնում։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այժմ կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև՝ արգելվել է բոլոր ապրանքների մատակարարումը։ Ապաշրջափակման պահանջով Արցախում հանրահավաքներ են մեկնարկել։
Հայաստանը մոտ 400 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ։ Հայաստանից Արցախ մարդասիրական բեռներ տեղափոխող մեքենաները գրեթե մեկ շաբաթ է ինչ Կոռնիձորում են՝ Հակարիի կամրջի հարևանությամբ։ Պաշտոնական Երևանը հայտարարում է՝ Ադրբեջանն է խոչընդոտում բեռների մուտքն Արցախ։ Պաշտոնական Բաքուն դեկտեմբերից շրջափակման մեջ գտնվող Արցախ Երևանի հումանիտար օգնություն ուղարկելը «տարածքային ամբողջականության նկատմամբ սադրանք» է որակում։