Ինչպես նախորդ օրերին, այսօր էլ քաղաքացիները հաջակցություն Արցախի, Լաչինի միջանցքի բացման պահանջով հավաքվել են Երևանի Ազատության հրապարակում:
Ելույթ են ունենում «Բացում» նախաձեռնության անդամները, քննարկում են անելիքները, խոսում ապագա քայլերի մասին: Նրանք հայտարարում են, որ ամեն ինչ պետք է անեն, որպեսզի իրենց գլխավոր նպատակը, այն է՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի բացումը, իրականություն դառնա:
Ավելի քան 7 ամիս Արցախը շրջափակման մեջ է, մեկ ամսից ավելի էլ՝ լիակատար պաշարման մեջ, Արցախ դեղորայք չի մատակարարվում, և քաղաքացիները հենց այդ պատճառով էլ դուրս են եկել փողոց, հույս ունեն, որ միջազգային կառույցները, տարբեր գերտերություններ, Արևմուտքը, Եվրոպան, ԱՄՆ-ը քայլեր կանեն հայտարարությունների փոխարեն, և ի վերջո Արցախի քաղաքացիները հնարավորություն կունենան ազատ տեղաշարժի, կիրականացվեն մատակարարումներ դեպի Լեռնային Ղարաբաղ:
«Բացում» նախաձեռնության անդամները, այլ քաղաքացիներ ամենօրյա բողոքի ակցիաներ են իրականացնում: Շուրջօրյա ակցիաները շարունակվում են Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև, որտեղ քաղաքացիները արդեն չորրորդ օրն է՝ սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ ապրանքներ են բերում, հույս ունեն, որ միջազգային հեղինակավոր կառույցը մարդասիրական փոխադրումներ կիրականացնի և ըստ էության սիմվոլիկ այդ սնունդն էլ կտեղափոխի դեպի Արցախ: Այն մթերքներն են, որոնք այսօր Արցախի խանութներում չկան կամ գրեթե չկան՝ մակարոնեղեն, ձեթ, շաքարավազ, ձավարեղեն, դեղորայք, մանկական սնունդ և այլ անհրաժեշտ ապրանքներ:
Տեղում նաև հացադուլն է շարունակվում, տարբեր քաղաքացիներ ամեն օր միանում են հացադուլին:
Ազատության հրապարակում հավաքի ավարտից հետո քաղաքացիները Երևանի փողոցներով շրջում են, հայտարարություններ հնչեցնում, իրենց հիմնական կոչերը՝ «Բացում», «Միացում», «Ապաշրջափակում», և այդ կոչերով գնում են դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ:
Նրանք պատրաստվում են երկուշաբթի օրը դիմել ՄԱԿ-ին, որպեսզի հավաքված սնունդը և դեղորայքը կազմակերպության Պարենի ծրագրով փոխադրեն Լաչինի միջանցքով Արցախ: