Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կոչ է անում միջազգային կազմակերպություններին և դերակատարներին գործուն ջանքեր գործադրել՝ կանխելու վերահաս էթնիկ զտումը Արցախում։
ՄԻՊ-ն արձանագրում է, որ արդեն 7 ամսից ավելի Արցախի հայ բնակչությունը գտնվում է հումանիտար շրջափակման մեջ, ինչի հետևանքով մարդասիրական աղետն օր օրի ավելի է խորանում՝ անուղղակիորեն հանգեցնելով անդառնալի հետևանքների, այդ թվում՝ մարդկային կորուստների:
Հունիսի 22-ից ադրբեջանական իշխանությունները բետոնե արգելապատնեշներով արգելափակել են ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից հումանիտար օգնության մատակարարումը՝ սրելով Արցախում մարդասիրական իրավիճակը (հումանիտար օգնության տրամադրումը արգելափակվել է դեռևս հունիսի 15-ից)։ Չնայած նրան, որ այս պահի դրությամբ բետոնե պատնեշը հանվել է, սակայն մարդասիրական օգնության (առաջին անհրաժեշտության պարագաների և պարենային ապրանքների) մատակարարումը շարունակում է արգելափակված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։
Առաջին անհրաժեշտության իրերի ու սննդի բացակայությունն անձանց թերսնման է հանգեցնում, նշում է Անահիտ Մանասյանը՝ հավելելով, որ դա էականորեն ազդում է բնակչության առողջական վիճակի վրա:
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված փաստերը և վերլուծությունները վկայում են, որ ադրբեջանական իշխանությունների նման գործելաոճը՝ ուղղված Արցախի բնակչության հիմնարար իրավունքների իրացումն անհնարին դարձնելուն, զուգորդված պետության կողմից հովանավորվող հայատյացության քաղաքականությամբ, մեկ հիմնական վերջնանպատակ է հետապնդում՝ հումանիտար ճգնաժամի խորացման միջոցով հայաթափել Արցախը», - ասված է հայտարարության մեջ։