Ռուսաստանի կանոնավոր բանակը կրակ է բացել «Վագների» ուժերի վրա, որոնք Ռուսաստանի հարավ-արևմտյան Դոնի Ռոստով քաղաքից ուղևորվել են դեպի Մոսկվա։
Reuters-ի թղթակիցը հաղորդում է, որ ռուսական բանակը «Վագների» շարասյունը գնդակոծել է ուղղաթիռներից։
Հաղորդվում է, որ շարասյունը թիրախավորվել է Վորոնեժ քաղաքն անցնելուց հետո։ Reuters-ի տվյալներով՝ շարասյանը մաս էին կազմում նաև զորակոչիկներ և առնվազն մեկ տանկ։
Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Պրիգոժինն, իր հերթին, մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր վարձկանների ուղղությամբ կրակ բացելու համար: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ`կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն: Այսօր խմբավորումը հայտարարում է Ռոստովում վերահսկողության մասին։
Վլադիմիր Պուտինն այդ քայլերն անվանեց խռովություն, դավաճանություն, հարված թիկունքին։