Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը շարունակում է աշխատել բնականոն հունով, հայտնում է ԱԳՆ-ն։
Հյուպատոսությունը ներկայացրել է, թե ինչպես կարող են ՀՀ քաղաքացիները կապ հաստատել կառույցի հետ՝ տեղում ստեղծված իրավիճակով պայմանավորված։
ՀՀ քաղաքացիներն ըստ անհրաժեշտության կարող են կապ հաստատել +7 989 502 96 50 հեռախոսահամարով։ Մոսկվայում ՀՀ դեսպանության թեժ գիծն է +7 926 806 50 01։
Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար, Պուտինի երբեմնի խոհարար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար:
Ինքը` Պրիգոժինը մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր վարձկանների ուղղությամբ կրակ բացելու համար: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ`կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն: Այսօր խմբավորումը հայտարարում է Ռոստովում վերահսկողության մասին։
Վլադիմիր Պուտինն այդ քայլերն անվանեց խռովություն, դավաճանություն, հարված թիկունքին՝ իրավիճակը համեմատելով 1917 թվականի հոկտեմբերի հետ։
Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը հայտարարել է, թե Դոնի Ռոստովում շաբաթ- կիրակի նախատեսված բոլոր զանգվածային միջոցառումները չեղարկվել են:
«Հասարակական տրանսպորտը աշխատում է, բայց քաղաքի կենտրոնում երթուղիները փոխվել են», - նշել է պաշտոնյան:
Սահմանափակումներ են մտցվել նաև Ռոստովի նահանգի Աքսայի շրջանում. համայնքապետը հորդորել է բնակիչներին բնակության վայրը չլքել: