Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ավերման հետևանքով Դնեպրի ձախ ափին ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 18-ի, հաղորդել է Ռուսաստանի կողմից նշանակված Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն։ Ըստ նրա, բնակավայրերում ջրի մակարդակը շարունակում է նվազել:
Ուկրաինական կողմից վերահսկվող աջ ափին ջրհեղեղի հետևանքով մահացածների մասին տվյալները վերջին անգամ հրապարակվել են հունիսի 12-ին՝ այն ժամանակ հայտնի էր 10 զոհի մասին։
Խերսոնի շրջանային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը նախօրեին ասել էր, որ Ուկրաինայի կողմից վերահսկվող Դնեպրի աջ ափին 3 հազար 100 տուն ջրի տակ է մնացել Կախովկայի ՀԷԿ-ում տեղի ունեցած աղետից հետո: Նա նաև հայտնել է, որ աջ ափին անհետ կորած է համարվում 43 մարդ։