Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը պատրաստվում է համաժողովրդական ընդվզման և ձևավորում է դիմադրության ճակատ


Վարչապետ Փաշինյանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը կանխելու նպատակով Հայ հեղափոխական դաշնակցությունը պատրաստվում է համաժողովրդական ընդվզման և ձևավորում է դիմադրության ճակատ։

Դաշնակցության Գերագույն մարմնի նորընտիր ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրած ասուլիսում պնդեց՝ եթե երկրի ներսում չլինի դիմադրություն, ապա Հայաստանի վարչապետն այդ փաստաթուղթը ստորագրելու է, քանի որ Փաշինյանի և Ալիևի միջև կա պայմանավորվածություն այս տարվա ընթացքում այդ գործընթացը հասցնել ավարտին։

«Այն, ինչի մասին հայտարարել է Փաշինյանը, դա խաղաղության պայմանագիր չէ, շատ հստակ դա նոր կապտուլյացիա է։ Եվ եթե դա ստորագրվի, դա աղետալի և ողբերգական հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի համար։ Դա կանխելու գլխավոր, հիմնական, եթե կուզեք՝ միակ ճանապարհը համաժողովրդական ընդզվման և դիմադրության ճակատի ձևավորումն է։ Մենք պետք է հասնենք նրան, և մեր գլխավոր խնդիրը էս պահին դա է, որպեսզի այդ փաստաթուղթը չստորագրվի։ Դրա համար մենք պետք է ժողովրդի ընդվզումը կազմակերպենք, ժողովրդին դուրս բերենք պայքարի», - ասաց Սաղաթելյանը։

Դաշնակցությունը, Սաղաթելյանի պնդմամբ, պատկերացնում է, թե ինչպես պետք է ժողովրդին մոբիլիզացնել, բայց դեռ մանրամասներ չի հայտնում։ Նախ իրենց բոլոր գաղափարները քննարկելու են խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ, հետո նոր դուրս են գալու պայքարի. - «Քաղաքական ուժերը երեք բան շատ պարզ, մատչելի պետք է մեր հանրությանը ներկայացնեն։ Երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու այլընտրանքային ծրագիր, դա իրականացնող թիմ և իշխանափոխության ճանապարհային քարտեզ»։

Ժամկետներ Իշխան Սաղաթելյանը չնշեց, բայց հաստատեց՝ ամռանը գործողություններ կլինեն. - «Նիկոլ Փաշինյանը որևէ մանդատ չունի Արցախը Ադրբեջանին հանձնելու։ Դա ամբողջությամբ հակասահմանադրական, հակապետական, ոչ լեգիտիմ գործընթաց է, որը արժանանալու է մեր ժողովրդի ցասմանը, դիմադրությանը և ընդվզմանը։ Մեկ հոգի չի կարող որոշել մեր հինգհազարամյա ժողովրդի ճակատագիրը։ Իսկ մենք ամեն ինչ անելու ենք, բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք այս իրավիճակից դուրս գալու համար։ Կոնկրետ օր, ժամ, տեղ էս պահին չեմ կարող ասել, բայց որ ամբողջ ուժերով և ծավալով լծվելու ենք էս գործին, այդ մասին շատ հստակ հայտարարում ենք։ Առնվազն տեսնելու եք քայլեր [այս ամռանը], որով արտահայտվելու է, որ մեր ժողովուրդը դեմ է այս պրոցեսին»։

Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը փակագծեր չբացեց, թե արդյոք սկսել են քննարկումները քաղաքական մյուս ուժերի հետ, նշեց միայն, որ այս պահին բոլոր ուժերի խնդիրը փաստաթղթի ստորագրման դեպքում սպասվող աղետի բոլոր հետևանքները մարդկանց բացատրելն է։

Սաղաթելյանն ընդունում է, որ անցած երեք տարիների ընթացքում չեն կարողացել ժողովրդի լայն զանգվածների բացատրել այդ սպառնալիքներն ու դուրս բերել պայքարի։ Բայց պնդում է, որ վերջին մեկ տարում իրավիճակը փոխվել է. - «Եթե անցած տարի Նիկոլ Փաշինյանը խոսեց նշաձողը իջեցնելու մասին, և մենք էն ժամանակ շատ հստակ ասեցինք էդ վտանգները և դուրս եկանք պայքարի, շատերը էն ժամանակ խորությամբ չէին գիտակցում ինչ է կատարվում և մեզ մեղադրում էին, թե՝ ձեր պայքարը իշխանության համար է։ Իսկ հիմա, կարծում եմ, բոլորի համար ակնհայտ է, մարդը պարզ և հստակ հայտարարել է, որ գնում է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու ճանապարհով»։

Վարչապետ Փաշինյանը, ըստ Իշխան Սաղաթելյանի, առաջարկում է հանձնվել, մինչդեռ իրենց համոզմամբ, ժողովուրդը հայրենիքի համար պայքարելու ռեսուրս ունի. - «Հայաստանի Հանրապետության իշխանությունը մեր երկրի տարածքային ամբողջականությունը ապահովելու, Արցախի ինքնորոշման իրավունքը հետապնդելու, հայ մարդու, Հայաստանի քաղաքացու անվտանգությունը ապահովելու փոխարեն առաջարկում է հետևյալ բանաձևը՝ հանձնվել հանուն փրկության, հանձնվել, որ մի մասը փրկել։ Մենք գտնում ենք, որ դա ինքնաոչնչնացման ճանապարհ է։ Հայ ժողովուրդը ունի այդ ռեսուրսը, այդ հնարավորությունը իր հայրենիքի համար կռիվ տալու, պաշտպանելու, թշնամուն չհանձնելու։ Մենք թշնամուն նոր տարածքներ տալու պատրաստակամություն չունենք։ Ընդհակառակը, մենք գտնում ենք, որ այլընտրանք կա»։

Իր պատկերացրած այլընտրանքը Դաշնակցությունը ձևակերպել է գերագույն ժողովի հայտարարության մեջ։ Մասնավորապես, քաղաքական ուժն առաջարկում է վերականգնել երկրի անվտանգային համակարգն ու բանակի մարտունակությունը, արդյունավետ օգտագործել Հայաստանի ռազմավարական դաշնակիցների աջակցությունն ու դիվանագիտական ռեսուրսները, ստեղծել ուժեղ պետություն, որը կկանխի Արցախի բռնակցման, հայաթափման և Հայաստանին կենսական զիջումներ պարտադրող թուրք-ադրբեջանական ծրագրերը։

Ալեն Սիմոնյանը ուրախ ամառ է մաղթում Դաշնակցությանը

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան

Իշխանությունից մինչդեռ վստահեցնում են՝ մտահոգված չեն ընդդիմության առաջիկա գործողություններով։ Ավելին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ուրախ ամառ մաղթեց Դաշնակցությանը. - «Դե թող հաջողեն էլի, թող հաջողեն, թող հաջողեն հըլը երկու-երեք տոկոսից ավելի ինչ-որ տեղ մի ձեն հավաքեն և դրանով զբաղվեն։ Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը, իմ ունեցած տեղեկություններով, արդեն որևիցե ձևով չի ուզում իրանց հետ շփվի։ Ինչ ուզում են, թո անեն... Ուրախ ամառ իրանց»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG