Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը բարեկրթության քողով փակում է միջազգային հանրության աչքերը». Արցախի օմբուդսմեն


Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան

6-րդ օրն է Հակարիի ադրբեջանական անցակետով կանոնավոր, ամեն օր ռուս խաղաղապահների մեքենայով հայեր են Արցախից Հայաստան ու հակառակ ուղղությամբ տեղաշարժվում։

«Երկար բանակցություններից հետո ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերսկսել ենք երթերը Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ։ Էս պահի դրությամբ շարունակական բնույթ ա կրում», - «Ազատությանը» փոխանցեց Արցախում ռուս խաղաղապահների հետ համագործացության կենտրոնի ներկայացուցիչ Գևորգ Միրզոյանը։

Նրա խոսքով, ադրբեջանական անցակետում բոլոր ուղևորները ստուգվում են, բանակցություններն այդպես են ավարտվել։ Շեշտում է՝ Արցախի շրջափակումը կես տարի է շարունակվում է, բազմաթիվ մարդիկ հրատապ խնդիրներ ունեն։

Գևորգ Միրզոյանը նշում է, որ մինչև այժմ որևէ միջադեպ չի գրանցվել, բայց եղել է մեկ դեպք, երբ արցախցուն թույլ չեն տվել Արցախ մտնել, որովհետև ռուսական անձնագրով է եղել. - «Հայաստանից պետք է գար Արցախ, որ վերամիավորվեր իր ընտանիքին, քանի որ կինը և երեխաները գտնվում են Արցախի Հանրապետությունում, ուղղակի ռուսական անձնագիր էր իրա մոտ։ Էն հիմնավորմամբ [թույլ չեն տվել], որ ադրբեջանցիք համարում են Արցախի իրենց տարածքը և իրանք պետք է որոշեն ով գա, ով չգնա»։

Արդյո՞ք ադրբեջանցի սահմանապահները զինվորականներին էլ են արգելում տեղաշարժվել։ Ստեփանակերտում կան տեղեկություններ, ըստ որոնց նույնիսկ առողջական խնդիրներով զինվորականներ խուսափում են անցակետին մոտենալ։

«Էս պահի դրությամբ նման խնդիրների մենք չենք հանդիպել։ Միգուցե կա, ես չեմ կարող ժխտել», - ասաց Միրզոյանը։

Ստեփանակերտցի Գայանե Առստամյանը մի քանի օր առաջ «Ազատությանը» պատմել էր՝ ադրբեջանցիները կռիվ ունեն նույնիսկ հանգուցյալ հայի հետ, եթե նա պատերազմի մասնակից է եղել. - «Չեն թողել անցակետից դին բերեն, որովհետև ինքը իրանց տեսակետից պատերազմի մասնակից է: Բա լավ է, որ պատերազմի մասնակից է, բա ի՞նչ պիտի լինի ձեր ձեռը»։

խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության կենտրոնի ներկայացուցիչը չի հերքում՝ եղել է այդպիսի դեպք. - «Էս դեպքում բանակցությունները արդյունք չեն տվել»։

Այժմ ամեն օր շուրջ 28 հոգի է Արցախ մտնում ու դուրս գալիս, ռուսների մեքենայում այդքան տեղ կա։ Ցուցակագրումը խաղաղապհների հետ համագործակցության կենտրոնում է արվում։ Ըստ Միրզոյանի, շուրջ 500 հոգի Հայաստանում սպասում է տուն, Արցախ վերադառնալու օրվան։ Հակարիի անցակետը հաղթահարող հայերին Ադրբեջանը դեմք առ դեմք է նկարահանում ՝ ցուցադրելով սահմանային անցակետի հովվերգական մի տեսարան։

Արցախի օմբուդսմենի խոսքով, սա միջազգային կառույցների համքր է՝ թե տեսեք Լաչինի միջանցքը որքան բաց է. - «Հայաստանը ներկայացրել է նոր հայց, նոր դիմում՝ դատարանից պահանջելով, որպեսզի միջանցքի վրա ադրբեջանական ներկայություն չլինի։ Եվ ես վստահ եմ, որ օգտագործվելու է դատարանում ցույց տալու համար, որ իրականացվում է անխոչընդոտ անցում»։

Գեղամ Ստեփանյանը շեշտում է, որ առանց երրորդ կողմի՝ ռուս խաղաղապահների կամ Կարմիր խաչի, ոչ մի արցախցի ադրբեջանական անցակետով չի անցնում։ Ի դեպ, Արցախ վերադարձածներից պատմել են, որ այդտեղ շատ քաղաքավարի են երևում և նույնիսկ առաջարկում «իրենց մոտ» գալ առանց ռուսների ուղեկցության։

«Ադրբեջանցիներն ասել են՝ ինչի՞ համար եք երթևեկում ռուսների տրամադրած ավտոբուսով, կարող եք հանգիստ ձեր մեքենաներով գալ-գնալ», - նշեց Ստեփանյանը։

Նրա ձևակերպմամբ, Ադրբեջանը միջազգային հանրության աչքերն է փակում բարեկրթության այս քողով։

XS
SM
MD
LG