Հրամայական է Ստեփանակերտ-Բաքու քննարկումների համար միջազգային մեխանիզմի ներդրումն ու արցախահայության անվտանգության և իրավունքների հասցեագրումը, ԵԱՀԿ մշտական խորհրդի հունիսի 6-ի հատուկ նիստում հայտարարել է ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր համաձայնագրի կամ խաղաղության պայմանագրի հարցում Երևանը մի քանի հիմնարար առաջարկներ է ներկայացրել Բաքվին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտի ձևավորման վերաբերյալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ կարևոր է, որ խաղաղության միջազգային երաշխավորներ լինեն, հակառակ դեպքում պայմանագրի ստորագրումից ժամեր անց էլ կարող է պատերազմ սկսվել։
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Պապիկյանը կարևորել է ԵԱՀԿ առաքելության ժամանումը Հայաստան անցած տարվա սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո։
Պապիկյանն անդրադարձել է նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտմամբ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրմանը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրված հումանիտար ճգնաժամին։