Մատչելիության հղումներ

«Անձամբ եմ տեսել սահմանի երկայնքով տիրող լարված իրավիճակը». ԱՄՆ դեսպան


Քրիստինա Քվինը Տեղ համայնքում
Քրիստինա Քվինը Տեղ համայնքում

Հայաստանում ԱՄՆ-ը դեսպան Քրիստինա Քվինը նախօրեին այցելել է Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնք և ծանոթանացել իրավիճակին։

Այցի լուսանկարները դեսպանը հրապարակել է Թվիթերի իր էջում՝ հայտնելով, որ համայնքի պաշտոնյաներից, քաղաքացիական հասարակությունից և բնակիչներից համատարած մտահոգություններ է լսել անվտանգության մասին:

«Անձամբ եմ տեսել սահմանի երկայնքով տիրող լարված իրավիճակը։ Յուրաքանչյուր ոք արժանի է ապահովության և անվտանգության, որը կբերի արդար և տևական խաղաղությունը», - գրել է Միացյալ Նահանգների դեսպանը։

Մարտի վերջին ադրբեջանական զինուժի հերթական ներխուժումից հետո Տեղի բնակիչները անակնկալ բացահայտել էին, որ իրենց ցորենի դաշտերում ադրբեջանցիները խրամատներ են փորել ու դիրքավորվել։ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ 5 սահմանային կետերով ադրբեջանցիները մինչև 300 մետր առաջ են եկել Հայաստանի տարածք՝ չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին։

Ադրբեջանական զինուժի հերթական ներխուժումից հետո Տեղ համայանքում ստեղծված իրավիճակը դեսպանին ներկայացրել է համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը. - «Ամեն ինչ ներկայացված ա, ամեն ինչ։ Դեսպանը ի՞նչ ասի, դեսպանը ոչ մի բան չի ասել։ Ընդամենը ես ներկայացրել եմ, հետո... կերևա»։

Տեղ համայանքի ղեկավարը հաստատում է՝ ադրբեջանական զինուժը բնակիչների ցորենի դաշտերից ոչ մի միլիմետր ետ չի գնացել

Չնայած մերթ ընդ մերթ հնչող պաշտոնական հավաստիացումներին, թե բարելավում է եղել, ադրբեջանցիները որոշ տեղերում ետ են գնացել, համայնքի բնակիչները պնդում են՝ անցած 3 ամիսների ընթացքում որևէ մեկը իր վարելահողը այդպես էլ ետ չի ստացել։

Դավիթ Ղուլունցն այսօր հաստատեց դա՝ բարելավումը, ինչի մասին խոսել էր վարչապետ Փաշինյանը վերաբերում է Կոռնիձորի կամրջի մոտակայքում գտնվող հատվածին։

«Չէ, հետ գնացած են ներքևի մասում։ Դա մի ամիս առաջ ա։ Որ վարչապետն էլ ասում, էդ մասն ա հետ գնացել։ Մի մաս ա էղել, մոստի ձախակողմյան հատվածում են հետ գնացել։ Մնացողը նույն վիճակում մնում ա... Կոնկրետ մեր հատվածում, որ եկել են, դաշտավայրեր մտել են, ցորեն դաշտավայրեր որ մտել են, կոնկրետ էդ հատվածներում ոչ մի միլիմետր հետ չեն գնացել։ Որտեղ կանգնած են եղել, տենց էլ մնացել են», - ասաց Ղուլունցը։

Քրիստինա Քվինը Լաչինի միջանցքում
Քրիստինա Քվինը Լաչինի միջանցքում

Հայաստանում ԱՄն-ը դեսպանը 3 ամիս առաջ ևս Սյունիքի մարզում էր։ Այն ժամանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ Քրիստինա Քվինը այցելել էր Ադրբեջանի կողմից փակված Լաչինի միջանցքի սկզբնամաս։ Դեսպանն այդ ժամանակ կրկնել էր Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին պետքարտուղար Բլինքենի կոչը։ Սակայն Բաքուն ոչ միայն չբացեց միջանցքը, այլև այդ կոչից շաբաթներ անց հաստատվեց Տեղ համայնքի բնակիչների վարելահողերում։

Սյունիքում տրանսպորտային հաղորդակցությունների և դրանց հանդեպ քաղաքական ազդեցությունների խնդիրը դարձել է առանցքային

Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ, ԱՄՆ դեսպանի հերթական այցը Սյունիքի մարզ դիվանագիտական աշխատանքի մի մասն է և շատ խորը ազդակներ չի պարունակում։ Նրա խոսքով, եթե իսկապես Միացյալ Նահանգներն ընդունում է, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, ապա պետք է հնչեն հստակ գնահատականներ և պատասխանատվություն պարունակող ձևակերպումներ. - «Մենք առայժմ սա չենք տեսնում։ Հակառակը, մենք տեսնում ենք հայտարարություններ, որ խնդիրները պետք է լուծվեն համապարփակ։ Դա նշանակում է՝ հայ-ադրբեջանական կարգավորման մնացյալ բոլոր խնդիրների համատեքստում։ Եվ սա նշանակում է, որ այն քայլերը, որ արել է Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքի ներխուժում, Լաչինի միջանցքի շրջափակում և Արցախի շրջափակում, էս բոլոր քայլերը համապարփակի տրամաբանության մեջ են ներառվում։ Այսինքն՝ մենք առայժմ տեսնում ենք էս հանգամանքը, և չենք տեսնում Ադրբեջանի առաջ պատասխանատվության նշաձողեր դնելու քաղաքականություն, այդ թվում Միացյալ Նահանգների կողմից։ Էստեղ որևէ ձևաչափում չենք տեսնում՝ լինի Մոսկվա, Բրյուսել թե Վաշինգտոն, որևէ տեղ մենք սա, ցավոք սրտի, չենք տեսնում»։

Հակոբ Բադայանի համոզմամբ՝ Իրանին ու Ադրբեջանին սահմանակից Սյունիքի մարզի հանդեպ աշխարհաքաղաքական հետաքրքրությունը առկա է վաղուց, և դա չի դրևսորվում միայն դեսպանի այցերով։ Սյունիքում տրանսպորտային հաղորդակցությունների և դրանց հանդեպ քաղաքական ազդեցությունների խնդիրը դարձել է առանցքային և տեղավորվում է աշխարհաքաղաքական ներկայիս դիմակայության շրջանակներում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG