Առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ի հեճուկս իր իսկ կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը՝ վկայակոչելով Բաքվից տևական ժամանակ հնչող հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ԼՂ պաշտպանության բանակի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ:
Ընդգծելով, որ ՌԴ խաղաղապահների կողմից հրապարակվող տեղեկատվական նյութերում արձանագրվել են հրադադարի՝ միայն ադրբեջանական կողմից խախտումներ՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է՝ ուժի կիրառման հերթական գործողություններն իրականացնելուց առաջ Բաքուն ապահովում է դրանց «տեղեկատվական նախապատրաստումը» և ապագա գործողությունների պատասխանատվությունն արհեստականորեն ի սկզբանե վերագրումը մյուս կողմին։
Վերջին շաբաթներին գրեթե ամեն օր Բաքուն հաղորդում է, թե Արցախից ու Հայաստանից գնդակոծում են ադրբեջանական դիրքերը։ Երևանն ու Ստեփանակերտը հերքում են Բաքվի պնդումները՝ ադրբեջանական կողմին մեղադրելով հրադադարի խախտման մեջ։
Երևանը կոչով դիմում է ՌԴ խաղաղապահ ուժերին
Արտգործնախարարությունը կոչ է անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և հետաքննել Ադրբեջանի կողմից հնչեցվող բոլոր դեպքերը՝ հանրայնորեն ներկայացնելով իրերի ողջ դրությունը:
Երևանը վերահաստատում է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտության վերաբերյալ, որը, ըստ ԱԳՆ-ի, ևս կարող է հավաստի և անկողմնակալ տեղեկատվություն տրամադրել ինչպես կողմերի միջև շփման գծում իրավիճակի վերաբերյալ, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։
«Հայաստանի Հանրապետությունը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հրատապ է և անհետաձգելի», - հայտարարում է արտգործնախարարությունը և միջազգային հանրությանը կոչ է անում աջակցել այս գործընթացին։