Քիշնևում հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրումը ներառված չէ, «Ազատության» հարցին ի պատասխան փոխանցել են Արտգործնախարարությունից։ Համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են։
Հունիսի 1-ին՝ Քիշնևում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ նախատեսված բանակցությունների ընթացքում խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին այսօր Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանն էր խոսել։
«Հայկական կողմը պատրաստ կլինի համաձայնագրի ստորագրմանն այն պահին, երբ հասցեագրված կլինեն առանցքային խնդիրները: Կարծում ենք դրանց շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո: Քիշնևի հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ», - հայտնում է ԱԳՆ-ը:
Թե առանցքային խնդիր ասելով ի՞նչ նկատի ունի պաշտոնական Երևանը, ԱԳՆ խոսնակը չի հստակեցրել։
«Ազատության» հետ զրույցում վարչապետ Փաշինյանն ասել էր, որ կողմերի հիմնական տարաձայնությունները Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրման, խաղաղության երաշխավորի ու էլի մի շարք հարցերում են։
Իշխանական և ընդդիմադիր պատգամավորները 6 օրից խաղաղության պայմանագրի ստորագրումը անհավանական են համարում
6 օրից հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը գրեթե անհավանական էր համարում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Առանց մանրամասնելու, թե ինչի մասին է խոսքը՝ Հովհաննիսյանն էլ էր ասում՝ տեխնիկական բազմաթիվ չլուծված հարցեր կան, չնայած, ինչպես պնդեց՝ առաջ շարժվելու հիմք է ստեղծվել, երբ երկու երկրների ղեկավարները խոսել են տարածքային ամբողջականությունների փոխադարձ ճանաչումից:
«Քանի որ դեռևս բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, որոնք մեզ չի հաջողվել լուծել արդեն երկար ամիսներ և տարիներ, ես չեմ կարծում, որ մի քանի օրում սպրինտ եղանակով հնարավոր է այդ խնդիրները լուծել, եթե Ադրբեջանը գերկառուցողական իրեն չի դրսևորել կամ կդրսևորի, ինչի հավանականությունը ես այս պահին այնքան էլ չեմ տեսնում: Ամեն դեպքում Հայաստանի Հանրապետությունը շարունակում է պատրաստակամ լինել փաստաթղթի ստորագրմանը, եթե այն կապահովի տարածաշրջանում երկարատև խաղաղության, Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 քառ. կմ-ն և կհասցեագրի Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը», - ասաց Հովհաննիսյանը:
Եթե չի հաջողվում միջազգային հովանու ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսության շուրջ գալ պայմանավորվածության, Հայաստանը կստորագրի՞ պայմանագիրը. - «Այս պահին նաև ուլտիմատումների լեզվով պետք չէ խոսել, բնականաբար, շատ մեծ բարդություններ է առաջացնելու, եթե չհաջողվի հասցեագրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների խնդիրները, որովհետև խոսքը գնում է էթնիկ զտման վտանգի մասին»:
Քիշնևում խաղաղության պայմանագրի ստորագրում հավանական չհամարելով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը կարծիք հայտնեց, թե իշխանությունը շարունակելու է զիջումների քաղաքականությունը։
«Շարունակվում են այս կարգի քննարկումները, և որքան այս իշխանությունը կառչած մնա իր աթոռներից, այնքան զիջումները շատ ավելի առարկայական կդառնան: Ողբերգությունը հենց այդտեղ է, մենք հիմա հասել ենք մի տեղ, ուր մարդիկ բացահայտ ասում են՝ Արցախը Ադրբեջանի կազմում է: Հայաստանի հնարավոր ապագայի վրա նետած ամենամեծ քարն է», - ասաց Վարդանյանը:
Իշխանությունը չի շտապում որակումներ տալ, թե երեկվա մոսկովյան եռակողմ հանդիպումը տապալվել է
Իշխանությունը չի շտապում որակումներ տալ, թե երեկվա մոսկովյան եռակողմ հանդիպումը տապալվել է։ Ասում էին՝ այդ հանդիպման մանրամասների վերաբերյալ կլինի համապատասխան հայտարարություն՝ թե ո՞վ է անելու, չհստակեցրին։
Արթուր Հովհաննիսյանն այսօր չհաստատեց, որ Պուտին-Փաշինյան-Ալիև մոսկովյան բանակցությունների ավարտին նախատեսվում էր առնվազն երկու եռակողմ փաստաթուղթ ստորագրել. մեկը՝ երկրների ղեկավարների հերթական հայտարարության տեսքով, մյուսը՝ Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ: Բայց նաև չհերքեց հանդիպման նախօրեին ռուսական «Կոմերսանտ»-ի հրապարակած տեղեկությունը:
Մոսկվայում ո՛չ համատեղ հայտարարություն եղավ, ո՛չ փաստաթուղթ ստորագրվեց: Արդյոք տեխնիկական տարաձայնությունը, որի մասին եռակողմ հանդիպման սկզբում խոսում էր Վլադիմիր Պուտինը, վերաբերում էր հենց միջանցք բառի գործածությանը:
«Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը երեկ Փաշինյան-Ալիև բուռն բանավեճի առիթ տվեց: Իշխանական պատգամավորն ասաց՝ բանակցային դետալներին վերաբերող հարցերը մեկնաբանելը սխալ են համարում, միայն պնդում են՝ Հայաստանի համար կարմիր գիծ է արտատարածքային ճանապարհի տրամադրումը:
«Տարընթերցումների տեղիք չտվող տեքստերի կհասնենք, նոր մենք կկոմունիկացնենք մեր հանրության հետ: Մինչև հիմա մի շարք տեխնիկական խնդիրներ կան, խոսքը չի գնում միայն տերմիների մասին, այլ բազմաթիվ այլ հարցերի, որոնց վերաբերյալ աշխատանք են իրականացնում մի քանի հանձնաժողովներում, և մենք պետք է հընթացս դինամիկայի փոխանցենք տեղեկատվությունը՝ առաջ չընկնելով և չվնասելով գործընթացներին», - ասաց Հովհաննիսյանը:
Ինչպես ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի»-ն էր հաղորդել, առաջնորդների եռակողմ հանդիպումը ընդամենը 20 րոպե է տևել, հենց այդ բանակցությունները եզրափակեցին մոսկովյան երեկվա հանդիպումները, որից հետո Պուտինը պնդեց՝ ընդհանուր առմամբ, չնայած դժվարություններին և խնդիրներին, իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ։
Մյուս շաբաթ Մոսկվայում կհանդիպեն փոխվարչապետերը՝ քննարկելու տրանսպորտային ապաշրջափակումը։
Իշխանությունը պնդում էր, թե կոմունիկացիաների հարցով առանձին փաստաթուղթ չի լինի, բանակցվում է մեկ՝ խաղաղության պայմանագրի նախագիծը։ Դա էլ, ենթադրում են, ուժի մեջ մտնելու համար պետք է անցնի բոլոր ներպետական ընթացակարգերը՝ ՍԴ-ն պետք է ստուգի դրա համապատասխանությունը մայր օրենքին, ԱԺ-ն վավերացնի, նախագահը ստորագրի: