Մատչելիության հղումներ

Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումն ավարտվել է առանց համատեղ հայտարարության, կողմերը որևէ փաստաթուղթ չեն ստորագրել 


Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Փաշինյան - Ալիև թեժ բանավեճին հաջորդած եռակողմ հանդիպումը Ռուասաստանի նախագահի մասնակցությամբ երեկ ուշ գիշերին ավարտվել է առանց համատեղ հայտարարության, կողմերը որևէ փաստաթուղթ չեն ստորագրել։

Բանակցությունները, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր, տևել են ընդամենը քսան րոպե։

«Կողմերի միջև դեռ չկարգավորված հարցեր կան»

Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ կողմերի միջև դեռ չկարգավորված հարցեր կան։

«Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, չնայած բոլոր դժվարություններին և խնդիրներին, որոնք դեռ բավականաչափ են, իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ։ Այդ ուղղություններից մեկը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ուղղությամբ աշխատանքն է։ Հենց նոր մենք երեքով դեմ առ դեմ բավական մանրակրկիտ այդ մասին խոսել ենք և դեռ կան մինչ այս պահը չկարգավորված հարցեր», - ասել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինի խոսքով ՝ չկարգավորված հարցերը բացառապես տեխնիկական բնույթ են կրում, դրանք, սակայն, Կրեմլի ղեկավարի համոզմամբ, հաղթահարելի են։ Թե հատկապես, որ հարցերի շուրջ են տարաձայնությունները, Ռուսաստանի նախագահը չի հստակեցրել, միայն նշել է, որ «հարցը տերմինաբանության մեջ է»։

«Իհարկե, այդ տերմինների հետևում պետք է լինի ճշգրիտ պատկերացում այն իրողությունների և իրադարձությունների մասին, որոնք կհետևեն համապատասխան փաստաթղթերի ստորագրմանը, բայց, մեր կարծիքով, նկատի ունեմ բոլորիս՝ և՛ Ադրբեջանի նախագահի, և՛ Հայաստանի վարչապետի, դրանք հաղթահարելի խոչընդոտներ են։ Մեծ հաշվով՝ դրանք գոյություն չունեն, զուտ տեխնիկական հարցեր են», - ասել է Ռուսաստանի առաջնորդը:

Կրեմլի ղեկավարը երեք երկրների փոխվարչապետերին առաջարկել է մեկ շաբաթից կրկին հանդիպել և վերջնական տեսքի բերել այդ հարցերը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ավելի ուշ հստակեցրել է՝ քննարկվող հարցը սահմանահատման ընթացակարգի մասին է. - «Խոսքը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու ընթացակարգի մասին է, թե ինչպես է իրականացվելու սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողություն, սա շատ կարևոր է»:

Երևանն ու Բաքուն հայ - ադրբեջանական ճանապարհների վերագործարկման հարցը Մոսկվայի միջնորդությամբ քննարկում են ավելի քան երկու տարի, կողմերը մի քանի անգամ հայտարարել են, որ մոտ են պայմանավորվածությունների ձեռքբերմանը, սակայն սահմանային բախումների ֆոնին այդ քննարկումները պարբերաբար ընդհատվել են։

«Հայաստանը շահագրգռված է բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ»

Երեկ Մոսկվայում ՝ թե՛ ԵԱՏՄ նիստին, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի հայտարարության պատճառով ծագած բանավեճի ընթացքում, թե՛ Պուտինի հետ երկկողմ հանդիպմանը, վարչապետ Փաշինյանը վերահաստատել է՝ Հայաստանը շահագրգռված է բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ և պատրաստ է սկսել այդ ուղղությամբ աշխատանքները՝ հիմնված Հայաստանի ինքնիշխանության և իրավասության վրա։

Ռուսաստանի նախագահն իր հերթին հավաստիացրել է՝ ճանապարհների ապաշրջափակումը ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար է շահավետ, այդ թվում՝ մարդկանց անվտանգության ապահովման առումով։

Պուտինը, սակայն, նույնքան հաստատակամ չի արձագանքել Փաշինյանի բարձրացրած մյուս հարցին՝ Լաչինի միջանցքի հետ կապված, որը, ինչպես Հայաստանի վարչապետն է իր խոսքում հատուկ ընդգծել, արգելափակվել է ռուս խաղաղապահների ներկայությամբ։

Ի պատասխան, Կրեմլի ղեկավարը կրկնել է Լաչինի միջանցքի՝ ավելի քան հինգ ամիս շարունակվող արգելափակման ֆոնին պաշտոնական Մոսկվայի հայտարարությունը, թե Լաչինի միջանցքի վերաբերյալ երբեք չեն փոխել իրենց դիրքորոշումը։

Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող այդ ճանապարհն արգելափակած Ադրբեջանի նախագահի հետ երկկողմ հանդիպմանը Ռուսաստանի ղեկավարը բանակցությունների հրապարակային հատվածում այդ հարցին չի անդրադարձել։ Փոխարենը նա գոհունակությամբ է խոսել ռուս-ադրբեջանական, իր բնորոշմամբ, բարձր մակարդակի հարաբերությունների մասին՝ ընդգծելով՝ հաշվի են առնվում միմյանց շահերը։

Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում ներդրած ջանքերի համար և վստահություն հայտնել, թե Փաշինյանի կողմից Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարությունը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ տարածքի կոնկրետ թիվը նշելով, հեշտացնում է խաղաղության պայմանագրի մյուս կետերի համաձայնեցման հարցը։

Պեսկովը հույս է հայտնել, որ տեսանելի հեռանկարում խաղաղության պայմանագիր կնքում հնարավոր կլինի

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր մեկնաբանելով եռակողմ բանակցությունները, որոնք փաստացի տապալվել են, հույս է հայտնել, որ տեսանելի հեռանկարում խաղաղության պայմանագիր կնքում հնարավոր կլինի։ Ըստ Ռուսաստանցի պաշտոնյայի, հայեցակարգային առումով հանգամանքների փոփոխությունն է ընձեռում նման հնարավորություն։ Փակագծեր Պեսկովը չի բացել։

Երևանի և Բաքվի միջև վերջնական համաձայնագրի կնքման հույս են հայտնել նաև Վաշինգտոնից։ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու ՄԻլլերն է այդ մասին հայտարարել և ընդգծել՝ Վաշինգտոնն աջակցում է հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակմանը։ Բաքուն նույնիսկ հստակ ժամկետներ է նշել՝ ընդամենը մի քանի օրից՝ Քիշնևում կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել, այդ մասին «Ռոյթերզ»-ին ասել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան՝ շեշտելով, որ սա պատմական պահ է, որը չի կարելի բաց թողնել»։

Պաշտոնական Երևանն էլ արձագանքելով այս հայտարարությանը՝ նշում է՝ Քիշնևի հանդիպման օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրում ներառված չէ:

Մինչ այդ ՝ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ իր համար սկզբունքային երկու հարցի՝ զորքերի հայելային հետքաշման, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների հասցեագրման հետ կապված Բաքվի հետ տարաձայնությունները պահպանվում են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG