Մատչելիության հղումներ

Մենք վստահ ենք, որ Արցախը պետք է լինի ինքնուրույն և ոչ Ադրբեջանի կազմում​​​​​. Ռուբեն Վարդանյան


«Մենք վստահ ենք, որ Արցախը պետք է լինի ինքնուրույն և ոչ Ադրբեջանի կազմում​», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Ընդունելի՞ է խաղաղության պայմանագիրը, եթե ամրագրվի արցախահայերի իրավունքների և պաշտպանության մեխանիզմ, բայց՝ Ադրբեջանի կազմում:

Վարդանյան. - Ինձ թվում է՝ բոլոր մարդիկ արդեն արձագանքել են, որ դա անընդունելի է, և այսօրվա ընտրված քաղաքական ուժը, ընտրվել է ուրիշ օրակարգով, դրա համար իրանք ինչ-որ պատճառներով ուզում են փոխեն իրենց տեսլականը, իրենց մոտեցումները: Իրենք ուղղակի իրավունք չունեն այն մանդատը, որ ստացել են 21 թվականին, օգտագործեն այսպիսի պայմանագիր ստորագրելու համար: Ամբողջ հայ ժողովուրդը պետք է իր որոշումը կայացնի, ոչ թե մի անձ կամ մի քաղաքական ուժ, դա շատ կարևոր հարց է բոլորիս համար, որոշում կայացնելու իրավունք ոչ մեկը չունի՝ ուղղակի լինելով այսօրվա դրությամբ իշխանության: Ինչ-որ պատճառներ, ինչ-որ արգումենտներ բերվի, պետք է քննարկվի:

«Ազատություն». - Այդ փաստարկները բերվեցին մամուլի ասուլիսի ժամանակ, և ձեզ նաև հայտնի է, որ Ադրբեջանը նույնիսկ նվազագույն ինքնավարության համաձայն չէ:

Վարդանյան. - Դա անընդունելի է, մենք վստահ ենք, որ Արցախը պետք է լինի ինքնուրույն և ոչ Ադրբեջանի կազմում:

«Ազատություն». - Դրա համար ռեսուրսներ են պետք, սակայն ադրբեջանական զինուժն արդեն Ստեփանակերտի մատույցներում է ամրացած, Արցախը՝ շրջափակված:

Վարդանյան. - Մենք անցել ենք երկար պատմական ճանապարհ, ունեցել ենք տարբեր դժվար ժամանակահատվածներ, 92 թվականին իրենք կանգնած էին Ասկերանում, և մենք շատ զոհեր տվեցինք և՛ Մարտակերտում, և՛ ուրիշ շրջաններում, այո, ծանր իրավիճակ է, բայց ես վստահ եմ, որ եթե մենք ունենք հստակ որոշում, կամք և միացման այդ ուժը, մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները, չնայած իրենք իսկապես շատ լուրջ են, և խնդիրները շատ ծանր են: Բայց նույն ձևի ես տեսել եմ էս 9 ամսվա մեջ, որ մարդիկ պատրաստ են մինչև վերջ պայքարելու, մարդիկ պատրաստ են իրենց հայրենիքը պաշտպանելու, և դա մեծ ուժ է, որ պաշտպանես քո հայրենիքը:

«Ազատություն». - Այսինքն՝ ռազմակա՞ն դիմադրություն ցույց տալ, պարոն Վարդանյան:

Վարդանյան. - Եթե պետք լինի, այո, ռազմական դիմադրություն, որովհետև եթե Ադրբեջանը գնա այդ քայլին, որը ես վստահ եմ, իրենք չեն անելու, որովհետև դա իրենց համար շատ մեծ բեռ է լինելու՝ և՛ ներքին աշխարհում, և՛ դրսում, որովհետև ի վերջո մենք խոսում ենք քաղաքական մարդկանց մասին և եթե այստեղ պատերազմը դառնա իսկապես լայնատարած, դա բերելու է շատ զոհերի երկու կողմից էլ և դա չի ընդունվելու և չի մարսվելու Ադրբեջանի կողմից:

«Ազատություն». - Ինչպե՞ս մարսվեց միջանցքում ընդհուպ արդեն անցակետի տեղադրումը, Հայաստանի տարածք ներխուժումը և ահա հիմա դա չի մարսվի, երբ արդեն ամբողջ աշխարհն է ասում, որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի ներքո՝ այդ թվում:

Վարդանյան. - Չեմ ասի՝ դա մարսվել է, կարմիր գիծը խախտվել է և չի ընդունվում Արցախում: Մենք ուղղակի իսկապես պետք է հստակ ու շատ կտրուկ մեր դիրքորոշումը հնչեցնենք, որովհետև աշխարհն էլ է շատ ուշադիր նայում՝ ինչ ենք մենք անում, ոնց ենք մենք արձագանքում ինչ-որ դեպքերի, ոնց ենք համակերպվում կամ չենք համակերպվում այդ ճնշմանը, որն իրականացնում է Ադրբեջանը:

«Ազատություն».- Դուք դա ասում էիք նաև Ձեր մոտ եռամսյա պաշտոնավարման ընթացքում, բայց էլի չաշխատեց, մի բան էլ դրությունը ավելի վատթարացավ, էդ շրջափակումը սկսվեց, բանակցություններն ընդհանրապես փակուղի մտան:

Վարդանյան. - Դա տենց չէր, որովհետև տարբեր ուժեր տարբեր բաներ էին հայտարարում և՛ ներսում, և՛ դրսում, ինձ թվում է, պատճառներից մեկն է, որ չստացվեց, որովհետև միավորման գաղափարը մի գաղափարի, մի բանակի շուրջ չստացվեց, և մի մասը մարդկանց, տարբեր պատճառներով տեսնում էին ուրիշ լուծում: Ցավոք սրտի, մեր մեջ հարյուր տոկոսանոց չէր այն ժամանակ այդ հասկացողությունը, որ զիջումներով մենք ուղղակի ամեն անգամ ավելի ենք վատացնում մեր վիճակը, և իմ դուրս գալը պաշտոնից, ինձ գործից հանելը նախագահի կողմից՝ հույս էր մարդկանց մոտ, որ ինչ-որ բան կփոխվի, ցույց տվեց, որ ոչ մի բան էլ չփոխվեց, նույն ձևի Ադրբեջանը շարունակում է իր ռազմավարությունը՝ նույն ձևով ճնշելով 120 հազար արցախցիներին, ստիպելով ենթարկվել իրենց որոշմանը, իրենք պատրաստ չեն նստեն սեղանի շուրջ և նորմալ բանակցություններ անեն:

«Ազատություն». - Հետևաբար դիմադրության պատրաստվելն արդյոք արկածախնդրությո՞ւն չէ:

Վարդանյան. - Իսկ Դուք ուրիշ տարբերակ ունե՞ք, հասկանում եք չէ՞, որ տարբերակները՝ կա՛մ ենթարկվում ես, կա՛մ դուրս ես գալիս, կա՛մ պայքարում ես:

«Ազատություն». - Պաշտոնական Երևանի առաջարկն է՝ ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, բայց միջազգային երաշխիքներ ստեղծել, որ այնտեղ հայեր ապրեն, և, ըստ էության, մնա հայկական Արցախը:

Վարդանյան. - Դուք հավատո՞ւմ եք, որ երկիրը, որը, իր քաղաքացինե՛րը չեն ստանում ոչ մի իրավունքներ, և իրենք ճնշված են վերջին տասնյակ տարիները, մի ընտանիք ղեկավարում է այդ երկիրը, և բոլոր ռեյտինգներով իրենք վերջին տեղերում են՝ մարդու իրավունքի պաշտպանության ռեյտինգում, կամ ազատ խոսքի հնարավորության, Դուք հավատո՞ւմ եք, որ դա հնարավոր է այս իրավիճակում, եթե կուտակված է այս 35 տարվա մեջ՝ այսքան եղել է զոհեր, բան, որ այս իրավիճակում՝ այդ ատելությամբ, որը ներշնչվում է Ադրբեջանում հայի նկատմամբ, ինչ-որ ձևով հնարավոր կլինի դա պաշտպանել: Եթե Հայաստանն էլ, որը գարանտ էր անվտանգության, հետ է կանգնում դրանից:

«Ազատություն». - Դուք Ռուսաստանի հետագա ներկայությունը այդտեղ տեսնո՞ւմ եք, եթե հիմա փաստացի չեն կատարում ստանձնած պարտավորությունները:

Վարդանյան. - Ես կարծում եմ, որ շատ կարևոր է այստեղ ներկայությունը Ռուսաստանի և ուրիշ հնարավոր միջազգային ուժերի, որովհետև իսկապես այս կոնֆլիկտը, որը գնում է արդեն տասնյակ տարիներ, լուծում չունի ուղղակի՝ ինչ-որ մեկը հաղթեց, մյուսը պարտվեց, և այդ կողմից, իհարկե, այստեղ պետք է ներկա լինեն խաղաղապահները: Այսօրվա դրությամբ այստեղ ռուսներն են, և տևական ժամանակ է՝ լավ է, վատ է, կատարում են իրենց պարտականությունները, և ես կուզենայի, որ, իհարկե, իրենք ավելի կտրուկ և կոնկրետ կատարեին ամեն ինչ, ինչ որ պայմանավորված է իրենց մեջ, բայց, միևնույն ժամանակ, հասկանում եմ, որ, ի վերջո, խաղաղապահները ունեն շատ սահմանափակ մանդատ, այդ մանդատը պետք է դառնա ավելի հզոր, ավելի ծանրակշիռ, ավելի հստակ և ավելի երկար ժամկետով:

«Ազատություն». - Բայց կարծես ամեն ինչ տանում է հակառակին՝ որ նրանք 25 թվին կարող է հեռանան Ալիևի պահանջով:

Վարդանյան. - Դե եթե մենք շարունակենք այսպես, ամեն անգամ նահանջենք, եթե մենք ամեն անգամ մեր ներսում ամեն ինչ անենք, որ դա չերկարացվի, եթե մենք չենք փորձում մեր կողմից ամեն ինչ անել, որ դա այդպես չլինի, իհարկե կլինի:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG