Մատչելիության հղումներ

Պետք է ուղերձներ գնան Անկարա առ այն, որ Երևանը լուրջ է հարաբերություններ հաստատելու հարցում. Թաթուլ Հակոբյան


«Պետք է ուղերձներ գնան Անկարա առ այն, որ Հայաստանը լուրջ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, և սա, այո, պետք է այնպես անենք, որ թուրքերը նորից չփակեն այս սահմանադուռը», - «Ազատության» հետ զրույցում ասում է լրագրող, «Անի» կենտրոնի ղեկավար Թաթուլ Հակոբյանը՝ անդրադառնալով Մարգարայի կամրջով Թուրքիա օգնություն ուղարկմանը։

Ստորև հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Թուրքիա օգնություն ուղարկելը քննադատության է արժանանում: Նրանք հայերի վրա «Բայրաքթարներ» էին ուղարկում, հայերը՝ օգնություն:

Թաթուլ Հակոբյան. - Այսինքն՝ եթե մենք համարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է այսպես ասած, ինչպես ընդդիմությունն է պնդում, Հայաստանի թուրքացման քաղաքականությունը, եթե այդպես է, ապա Հայաստանի թուրքացման քաղաքականությունը սկսվել է ՀՀ հիմնադրման օրվանից՝ 1918 թվականի մայիսի 28-ից, երբ առաջին պետությունը, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, Օսմանյան Կայսրությունն էր: Այսինքն՝ մենք պետությո՞ւն ենք, թե՞ ֆիդայապետություն ենք, մենք լուրջ պետությո՞ւն ենք, թե՞ պետություն չենք, և եթե սովորական մարդիկ ինչ-որ ձևով կարող են այս հարցը քննարկել, նույնիսկ ուրախանալ, բայց երբ որ սրա մասին խոսում են նախկին դիվանագետները, նախկին նախագահները, նախկին արտգործնախարարները, ես վախենում եմ այդ մարդկանցից, որոնք պետություն են ղեկավարել, որոնք դիվանագետներ են եղել, եղել են քաղաքական գործիչներ:

«Ազատություն». - Իսկ տեղին չե՞ն զուգահեռները Լաչինի միջանցքի և Մարգարայի կամրջի միջև, Արցախում էլ է հումանիտար ճգնաժամ, Թուրքիան այդ հարցում ևս աջակցել է Ադրբեջանին, իսկ ահա մյուս փակ կամուրջը միանգամից բացվեց:

Թաթուլ Հակոբյան. - Ճիշտ եք ասում, իհարկե, դա ճիշտ է, ես չեմ ասում, որ պետք է մոռանանք Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունն այս հարցում ամեն մեկինն իր պատասխանատվության չափով, բայց էլի մենք պետությո՞ն ենք, թե՞ պետություն չենք: Ես համոզված եմ, որ հակառակը՝ մենք պետք է ամեն ինչ անենք, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը հարյուր տոկոսով նույնական չեն, այդ հայ քաղաքական միտքն է նույնացնում, հակառակը՝ եթե այնտեղ կա մեկ տոկոս ճեղք, ապա մենք պետք է այդ մեկ տոկոս ճեղքի վրա աշխատեինք, որպեսզի կարողանայինք ինչ-որ ձևով մեղմել Թուրքիայի հակահայ քաղաքականությունը: Ես չեմ ասում՝ դա հեշտ կստացվեր, բայց հիմա ի՞նչ են առաջարկում, մենք ի՞նչ անեինք այս պայմաններում:

Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը ցավ է հայտնում տեղի ունեցած ողբերգության առիթով չէ՞, Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյան է անգամ այցելում և այլն: Հիմա մենք ի՞նչ անեինք, մենք լռեի՞նք, ոչինչ չանեի՞նք: Մենք, որ ամբողջ աշխարհից արդարություն ենք պահանջում, որ միջազգային արդարադատությունն ենք այսօր բերում օրինակ և դրան ենք հղում կատարում, դրան ենք դիմում, այսինքն՝ մենք շարունակե՞նք մեր նեղ պատուհանից նայել աշխարհին: Ես կարծում եմ՝ և Նիկոլ Փաշինյանն է ճիշտ տարել այս քաղաքականությունը, և Սերժ Սարգսյանն է ճիշտ տարել, երբ ցավ է հայտնել ահաբեկչությունների հարցով, և Ռոբերտ Քոչարյանն է ճիշտ արել, և Լևոն Տեր-Պետրոսյանն է ճիշտ արել, որ մասնակցել է Օզալի թաղմանը, և Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերն են ճիշտ արել, որովհետև նրանք պետություն են ղեկավարել, և նրանք կրել են պատասխանատվություն պետության համար, այլ խնդիր է, որ տարբեր ժամանակներ նրանք արժանացել են քննադատության, դա էլ նորմալ է, թող քննադատեն:

«Ազատություն». - Հաջո՞ղ ժեստ է Մարգարայի կամրջի գործարկումը, որ գուցե կարող է վերջապես մեկնարկը դառնալ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու:

Թաթուլ Հակոբյան. - Իհարկե, սա լավ առիթ է, և ես կարծում եմ, որ եթե հնարավոր լինի, Հայաստանի կառավարությունը եթե նման հնարավորություն ունի, ես կարծում եմ՝ ունի, կարող է մեկ մարդասիրական օգնություն ևս տրամադրել, օրինակ՝ Թուրքիային առաջարկել, որ ցանկանում է մեկ անգամ էլ, ասենք, 10 մեքենաներ՝ բեռնատարներ, Սիրիային օգնություն ուղարկել, որտեղ ունենք մեծ հայություն, կարող է 5 ավտոմեքենաներ առաջարկել Թուրքիայի հայ քաղաքացիների, որոնք տուժել են, գիտեք, որ արդեն զոհեր ենք տվել, այսինքն՝ պետք է ուղերձներ գնան Անկարա առ այն, որ Հայաստանը լուրջ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, և սա, այո, պետք է այնպես անենք, որ թուրքերը հեշտ նորից չփակեն այս սահմանադուռը:

XS
SM
MD
LG