Մատչելիության հղումներ

Արցախցի օրենսդիրներին արձագանքել են Հայաստանի երկրորդ ու երրորդ, Արցախի նախկին երկու նախագահները


Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի վարչապետի հայտարարությանը Ստեփանակերտից կոշտ են արձագանքում։

Արցախի խորհրդարանն անընդունելի և առոչինչ է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնցում, ինչպես արցախցի օրենսդիրներն են ձևակերպում, «անտեսված են Արցախի ինքնիշխանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու դրա իրացման փաստը»։ Փաշինյանի ասուլիսից ժամեր անց՝ երեկ ուշ երեկոյան Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ հրավիրեց ու միաձայն հայտարարություն ընդունեց։

«Ի՞նչ իրավունքների, անվտանգության և երկխոսության մասին կարող է խոսք լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիակատար շրջափակման մեջ՝ շարունակելով դեռևս 80-ականներից սկսած Արցախի էնթիկ զտման և ցեղասպան քաղաքականության իրագործումը», - հայտարարեց Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։

Հայաստանի գործադիրի ղեկավարը, երեկ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստամություն հայտնելուց բացի, միաժամանակ շեշտեց, թե Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ - Բաքու երկխոսության միջոցով. - «Կարևոր եմ համարում այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը։ Ի՞նչ նկատի ունենք։ Նկատի ունենք, օրինակ, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը մոռացության մատնվել, և Ադրբ եջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը։ Եվ մենք կարևոր ենք համարում, որ լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքականությունը չի շարունակվելու»։

Արցախում իշխող ուժից անգամ Հայաստանի վարչապետին «կապիտուլյանտ» որակումը տվեցին։ Շուրջ կես ժամ տևած նիստի ընթացքում, սակայն, արցախցի օրենսդիրներն այդպես էլ հստակ չձևակերպեցին՝ կոնկրետ ինչ քայլեր պետք է անի Հայաստանի իշխանությունն այս իրավիճակում, սահմանափակվեցին միայն Փաշինյանին քննադատող հայտարարություններով։

Իշխող «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն ասաց, թե Արցախ Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի իշխանությունների հայտարարությունները զուրկ են իրավական, քաղաքական ու քաղաքական հիմքերից։ Իշխանական պատգամավորի համոզմամբ, ձևախեղված է խաղաղության բանաձևը, և որպես դրան հասնելու գին ներկայացված է Արցախը. - «ՀՀ վարչապետի կողմից շատ անգամներ հիշատակվում են Մադրիդյան սկզբունքները և նմանատիպ այլ աշխատանքային փաստաթղթեր, որոնք չեն արժանացել կողմերի հավանությանը և չեն կարող ունենալ իրավական հիմք։ Դա արվում է բացառապես սեփական հիմնազուրկ քայլերը հիմնավորելու համար»։

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցությունից էլ հիշեցրին՝ Փաշինյանը 2021 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Արցախի «անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին էր խոսում, հիմա հակառակը՝ դա անիրատեսական է համարում։

«Ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ջանք ու եռանդ չխնայելով համոզում էր, որ այն, ըստ իրենց, կեղծ է ու անիրագործելի», - հայտարարեց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Արցախի Ազգային ժողովը երեկ դիմեց նաև Հայաստանի ու Արցախի նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Հակառակ դեպքում, ինչպես հայտարարել են արցախցի օրենսդիրները, նախագահների լռությունը կդիտարկեն որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնության նշան։

Ազգային ժողովի այս կոչին արդեն արձագանքել են Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահները, Արցախի նախկին երկու նախագահները։

Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տարակուսելի է համարել Արցախի խորհրդարանի իրեն ուղղված պահանջը. - «Եթե ոմանք հիմա հանկարծ «անսպասելիությունից անակնկալի են եկել» և ինձնից նոր հայտարարություն են պահանջում, առնվազն տարակուսելի է»։

Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր հերթին, արցախցի պատգամավորներին քննադատեց. - «Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում»:

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով. - «ՀՀ գործող իշխանությունների պահվածքն ու դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի համար ճակատագրական հարցերում Ադրբեջանի ցանկություններին անվերապահ ենթարկվելու տրամաբանությամբ, անընդունելի են»։

Արցախի նախկին նախագահները հայտարարել են, որ Արցախը չի ընդունելու այն մոտեցումները, որոնք ներկայացվել են Փաշինյանի կողմից։

Հայաստանի գործող նախագահն ու առաջին նախագահն առայժմ չեն արձագանքել խորհրդարանականների պահանջին։

Այսօր, ի դեպ, սպասվում է Արցախի նախագահի ուղերձը։ Նրա աշխատակազմից «Ազատությանը» հայտնել էին, թե Արայիկ Հարությունյանն անդրադառնալու է ներքին ու արտաքին հարցերի։ Ուղերձը, սակայն, մինչ այս պահը չի հրապարակվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG