Մատչելիության հղումներ

Փաշինյանը շատ պարզ հայտարարեց՝ պատրաստ է հանձնել Արցախը. Տիգրան Աբրահամյան


Հայաստանյան ընդդիմադիր խորհրդարանական, արտախորհրդարանական և Արցախի քաղաքական ուժերն անընդունելի են համարում Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությունը։

Խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ Հայաստանի վարչապետի խոսքն այսօր ուղղված էր հասարակության հենց այն հատվածին, որը դեռ փորձում էր կուրորեն հավատալ, թե Փաշինյանն Արցախը չի հանձնելու։ Ըստ Աբրահամյանի, իրականում նոր բան չասելով, Փաշինյանն այսօր պարզապես բացեց փակագծերը և հանրության բոլոր հատվածների համար շատ պարզ հայտարարեց՝ պատրաստ է հանձնել Արցախը։

Հայաստանի վարչապետն այսօր առաջին անգամ հստակ հայտարարեց՝ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը, որի մեջ, նրա խոսքով նաև մտնում է Արցախը։

«Հենց միայն այն հանգամանքը, որ Հայաստանում կա իշխանություն և Հայաստանում կա քաղաքական գործիչ, որն այդպես հասարակ տեքստով, շատ հանգիստ խոսում է Արցախի հանձնման մասն, սա ինքնին խոսում է այն մեծ ողբերգության և աղետի մասին, ինչն առկա է այսօր Հայաստանի Հանրապետությունում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Արցախում անընդունելի են համարում Փաշինյանի հայտարարությունները

Պաշտոնական Ստեփանակերտն առայժմ չի արձագանքել Հայաստանի վարչապետին։

Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավարը, սակայն, նշեց՝ անընդունելի են համարում Փաշինյանի հայտարարությունները։ Արթուր Հարությունյանն ասում է, թե չգիտի՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում, այն դեպքում, երբ դա չանելու համար, պատգամավորի գնահատմամբ, ունի իրավական ու միջազգային հիմքեր։ Իշխող խմբակցության ղեկավարն անընդունելի է համարում նաև Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե նախկինները Արցախն արդեն ճանաչել էին Ադրբեջան կազմում։

«Եթե այդպես էր, ինչո՞ւ Ադրբեջանը այդ փաստաթղթերը այն ժամանակ չի ստորագրել», - հարցնում է Հարությունյանն՝ ընդգծելով, որ եթե Փաշինյանը ստորագրի նման փաստաթուղթ, ապա դա Արցախում հիմք չեն ընդունելու։

«Որ մեկը չի պատրաստվում այնպիս ստորագրված փաստաթղթ, որը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, էդ փաստաթուղթը հիմք ընդունել և դրանով առաջ շարժվել», - նշեց նա:

«Ազատության» հարցին՝ «եթե Փաշինյանը նույնիսկ այդպիսի փաստաթուղթ ստորագրի, դա ձեր համար առ ոչինչ է լինելո՞ւ», Հարությունյանը պատասխանեց. - «Մեր ինքնորոշման իրավունքի մասով, այո, որովհետև մենք չենք պատրաստվում մեր ինքնորոշման իրավունքի ճանապարհից շեղվել»:

Ըստ Աբրահամյանի, Փաշինյանի նկարագրած գործընթացը հանգեցնելու է նաև մի շարք տարածքների կորստի

Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի համոզմամբ՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց, անկլավների փոխանակման պատրաստակամությունից բացի՝ Փաշինյանի նկարագրած գործընթացը հանգեցնելու է նաև առաջին ղարաբաղյան պատերազմից հետո ձեռք բերված մի շարք տարածքների կորստի, ինչը ռազմական տեսանկյունից լուրջ սպառնալիք է պարունակելու Հայաստան համար։

«Որովհետև առաջնագծի ձևավորումը ենթադրել է տարբեր մարտավարական, ռազմավարական բարձունքների նկատմամբ վերահսկողություն, որը հայկական զինուժն առաջին պատերազմի՝ 90-ականների պատերազմի ժամանակ տարբեր ուղություններով իրացրել է: Նիկոլ Փաշինյանի նկարագրած այդ գործընթացը բերելու է նաև ռազմական տեսանկյունից իրերի բավականին մեծ, կտրուկ փոփոխությունների: Այսինքն՝ դա ենթադրում է ոչ միայն տարածքային զիջումներ Ադրբեջանին, դա ենթադրում է նաև ռազմավարական և մարտավարական բնույթի բարձունքների և տեղանքների կորուստներ», - ասաց Տիգրան Աբրահամյանը:

Եթե, ինչպես Փաշինյանն ասում է, Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, պատրաստ է Հայաստանում գտնվող մի շարք տարածքների, այդ թվում՝ Սյունիք տանող մայրուղու վրա գտնվող Տիգրանաշենի փոխանակմանը, ի՞նչ է ստանում այդ ամենի դիմաց Հայաստանը։ Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ ոչինչ։

«Եթե հայաստանյան նույն իշխանությունը, նրա քաղաքական ղեկավարը հայտարարում են, որ խաղաղության փաստաթղթի ստորագրումից մեկ օր հետ կամ մեկ շաբաթ հետո կարող է նոր պատերազմ լինել, դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը առանց որևէ երաշխիքի պատրաստակամ է և հանձնում է Արցախը և հանձնում է Հայաստանի Հանրապետության մեծ թվով տարածքներ, բայց դրա դիմաց որևէ երաշխիք պարզապես չի ստանում: Այսպիսի կանխատեսելի թշնամու պարագայում ակնկալել, որ կարող է լինել այնպիսի միջազգային երաշխիք, որ խաղաղություն ապահովի, պարզապես չի լինելու: Ադրբեջանը շանտաժի, ճնշման միջոցով հասել է նրան, որ Հայաստանը խաղաղ ճանապարհով գնում է ուղիղ հանձնման, ոչնչացման ճանապարհով, այլ բան ուղղակի այստեղ մեկնաբանելու հնարավորություն չկա: [Հանձնում են տարածքներ] ոչնչի դիմաց», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Փաշինյանի հայտարարություններն անընդունելի են նաև Հայ Ազգային կոնգրեսի համար

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և անկլավները վերադարձնելու մասին Փաշինյանի այսօրվա հայտարարությունները անընդունելի են նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ Ազգային կոնգրեսի համար։ Կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Հայ Ազգային կոնգրեսը օրերս արդեն հատուկ հայտարարությամբ դատապարտել է իշխանությունների ղարաբաղյան քաղաքականությունը և վերահաստատում են իրենց այդ դիրքորոշումը։

«Փաշինյանի այդ քաղաքականությունը համարում ենք անընդունելի և հակասող մեր ազգային շահերին», - ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG